«Միջին Արևելքի հայ համայնքների պատմության «ոսկեդարը», կարելի է ասել, ավարտված է». Արաքս Փաշայան

Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանն այս տարվա մայիսի 22-24-ը Բեյրութում մասնակցել է Հայկազյան համալսարանի կազմակերպած «Հայերը Հորդանանում» գիտաժողովին: 168.am-ը զրուցել է արաբագետի հետ գիտաժողովի, Միջին Արևելքի հայկական համայնքների խնդիրների և այլ հարցերի մասին:

Տիկին Փաշայան, վերջին շրջանում Միջին Արևելքի երբեմնի ծաղկուն ու բարգավաճ հայ համայնքները բախվել են մի շարք խնդիրների, ի հայտ են եկել հայապահպանությանն ուղղված նոր մարտահրավերներ: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, արդյո՞ք «Արաբական գարնան» դեպքերը նպաստեցին դրան:

– Միջին Արևելքի հայ համայնքների պատմության «ոսկեդարը», կարելի է ասել, ավարտված է, չնայած` մեր համայնքներն այսօր էլ ուժ են ներկայացնում, ամեն կերպ ձգտում են հարազատ մնալ իրենց կրոնական, ազգային ավանդույթներին և ինքնությանը, նաև որոշակի գործոն են Հայաստանի և Միջին Արևելքի մի շարք պետությունների հետ հարաբերություններում: Հայոց ցեղասպանությունից և Կիլիկիայի հայաթափումից հետո, վիթխարի ջանքերի շնորհիվ՝ Մերձավոր Արևելքը դարձավ ոչ միայն՝ հայկական ազգային կառույցների ակտիվ գործունեության, այլև՝ հայկական հոգևոր և նյութական մշակույթի զարգացման հարթակ:

Սակայն, 1950-60-ականներից ի վեր, Միջին Արևելքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական, սոցիալական և հասարակական ցնցումները սկսեցին բացասական հետևանքներ ունենալ հայ համայնքների վրա՝ նպաստելով հայերի արտագաղթին: Կարելի է առանձնացնել պաղեստինաիսրայելական հակամարտությունը, Գամալ Աբդել Նասերի իշխանության գալը Եգիպտոսում (1954-1970), Լիբանանի քաղաքացիական պատերազմը (1975-1990), Իրանի 1979 թ. իսլամական հեղափոխությունը, 1991 թ. Իրաքի կողմից Քուվեյթի բռնազավթումը, Իրաքի, Սիրիայի՝ վերջին շրջանի դեպքերը, և այլն: Կային այլ շարժառիթներ ևս՝ կապված դրսում որակյալ կրթություն ստանալու, աշխատանք գտնելու, գործարարությամբ զբաղվելու հետ, և այլն: Այնպես որ, «Արաբական գարնան» դեպքերը միայն արագացրեցին զարգացումները: Մինչ այդ էլ հայերի թիվը տարածաշրջանում սկսել էր զգալիորեն նվազել, ինչը համայնքներին ուղղված ամենածանր հարվածներից է:

Խոսենք Հայկազյան համալսարանի կազմակերպած գիտաժողովի մասին: Հայտնի է, որ Հայկազյանը սկսել է Միջին Արևելքի տարբեր համայնքների մասին գիտաժողովների շարք, որն արդեն ավանդական է դառնում: Դրան նախորդել էին Լիբանանին և Սիրիային նվիրվածները: Առաջիկայում նախատեսվում է իրաքահայ համայնքի վերաբերյալ գիտաժողով: Ի՞նչ կպատմեք վերջին գիտաժողովից, ովքե՞ր էին մասնակցում դրան:

– Գիտաժողովը կազմակերպել էր համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը՝ ի դեմս տնօրեն դոկտ. Անդրանիկ Տագեսյանի: Դրան մասնակցում էին թե՛օտար, թե՛ հայ ուսումնասիրողներ, ինչպես նաև՝ Հորդանանի հայ համայնքը ներկայացնող պատվիրակներ, ինչը հնարավորություն տվեց տարբեր կողմերից քննության ենթարկել Հորդանանի հայ համայնքի անցյալի և ներկայի պատմությունը, որը, ի դեպ, բավական քիչ է ուսումնասիրված: Գիտաժողովը, կարծում եմ, կնպաստի Հորդանանի հայ համայնքի պատմության ակադեմիական ուսումնասիրություններին: Հայաստանից գիտաժողովին մասնակցում էինք ես և ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասպիրանտ Հրածին Վարդանյանը:

Հայկական մամուլը բավականին քիչ է անդրադառնում Հորդանանի հայ համայնքի խնդիրներին. ինչպե՞ս կներկայացնեք Հորդանանի արդի հայ համայնքը:

– Հորդանանի հայ համայնքը պատկանում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը: Ծանրակշիռ հատվածը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն են, ավելի փոքր մաս են կազմում հայ կաթոլիկները: Կան երեք եկեղեցիներ. առաքելական ուղղվածությամբ՝ երկու (Ս. Թադևոս, Ս. Կարապետ), և մեկ կաթողիկե: Ս. Թադևոս եկեղեցու շրջանակներում գործում է վեցամյա Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանը, որը մեծ դեր ունի հայապահպանության հարցում: Հորդանանի հայերը վայելում են թե՛ Հաշիմյան իշխող թագավորական ընտանիքի, և թե՛ հասարակության համակրանքը:

