«Բեսեդկաներում թրև մի՛ եկեք». Եղիշե Պետրոսյանի կոչը՝ հանրահավաքին չմասնակցող, անտարբեր քաղաքացիներին
«Այստեղ կանգնած՝ մտածում էի՝ ի՞նչ եմ անում այստեղ: Եթե լինեի իմ երազած երկրում, երևի թե պետք է երգ գրեի, թոռնիկներով խաղայի ու մտածեի` ի՞նչ հետաքրքիր նոր բան անել վաղը… Ցավոք սրտի, ես ապրում եմ Քաջ Նազարի երկրում` գյադե՛ք, այս կողմ անցեք, գյադե՛ք` այն կողմ: Անընդհատ: Սա ինձ հոգնեցրել է: Իմ արժանապատվությունը վաղուց վիրավորված է: Ես ուզում եմ շատ արժանապատիվ ապրել: Երբ գնում եմ ուրիշ երկիր, ուզում եմ հպարտ ասել` ես Հայաստանից եմ: Արդեն ռուսներն են մեզ վրա ծիծաղում: Իրենց գարշելի երկիրը թողած` ծիծաղում են մեզ վրա»,- քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքի ընթացքում ունեցած իր ելույթում ասաց «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը:
Նա նշեց, որ ուզում է դիմել Ներքին զորքերի անձնակազմի անդամների մայրերին, կանանց, երեխաներին. «Ժողովուրդ, մենք մի ազգ ենք, և մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի բոլորս արժանապատիվ ու լավ ապրենք, երկրում չտեսնենք արդեն մուտանտի կերպարանք ընդունած մարդկանց` անատամ, անթրաշ»:
«Ի՞նչ պետք է անի մարդը, որին անընդհատ արհամարհում են, նվաստացնում են. պետք է անպայման ըմբոստանա: Երբ սպառվում են բոլոր խաղաղ միջոցները, մարդ արդեն գնում է ծայրահեղ քայլերի: Մենք այսօր դրա ականատեսն ենք»,- ասաց Եղիշե Պետրոսյանը` նշելով, որ գիտեր՝ սա անպայման պետք է տեղի ունենա:
Ըստ նրա` մեր գլխավոր դժբախտությունը ժողովրդի զարմանալի անտարբերությունն է:
Եղիշե Պետրոսյանն ասաց, որ այս օրերին Խորենացի փողոցում լինելով` ինքը ռիսկի է գնում, քանի որ, իր համոզմամբ՝ հանրահավաքում ելույթ ունենալու համար իրեն հետապնդելու են, իսկ իր անտարբեր հայրենակիցները՝ նրանք, ովքեր չեն միանում հանրահավաքի մասնակիցներին, «բեսեդկաներում թրև են գալիս».
«Քանի որ այս տոտոլիտար երկրում ոչինչ աննկատ չի անցնում՝ անպայման կլինեն հետապնդումներ և լինում են: Անպայման նեղություն կկրեն այն մարդիկ, որոնք այստեղ խոսում են, կանգնած են: Իսկ այն մասսան, մեր այն հայրենակիցները, որոնք կորցնելու ոչինչ չունեն` բացի իրենց աղքատությունից, բեսեդկաներում թրև են գալիս… Ես արդեն կատաղում եմ, երբ որ տեսնում եմ` պապը, տղան և թոռն իրար հետևից ժառանգաբար բեսեդկայի տեղն են իրար փոխանցում: Ժողովուրդ, դա՞ է ձեր հայրենիքը: Ո՛չ, խելքի՛ եկեք: Անտարբերությունը մեզ հեռու չի տանի: Մենք պարտավոր ենք ստեղծել հրաշալի երկիր»: