«Բա հետո՞». Հրանտ Թոխատյան
«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը դերասան Հրանտ Թոխատյանի հետ
-Պատանեկան տարիքի ի՞նչ խնդիրների հետ եք առնչվում և ի՞նչ լուծումներ եք գտնում:
– Ես ու աղջիկս լավ ընկերներ ենք, և իմ բախտն այդ առումով բերել է: Լիլիթը շատ խելացի աղջիկ է, և մենք դեռևս ոչ մի տարաձայնություն չենք ունեցել: Մեր ընտանիքում ընդունված է, որ երբ որևէ հարց ենք քննարկում, ապա միշտ լսում ենք նաև Լիլիթի կարծիքը և հաշվի ենք առնում:
-Դուք կո՞ղմ եք երեխաների քրիստոնեականական դաստիարակությանը:
-Այո, իհարկե, կողմ եմ, քանի որ մենք քրիստոնյա երկիր ենք: Դաստիարակությունը պետք է ոչ թե ստիպողաբար լինի, այլ պետք է փորձենք երեխային բերել նրան, որ ինքը սկսի դրանով հետաքրքրվել:
Լիլիթը 4 տարեկան էր, երբ մանկական Աստվածաշունչ նվեր ստացավ, սկզբում բնականաբար նրան գույներն ու նկարներն էին հետաքրքրում: Երբ տատիկը նրա համար սկսեց կարդալ, նա չէր ուզում լսել, քանի որ այդ տարիքում նրան խաղերն ավելի էին գրավում: Որոշեցինք հեքիաթի նման պատմել ու կիսատ թողնել, որ նա ասի՝ բա հետո՞:
Մենք էլ ասում էինք, թե հետոն այդ գրքում է, եթե լսես՝ կիմանաս: Մենք այդ ճանապարհով Լիլիթի մեջ սերմանեցինք սերը դեպի կրոն: Հիմա արդեն նրան հետաքրքրում է, թե ինչու են խաչակնքվում եկեղեցի մտնելուց առաջ, մոմավառության, մկրտության արարողությունները և բոլոր ծիսակատարությունները:
– Ի՞նչ եք կարծում, երեխայի քրիստոնեականական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներո՞ւմ պետք է ձևավորել, թե՞ տանը:
-Այո, դպրոցում նրանք ունենում են կրոնի դասեր, բայց չեմ կարծում, որ դա բավարար է: Կրոնական դաստիարակությունը երեխայի մեջ պետք է ձևավորել միասնաբար՝ և տանը, և դպրոցում: Այդպես ավելի ճիշտ կլինի և մեկը մյուսին կլրացնի: Այն քրիստոնեական գաղափարներն ու հիմքը, որ այսօր ունի Լիլիթը, միայն դպրոցից չէր ստանա:
– Իսկ եթե դպրոցներում կան այլ կրոնի հետևորդներ, ապա ո՞վ պետք է զբաղվի նրանցով:
-Սա շատ նուրբ հարց է, քանի որ կապված է դեռահասների հետ: Երբ երեխան տանը մի բան է տեսնում և լսում, դպրոցում՝ այլ բան, նա այլայլվում է: Կարծում եմ՝ նախ և առաջ պետք է հանդիպել ծնողների, դասավանդող ուսուցչի հետ, որպեսզի այդ ամենը ճիշտ կազմակերպվի և վատ ազդեցություն չունենա ոչ մի երեխայի վրա:
– Հաճա՞խ եք ձեր երեխայի հետ մասնակցում կրոնական ծիսակատարությունների:
-Որքան որ ժամանակս թույլ է տալիս: Բայց տատիկի հետ հաճախ է լինում:
-Գործի բերումով շատ եք լինում Մոսկվայում, ծանո՞թ եք, թե այնտեղ ինչպե՞ս է այդ հարցը լուծվում, ինչպես են նրանք վերաբերում այդ խնդրին:
-Երբևէ չեմ քննարկել այդ հարցը: Գործընկերներիս խոսքով՝ ներկայումս Ռուսաստանում, հատկապես երիտասարդության շրջանում, ակտիվացել է վերադարձն իրենց կրոնին և այցելությունները եկեղեցիներ: Իսկ այ, վրացիները շատ ավելի բարեպաշտ են: Անգամ նկարահանումների ժամանակ նրանք խնդրում են ժամերը փոխել, որովհետև պետք է մասնակցեն ծիսակատարությունների:
Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը