Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրումը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
«Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից Սուսաննա Գասպարյանը:
2015 թվականին կատարված աշխատանքների և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկույց ներկայացրին «Օքսֆամ Հայաստան» ընկերության ծրագրերի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Սեյվ դը Չիլդրեն» ընկերության ծրագրերի համակարգող Սիրանուշ Վարդանյանը և «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան: Առաջարկվեց ստեղծել սոցծառայողի ինստիտուտ, որը սիրիահայերի հետ աշխատող բանիմաց և պատրաստակամ կադրեր կպատրաստի:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի, «Օքսֆամ Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունների, «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի համակարգված, բարեխիղճ աշխատանքը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ նախարարը նշեց, որ եկեղեցու և հասարակական կառույցների միջոցով առայժմ հաջողվում է լուծել կրթական հարցերը:
«Հալեպում գործում է վեց վարժարան, մոտ 200 դպրոցահասակ երեխա կա: Հայերը տեղաշարժվում են դեպի Լաթաքիա, Քեսաբ: Պետք է մեր օգնությունը այնպես կազմակերպենք, որ եթե մեր հայրենակիցները որոշեն Հայաստան տեղափոխվել, կարողանանք լուծել նրանց կեցության, աշխատանքի, ուսման, սոցիալական հարցերը: Իմ խնդրանքն է գերատեսչությունների, կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներին՝ սրտացավորեն վերաբերվել ու սպառիչ, ուղղորդող պատասխաններ տալ սիրիահայերի դիմումներին, նամակներին, խնդրանքներին:
Մեր բոլորի խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք Հայրենիքում հաստատվեն, արագ ինտեգրվեն: Ու նաև վստահ եմ, որ եթե յուրաքանչյուր խոշոր կառույց կարողանա մեկ սոցիալական տուն կառուցել սիրիահայերի համար, շատ մեծ օգուտ կլինի: Պետք է շարունակենք միասին աշխատել: Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար»,- հավելեց Սփյուռքի նախարարը: