Բաժիններ՝

«Այժմ պատրաստ չեմ խոսել բյուջեից». Կարեն Ղազարյան

«Շարմ Հոլդինգը», «Երևան Մոլի» և «Կինոպարկի» հետ համատեղ, «Sharming since 1991» կարգախոսի ներքո կազմակերպում է «Շարմ Հոլդինգի» նկարահանած ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Կցուցադրվեն «Անահիտ» մուլտֆիլմը, «Poker.am», «Պահանջվում է միլիոնատեր», «Քայլ ձիով» ֆիլմերը: Այդ մեկ ամսվա ընթացքում «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում և «Կինոպարկում» կհնչեն «Շարմ Հոլդինգում» ձայնագրված երգերը:

Մեկամսյա ցուցադրությունների ընթացքում կինոսերների համար ամեն օր կազմակերպվելու է ֆոտոմրցույթ:

Մասնակիցներն օգտագործելով #sharmholding25, #sharming25, #weare25, #sharm25, #kinopark, #YerevanMall հաշթեգը՝ իրենց լուսանկարը պետք է տեղադրեն Facebook-յան էջ, և ամենաշատ like հավաքած լուսանկարի հեղինակն օրվա վերջում կարժանանա մրցանակի: Հատուկ լուսանկարվելու համար ստեղծվել է երևանյան անկյուն, որը տեղակայված է «Կինոպարկի» մուտքի մոտ:

«Շարմ Հոլդինգի» հիմնադիրների որոշումով, ֆիլմերի ցուցադրություններից ստացված «Շարմ Հոլդինգի» հասույթը կփոխանցվի «Մասնակից եմ» բարեգործական հիմնադրամին, որի հիմնական ուղղվածությունն է՝ աջակցել Արցախաադրբեջանական պատերազմից տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Նախագծի մեկնարկը՝ դեկտեմբերի 24-ից:

Միջոցառումների շարքի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր: Հատուկ լրագրողների համար ցուցադրվեց «Շարմ Հոլդինգի» նոր նախագծից՝ «Ես իմ անուշ Հայաստանիից», երկու նովել՝ Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Հայրը» և Արշալույս Հարությունյանի «Մեղրամիսը»:

Կինոդիտումներից առաջ «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց «Ես իմ անուշ Հայաստանի» նախագծի մանրամասները:

«Այսօր արդեն 25 տարեկան ենք և այդ 25 տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրագործել, որոնց մեջ իր ուրույն տեղն է գրավում ֆիլմարտադրությունը: Այսօր գտնվելով «Կինոպարկում», մենք էքսկլյուզիվ տարբերակով ձեզ ենք ցուցադրում մեր նոր՝ «Ես իմ անուշ Հայաստանի»  նախագծից երկու ֆիլմ՝ նովել:

«Ես իմ անուշ Հայաստանին» գեղարվեստական ֆիլմ է, որը բաղկացած է 6 նովելներից: Նվիրված է… Դժվար է ասել: Նվիրված է «Շարմի» 25-ամյակին, Անկախության 25-ամյակին, մեր երկրին, ապրիլյան պատերազմի այն երիտասարդներին, ովքեր իրենց արյունով պաշտպանեցին մեր անկախությունը, մեր հայրենիքը: Հայաստանին է նվիրված այս նախագիծը: Եվ այն հնարավորություն է տվել 6 տարբեր ռեժիսորների՝ իրենց վերաբերմունքն արտահայտել իրենց հայրենիքի հանդեպ: Ամեն նովելի հիմքում մի պատմություն է՝ մեկը սիրո մասին է, մյուսը՝ հայր-որդի հարաբերությունների, հաջորդը՝ պատերազմի… Մի խոսքով, շատ բազմաբնույթ  նովելներ են, բայց հիմքում վերաբերմունքն է մեր հայրենիքի հանդեպ:

Ֆիլմի ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Արշալույս Հարությունյանը, Էդգար Բաղդասարյանը, Արեն Մալաքյանը, Մհեր Մկրտչյանը և Արամ Շահբազյանը:

Այսօր ձեզ կցուցադրենք երկու նովել՝ Հրաչ Քեշիշյանի «Հայրը» և Արշալույս Հարությունյանի «Մեղրամիսը»: Ի դեպ, այս ֆիլմերը դեռ վերջնական տարբերակում չեն: Այնպես որ, մեզ համար կարևոր է, թե ինչ կարծիքներ կհայտնեք դուք վերջում: Վերջնական տարբերակով ֆիլմը պատրաստ կլինի միայն հաջորդ տարի: Այդ իսկ պատճառով ասում եմ, որ այսօրվա ցուցադրությունն էքսկլյուզիվ է»,- նշեց Կ. Ղազարյանը:

Հարցին, թե 25 տարիների ընթացքում «Շարմ Հոլդինգի» ստեղծած բոլոր նախագծերից ո՞րն է եղել ամենահաջողվածը, Կարեն Ղազարյանը պատասխանեց.

«Նախ՝ պետք է նշեմ, որ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ հայտնում: Այս 25 տարիների ընթացքում ամենակարևոր նախագիծն ինձ համար «Ես սիրում եմ իմ երկիրը» երգն է՝ իր տեսահոլովակով: Այն առաջին հայացքից՝ շատ պարզ ու հասարակ աշխատանք կարող է թվալ, բայց այն մեզանից յուրաքանչյուրի սրտից է խոսում: Եվ եթե չլիներ այդ մոտեցումը մեր երկրի, մեր պետության նկատմամբ, երբևիցե հնարավոր չէր լինի այստեղ ապրել, որևէ բան ստեղծել և գնալ առաջ»:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել 6 նովելների ռեժիսորները, Կ. Ղազարյանը պատասխանեց.

«Բոլոր այն ռեժիսորներին, որոնք այսօր ստեղծագործում են Հայաստանում, մենք կոչ ենք արել, որ բոլորը ներկայանան իրենց փոքրիկ պատմություններով, իրենց վերաբերմունքով: Մենք միայն մեկ խնդիր ենք դրել նրանց առջև, որ ֆիլմը պետք է լինի Հայաստանի մասին: Մեզ համար կարևոր էր, որ լիներ հետաքրքիր մոտեցում և պատմություն և սեր: Շատ հնարավոր է, որ հայտնվեն ևս 2 ռեժիսոր՝ իրենց նովելներով, որոնք դեռ կնկարահանվեն»:

Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն՝ Կ. Ղազարյանը պատասխանեց.

«Այժմ պատրաստ չեմ խոսել բյուջեից, քանի դեռ նախագիծն ավարտված չէ: Երբ ֆիլմը հանձնենք հանդիսատեսի դատին, նոր կկարողանանք նաև բյուջեից խոսել»:

Ցուցադրված երկու ֆիլմերը՝ յուրաքանչյուրը գրեթե 15 րոպե տևողությամբ, տարբեր էին թեմաներով, սակայն ընդհանուր էր ասելիքը՝ կարևոր է մարդը, իսկ մնացածն անցողիկ է: Առաջին ֆիլմի հերոսները կարող էին լինել ցանկացած ազգի ներկայացուցիչներ, քանի որ համամարդկային էր ֆիլմի միտքը: Ամենօրյա խելահեղ վազքի մեջ, ապրելով մեր իսկ սահմանած արագությամբ և ռիթմով, շատ հաճախ մոռանում ենք ամենաթանկ մարդկանց մասին: Եվ միայն հարազատ մարդուն կորցնելու գիտակցումն է սաստում այդ վազքն ու ստիպում կանգ առնել… Եվ մենք կարող ենք համարել մեզ «փրկված», եթե կյանքը դեռ հնարավորություն է տալիս ասելու կարևորը:

Երկրորդ՝ «Մեղրամիս» ֆիլմի նորապսակները հայտնվում են զավեշտալի իրավիճակում, որը հնարավոր է միայն Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների օրերին: Ընտրաթերթիկի փոխարեն՝ պատահաբար անձնագիրը նետելով արկղի մեջ, ֆիլմի հերոսուհին զրկում է իրեն և ամուսնուն Փարիզ՝ մեղրամսի մեկնելու հնարավորությունից: Այդ պահից ի վեր սկսվում է իրական խառնաշփոթ, որի ավարտին երանելի Փարիզի Էյֆելյան աշտարակը հայտնվում է Երևանյան շենքերից մեկի տանիքին: Թեպետ Երևանյան Էյֆելյան աշտարակն ընդամենը ծիրանի արկղերից էր պատրաստված, սակայն իրականում ի՞նչ տարբերություն, թե որտեղ է սկսվում մեղրամիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս