Բաժիններ՝

«Մեր ինքնագիտակցության զարգացման համար հենման կետ պետք է դառնա Արցախը». ասում է Ռուբեն Վարդանյանի որդին

Repat Armenia-ն հարցազրույց է ներկայացրել բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի որդու հետ, ով ծառայում է Արցախի Պաշտպանության բանակում, իսկ ներկայում ոտքի վնասվածքի պատճառով աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ որպես ժամանակավոր օգնական: Լրագրողի հարցին, թե ում որոշումն է եղել Արցախում ծառայելը, Դավիթը պատասխանել է, որ իր հոր կարծիքը, անկասկած, իր համար մեծագույն նշանակություն ունի, սակայն հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ իր կյանքի այդ ժամանակահատվածում ճգնաժամային անորոշություններ կային, և վերջնական որոշումը կայացրել է ինքնուրույն: «Նշեմ, որ մայրս, ով հայուհի չէ, աջակցեց որոշմանս»,- անկեղծացել է Ռուբեն Վարդանյանի 20-ամյա որդին:

Դավիթը, ով ծնվել և մեծացել է Ռուսաստանում, 7 տարի սովորել է Անգլիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ի համալսարաններից մեկում, այսպես է մեկնաբանել իր ընկերների և մտերիմների արձագանքը՝ կրթությունը դադարեցնելու և Արցախում ծառայելու իր որոշմանը. «Իմ ծանոթների շրջանակը մեծամասամբ կենտրոնացած է Լոնդոնում, Մոսկվայում և ԱՄՆ-ում, սակայն ռեակցիան ամենուր գրեթե միանշանակ էր՝ հարգանք՝ հատկապես տղաների կողմից, և վախ ու չհասկացվածություն՝ աղջիկների կողմից»:

– Արդեն մոտ մեկ տարի Արցախում ես: Ի՞նչ է քեզ համար Արցախը:

– Առաջին հերթին՝ դա պատմական հայրենիք է, երկրորդ՝ Արցախը յուրահատուկ վայր է ոչ միայն՝ հայերի, այլև՝ ողջ աշխարհի համար: Եվ ոչ միայն՝ իր պատմության և մշակույթի շնորհիվ, այլև՝ մարդկանց, որոնք այստեղ ապրում են. նրանք ապշեցնում են իրենց դիմացկունությամբ, ոգու ուժով և անկեղծությամբ:

Կարդացեք նաև

– Հիմա դու Արցախում սովորական զինծառայող ես: Ի՞նչն է քեզ վախեցնում՝ որպես զինվոր և որպես հայ, ով հայկական հող է եկել՝ մտածողության միանգամայն այլ համակարգից ու կենսակերպից:

– Ամենաշատը վախենում եմ անօգնական մնալուց: Խոսքն անվտանգության մասին չէ, այլ՝ որ իմ ուժերն ու հնարավորությունները կարող են անբավարար լինել՝ մինչև վերջ օգնելու համար: Բացի այդ, կան նաև որոշակի անհարմարություններ, օրինակ՝ լեզվական խոչընդոտը: Ես մի քիչ խոսում եմ Ղարաբաղի լեզվով, սակայն մտածում եմ ռուսերեն ու անգլերեն, քանի որ լեզվի չիմացությունն իրականում ստեղծում է որոշակի դիստանցիա, որը ցանկանում ես վերացնել: Բացի այդ, զգացվում է մշակույթների տարբերությունը: Ղարաբաղցիների մշակույթը ո՛չ լավն է, ո՛չ վատը, այն պարզապես տարբեր է: Ու այդ գիտակցական եզրակացությունը հարմարավետության գոտուց, միաժամանակ բարդ է ու շատ օգտակար ինձ համար: Դա ոգեշնչում է:

– Ինչպե՞ս են քեզ ընկալում ղարաբաղցիները:

– Մի կողմից՝ կա զգացողություն, որ ինձ վրա նայում են՝ որպես ինչ-որ եկվորի, սակայն, մյուս կողմից՝ ինձ դիմավորում են շատ հյուրընկալ ու ինձ վերաբերվում են հարգանքով՝ որպես մարդու, ով ինքնակամ եկել է ծառայելու հայրենիքին:

– Չեմ ցանկանում քեզ թշնամացնել սփյուռքի հետ, բայց արտերկրում ուսում ստանալը և աշխարհի տարբեր երկրների հայերի հետ շփման մեծ շրջանակը թույլ է տալիս տեսնել աշխարհով սփռված հայերի միասնականության և մասնատվածության բազմաթիվ ասպեկտները: Ներկայացրու քո տեսլականը հայկական սփյուռքի մասին՝ որպես երևույթի:

– Ողջ աշխարհում նման մեծ սփյուռք ունենալն առավելություն է, որը, այդուհանդերձ, ունի նաև սահմանափակումներ: Հայերը հիանալի կարողանում են ադապտացվել այլ միջավայրերում, սակայն այդ ամենի հակառակ կողմը միասնականության կորուստն է: Մենք բոլորս շատ տարբեր ենք, այդ իսկ պատճառով՝ առաջին խնդիրը, որը տեսնում եմ տարբեր երկրների սփյուռքի և Հայաստանում բնակվող հայերի մեջ, մեկը մյուսի հանդեպ գերազանցության զգացումից ազատվելն է: Հարկավոր է ձգտել նրան, որպեսզի հասկանանք միմյանց, այլ ոչ թե՝ փորձենք ազատվել աշխարհընկալման մեր տարբերություններից: Մենք լայնորեն ներկայացված ենք ողջ աշխարհում. դա մեծ առավելություն է:

