«ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է»

Հարցազրույց ռուս քաղաքագետ, սյունակագիր Ստանիսլավ Տարասովի հետ

– Պարոն Տարասով, վերջին շրջանում ՀՀ իշխանությունները շփման գծում Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեցին։ Նախ` ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» կիրառելու հավանականության մասին։ ՀՀ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սարգսյանը նշեց. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի` կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»։ Իր հերթին` ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն օրերս ասաց, որ մինչև տարեվերջ երկրներից մեկը կճանաչի Արցախի անկախությունը։ Այս հռետորաբանությունն ինչպե՞ս կանդրադառնա շփման գծում Ադրբեջանի պահվածքի վրա։

– Այստեղ ես նույնիսկ չէի կենտրոնանա հենց ՀՀ հռետորաբանության վրա, քանի որ նախորդ տարվա վերջին Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևն իր նախարարական կաբինետի հետ նիստի ընթացքում հայտարարեց, որ Ադրբեջանի վրա ճնշումներ են բանեցվում Ղարաբաղի անկախության ճանաչման նպատակով, որ կան դիվանագիտական կանոններ, որ իրենք չեն կարող հանրայնացնել։ Իհարկե, նա չմատնանշեց այն պետության անունը, որը ճնշումներ է բանեցնում։ Սրանից բացի, նա հայտարարեց, որ թույլ չի տա տարածաշրջանում երկու հայկական պետությունների ձևավորում։ Ալիևը պետք է ինչ-որ մի երկրի մեկ հրապարակային հայտարարություն մատնանշի, իհարկե, բացի Ուրուգվայից, որը հայտարարել է Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին։

Կներեք, պարոն Ալիևը հենց ինքն է անձնապես ջանքեր ներդրել, որպեսզի առաջ մղի Արցախի անկախության դիսկուրսի տրենդը։ Ներկայումս Նալբանդյանը ֆիքսում է այդ դիրքորոշումը` խոսելով դրա հնարավորության մասին։ Դուք գիտեք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ Կառավարությունը նախագիծ կազմեց Արցախի ճանաչման մասին, ապա այն փոխանցեց խորհրդարանին, բայց նախագիծն այնտեղ էլ մնաց։ Սա այն ժամանակ դիտարկվեց` որպես Ադրբեջանի նկատմամբ ճնշման միջոց, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները` անցում կատարելով բանակցային գործընթացին։

Դրանից հետո ամերիկացիների ճնշումների ներքո ադրբեջանցիները բանակցությունների մեջ մտան Վիեննայում, ապա դա շարունակեցին Սանկտ Պետերբուրգում, ընդունվեցին վիեննական և պետերբուրգյան համաձայնագրերը, իսկ ներկայումս պարզվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել դրանց ներքո, ըստ էության, խափանել է նաև Մոսկվայում կրկին Պուտինի միջնորդությամբ կազմակերպվելիք նախագահական հանդիպումը, բանակցությունները հայտնվեցին փակուղում, բանակցությունները խզված են։

Նալբանդյանի հայտարարությունը պետք է դիտարկել, առաջին հերթին, անկախության ուղղությամբ տրենդի շարունակություն, կրկնեմ, որը բարձրաձայնվել էր նախագահ Ալիևի կողմից, իսկ երկրորդ հերթին` սա ճնշման միջոց է բանակցային գործընթացի վերսկսման նպատակով։ Փաստորեն, դիվանագիտական բոլոր կանոնների համաձայն` Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան։

– Այս հայտարարությունները միտված են զսպմանը, բայց կզսպե՞ն արդյոք Ադրբեջանին այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը շփման գծում, կազմակերպում հարձակումներ մի քանի ուղղություններով։

– Անհանգստացնող մարտեր տեղի են ունենում, տեղի են ունենալու։ Բայց ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է։ Ադրբեջանը միայնակ չի համարձակվի պատերազմի գնալ, դա միանշանակ է։ Եթե անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին, ապա ներկայումս ինքն է պայքարում իր տարածքային ամբողջականության համար, քանի որ, եթե Ադրբեջանն ունի ԼՂ հակամարտություն, ապա Թուրքիան էլ այսօր գերզբաղված է քրդական հարցով, իսկ ԱՄՆ-ը այսօր Մերձավոր Արևելքում քրդական պետության ստեղծման նախագիծ է առաջ մղում։ Հասկանո՞ւմ եք` դիվանագիտությունը պարտվել է։ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը կամ դրա այն հատվածը, որը չի կարողանում ռեսուրսներ գտնել Ղարաբաղի հայերի հետ բանակցությունների դուրս գալու համար, մի օր դատվելու է ոչ միայն Միջազգային դատարանի, այլև պատմական դատի կողմից, նրանք իրենց համար այս ապագան ապահովել են։

– Ինչո՞ւ եք բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը, երբ շփման գծում հարձակումներ են կազմակերպվում, որոնք կարող են նույնիսկ սխալի արդյունքում վերաճել լայնածավալ գործողությունների։

– Բացառում եմ, որովհետև չկան շահագրգիռ արտաքին խաղացողներ։ Ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ ԱՄՆ-ը, Ռուսաստանին ընդհանրապես պատերազմ հարկավոր չէ, Եվրոպան ինքն է խորտակվում։

– Ակնհայտ է, որ նախագահական հանդիպում կազմակերպելու պուտինյան ծրագրի տապալումից հետո Ռուսաստանն այլ ծրագրեր ևս ուներ` նախարարական հանդիպումների, և այլն, որոնք տապալվեցին, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում ընդունել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, միևնույն ժամանակ` պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Մինսկի խմբին այլընտրանք չկա` կարծես փորձելով դուրս չգալ այս ձևաչափից այս փուլում։ Ներկայումս ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը։

– Մոսկվան ևս մեկ անգամ հաստատեց, որ Ղարաբաղյան ուղղությամբ ռազմական գործողություններն անընդունելի են։ Պետք չէ ինչ-որ բաներ հորինել, կան փաստաթղթեր, դրանք շատ չեն, բայց կան, դրանք մշակված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, կան նախագահական հայտարարություններ, Ալիևն ու Սարգսյանն ավելի քան 10 գագաթաժողով են ունեցել։ Ադրբեջանը չի ընդունում, բայց մասնակցել է վիեննական և սանկտպետերբուրգյան համաձայնագրերի կազմմանը, որը ենթադրում է շփման գծում մոնիտորինգային համակարգերի տեղադրում և միջազգային դիտորդների տեղակայում, Կասպրչիկի առաքելության ընդլայնում, իսկ այս ամենը թույլ կտա խոսել այն մասին, թե ով է առաջինը սկսում պատերազմը, դրանից հետո կողմերը հնարավորություն կունենան դուրս գալ ավելի լայն բանակցային գործընթացի Մադրիդյան սկզբունքների հիմքի վրա, որը, բացի տարածքների վերադարձի և այլ հարցերից, դիտարկում է Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և հանրաքվեի անցկացում։ Ահա այսքանը։

Ներկայումս անհասկանալի իրավիճակ է. եթե ադրբեջանական կողմը համաձայն չէր ընդունել այս պայմանները, ապա ինչո՞ւ էր մասնակցում բանակցություններին այդ մեխանիզմների շուրջ, ինչո՞ւ էր մասնակցում բանակցությունների Մադրիդյան սկզբունքների շուրջ, ո՞ւմ էին նրանք փորձում մոլորեցնել և խաբել, իսկ հիմա խոսում են ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի մասին, պայմաններ են առաջադրում, պահանջում ազատել տարածքներ, որից հետո նոր «կխոսեն»։ Քաղաքագիտության մեջ կա մի կանոն` եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում` բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ։

– Այնուամենայնիվ Ադրբեջանին հաջողվում է մոլորեցնել և խափանել գործընթացը, քանի որ միջնորդներն ազդեցության, ճնշման լծակների մանդատ չունեն, նման ընդհատակյա գործառույթ ևս, ըստ ամենայնի, չեն իրականացնում։

– Ինչո՞ւ չունեն, միջնորդները ճնշումներ բանեցնում են։ Ադրբեջանի ներկայիս արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանախագահները պայմաններ են առաջադրում` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունների կատարում։ Սրանք չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը չափազանց մեծ վախ ունի, որ իրեն ԵԱՀԿ-ն կմեղադրի հրադադարի խախտման մեջ, այդ դեպքում գիտե՞ք` ինչ կլինի. կսկսվեն պատժամիջոցներ, Ադրբեջանը կհայտարարվի ագրեսոր, կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ ԱԽ-ում ագրեսորի դեմ բանաձև կարող է ընդունել։ Մինսկի խումբն այսօր այս սցենարով վախեցնում է Ադրբեջանին` փորձելով կողմերին իրավաբանորեն պարտավորեցնող լիազորությունների շրջանակ ուղղորդել։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօր` բոլորն են խոսում Արցախի անկախության ճանաչման մասին, պարզ է, չէ՞, որ դա Ստեփանակերտի համար դրական նշան է։

Տեսանյութեր

Լրահոս