Արցախի շուրջ գործընթացն ակտիվացնում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում լուրջ ակտիվություն է նկատվում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ նրանք փորձում են կողմերի դիրքորոշումները «մոտեցնել»: Այս հարցում հիմնական նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ՌԴ-ն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համաձայնությամբ: Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ, քննարկումների հիմնական թեման եղել է ԼՂ խնդիրը:
Մարտի 6-7-ը Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Լավրովի հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի քննարկումների թեման եւս վերաբերելու է ԼՂ խնդրին: Մարտի 14-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Մինչև Մոսկվա մեկնելը՝ մարտի 8-9-ը, Սերժ Սարգսյանը լինելու է նաև Փարիզում: Նրանից մեկ շաբաթ հետո Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի Իլհամ Ալիևը:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ և՛ Սարգսյանի, և՛ Ալիեւի հանդիպումների ժամանակ քննարկվելու է ԼՂ խնդիրը: Հատկանշական է նաև այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ԼՂ խնդրի մասին, երեկ հայտարարել է. «Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է բացառապես խաղաղ միջոցներով արցախյան հակամարտության կարգավորմանը: Այդ սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է, այդ թվում՝ փաստաթղթով»: Միաժամանակ երեկ ԼՂ խնդրի մասին հոդված է հրապարակել ամերիկյան Startfor վերլուծական ընկերությունը՝ գրելով. «Որպես Կովկասում գլխավոր ուժ՝ Ռուսաստանն իր ձեռքում է պահում բանալին»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։