Հայերը լավ համարում ունեն, ներգրավված են երկրի տնտեսական և հասարակական կյանքում՝ մեծ փորձառություն ունենալով մի շարք արհեստների ու արվեստների ոլորտներում: Պետության կողմից ճանաչված են՝ որպես կրոնական փոքրամասնություն: Համայնքի թիվը մոտ 3000-ի շրջանակներում է: Ճնշող մեծամասնությունն ապրում է Ամմանում: Հայկական կառույցները գտնվում են Ամմանի Ջեբել Աշրաֆիե թաղամասում: Բավական ակտիվ են Ազգային Մարմնակրթական Միությունը (ԱՄՄ), որի շրջանակներում գործում է «Վատանի» մարզական ակումբը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ), որի շրջանակներում գործում է սկաուտների հանձնախումբը:

Գործում է կանանց երեք հանձնախումբ, որոնցից մեկը՝ դպրոցի, մյուսը՝ ԱՄՄ-ի շրջանակներում է, իսկ ՀՄԸՄ-ին պատկանող Հայ Օգնության Միությունը միակն է, որը գրանցված է պետության մոտ, և որի հիմնական կազմը կանայք են:

Իսկ ի՞նչ խնդիրներ ունի Հորդանանի հայ համայնքն այսօր:

– Հորդանանի հայ համայնքը բախվել է այնպիսի խնդիրների, որոնք բնորոշ են Սփյուռքի մնացած համայնքներին ևս: Հորդանանում այսօր գնալով դժվարանում են հայապահպանությանն ուղղված ջանքերը, նվազում են հայկական ակտիվության ծավալները, մեծանում են խառն ամուսնությունների, օտարալեզվության չափերը, հայկական կրթությունը դառնում է ոչ հրապուրիչ: Միևնույն ժամանակ, համայնքն ունի ակտիվ զանգված և շարունակում է հայ մնալ՝ միայն իր նվիրյալների շնորհիվ: Թե որքանով նոր սերունդը կշարունակի ավագ և միջին սերնդի գործը, դժվար է ասել:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր պետք է կամ կարող է ունենալ Հայաստանը՝ Միջին Արևելքի հայ համայնքներին նոր լիքցքեր հաղորդելու և հայապահպանությանն օժանդակելու հարցում:

– Ես հենց հիմա հիշեցի Հորդանանում համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի խոսքերը, ով իր հարցազրույցներից մեկում ասում է. «Սփյուռքը վիրավոր օրգանիզմ է, որի նկատմամբ պետք է հավուր պատշաճի ուշադիր լինել: Մենք Սփյուռքին միշտ էլ ինչ-որ բան ունենք տալու»: Իսկապես, կարիք կա, որպեսզի հիմա էլ Հայաստանը տեր կանգնի իր համայնքներին: Մանավանդ հայապահպանությանը նոր լիցքեր հաղորդելու տեսանկյունից՝ Հայաստանի դերն ուղղակի վճռորոշ է: Կարծում եմ՝ անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանն աջակցի հորդանանահայությանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների տեսանկյունից արդիականացնելով ազգային կրթական համակարգը:

Խոսքն առաջին հերթին՝ մեթոդաբանական օգնության, Հայաստանում հորդանանահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր դասագրքերի ստեղծման մասին է: Շահեկան կլինի նաև, եթե Հայաստանի պետական Հ1 հեռուստաալիքը ժամանակ առ ժամանակ լուսաբանի ՄիջինԱրևելքի, այդ թվում՝ Հորդանանի, հայ համայնքների ազգային կյանքի տարբեր ոլորտներ: Այս իրողությունը ոչ միայն՝ նոր լիցքեր կհաղորդի, այլև՝ կնպաստի Հայաստանի և Միջին Արևելքի հայ համայնքների հիմնախնդիրների ավելի ճիշտ ընկալմանը, հետևաբար և՝ լուծմանը: Միևնույն ժամանակ, ավելի մեծ թափ պետք է տալ Հայաստանում կազմակերպվող երիտասարդական մարզական ու մշակութային հանդիպումներին՝ կազմակերպելով նաև նույնանման մասնագիտություններ ունեցող մարդկանց հավաքներ, և այլն: Գիտեմ, որ հորդանանահայերն ակտիվորեն մասնակցում են «Արի տուն» ծրագրին: Անհրաժեշտ է մեծ շեշտ դնել երիտասարդների վրա: Ցանկալի կլինի նաև օգտագործել Հայաստանում սովորած և սովորող հորդանանահայ ուսանողների և Հորդանանում սովորած հայաստանցի ուսանողների ռեսուրսը՝ որպես կողմերին կապող օղակ:

Չնայած՝ «Արաբական գարնան» դեպքերը և «Իսլամական պետության» ստեղծումը Սիրիայի և Իրաքի տարածքներում կարծես թե չեն խարխլել Հորդանանի ազգային անվտանգության համակարգը, բայց արդյո՞ք նման մտավախություն չկա: Հնարավոր անցանկալի դեպքերն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հայ համայնքի վրա:

– Մինչ օրս իշխանությանը հաջողվել է զերծ պահել երկիրը ցնցումներից, սակայն ոչ մի պետություն չի կարող վերջնական երաշխիքներ ունենալ: Մի՞թե որևէ մեկը կարող էր կռահել, թե ինչ կպատահի Սիրիայում: Ամեն պարագայում, Մերձավոր Արևելքն այլևս նախկինը չէ, տարածաշրջանի անվտանգության համակարգը խարխլված է, մեծացել են կրոնական մոլեռանդության ու անհանդուրժողականության չափերը: Բնականաբար, ցանկացած ցնցում, ինչպես միշտ, բացասական ազդեցություն է ունենալու փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի վրա: Հուսանք, որ Հորդանանը զերծ կմնա անկայունությունից:

Տեսանյութեր

Լրահոս