Ադապտացվելու մեր կարողությամբ դա կարող ենք օգտագործել ու սովորել միմյանցից: Չնայած մեր միջև բոլոր տարբերություններին՝ վերջին իրադարձությունները (ապրիլյան քառօրյա պատերազմը.- Ե.Կ.) ցույց տվեցին հայերի համար ընդհանուր եզակի հատկություն՝ մենք արտագաղթում ենք խաղաղ ժամանակ ու վերադառնում ենք պատերազմի ժամանակ: Դա ապացուցում է, որ հայերը կարող են միանգամայն հեշտությամբ արտագաղթել և վերադառնալ, ինչը հավելյալ դրական պոտենցիալ է ստեղծում:

– Այնուամենայնիվ, դու 20 տարեկան ես, ընդ որում՝ մեծացել ես այլ միջավայրում, ինչը, անխուսափելիորեն, այլ աշխարհընկալում է ենթադրում, քան Ստեփանակերտից կամ Երևանից քո հասակակիցների մոտ է: Պատմիր հայ հասակակիցներիդ մասին քո տպավորությունները:

– Ինձ համար շատ հաճելի էր տեսնել, որ Հայաստանում և Արցախում երիտասարդները նվիրված են իրենց երկրին, ու դրա հետ միաժամանակ՝ լի են էներգիայով ու պատրաստ են ինքնազարգացման: Դա միանգամից կոտրում է Հայաստանի երիտասարդության մասին՝ սփյուռքի կարծրատիպերը: Հայերի ներկայիս սերունդն առավելություն ունի նախորդի նկատմամբ՝ փոփոխությունների հանդեպ իր բաց լինելով, ու դա շատ լավ նշան է ապագա Հայաստանի համար:

– Ի՞նչ է քեզ պակասում հայկական հողում: Հարցը նյութական արժեքների մասին չէ:

– Իհարկե, պետք է խոստովանել, որ ես ամբողջովին հարմարավետության գոտում չեմ գտնվում, երբ ապրում եմ Հայաստանում, սակայն, միևնույն ժամանակ, գտնվելով հայկական հողում՝ ես զգում եմ ձգողականություն, ինչ-որ բան, որն ինձ կապում է դրա հետ: Ու որքան երկար եմ ես այստեղ գտնվում, այնքան ուժեղ է այդ ձգողականությունը:

– Դու հայերին կողքից գնահատելու հնարավորություն ունես, քանի որ ապրում ես փակ հայկական հասարակությունում: Ի՞նչ թերություններ ես տեսնում հայ հասարակության մեջ:

– Կարծում եմ, որ միշտ անցյալին նայելով ապրելը վտանգավոր ճանապարհ է: Իհարկե, մենք պետք է հիշենք մեր պատմությունը և հպարտանանք դրանով, սակայն, միևնույն ժամանակ, մեզ անհրաժեշտ է անձամբ ստեղծել մեր ապագան այսօր, որպեսզի մեր երեխաներն ու թոռները կարողանան նույնկերպ հպարտանալ իրենց պատմությամբ, ինչպես մենք: Այն, ինչ խանգարում է մեզ կերտել մեր ապագան, զոհի բարդույթն է, որը մեզ թույլ չի տալիս անցում կատարել գոյատևումից՝ բարգավաճման: Ու այդ իմաստով Արցախը մեր այդ թուլության հաղթահարման բանալին է: Դա կենդանի օրինակ է այն բանի, որ դարերի ընթացքում առաջին անգամ մենք կարողացանք չհարմարվել մեզ համար օտար համակարգին, այլ կարողացանք պայքարել մեր հողի համար՝ հանուն մեր երեխաների և թոռների: Այդ օրինակը պետք է հենման կետ դառնա մեզ համար և խթան հանդիսանա՝ առաջ շարժվելու համար:

– Ո՞րն է, քո կարծիքով, ժամանակակից հայ հասարակության խնդիրը:

– Իմ կարծիքով՝ դա հասարակության զարգացումը և առաջընթացն է կրթության և, գլոբալ իմաստով՝ անվտանգության, այդ թվում` սահմանների, լեզվի և մեր ինքնության   ապահովման միջոցով: Ցեղասպանության թեման այսօրվա դրությամբ միավորում է ողջ աշխարհի հայերին. իհարկե, մենք մշտապես պետք է հիշենք դրա մասին, սակայն այն չի կարող հենման կետ լինել մեր ինքնագիտակցության զարգացման համար: Նմանօրինակ հենման կետ, ինչպես արդեն ասացի, պետք է դառնա Արցախը ու այն, ինչ այնտեղ տեղի է ունենում այսօր:

– Դու հայտնի հոր որդի ես, այդ հանգամանքը մոտիվացնում, ուղղորդում և տեսլական է տալիս: Ի՞նչը կամ ո՞վ է ոգեշնչում Դավիթ Վարդանյանին:

– Հետաքրքրասիրությունն ու անտարբեր չլինելը, այդ գծերը հիացնում են ինձ մարդկանց մեջ: Որպես անհատականություն՝ կարող եմ նշել զորավար Սկիպիոն Աֆրիկացու անունը: Նա եզակի մարդ էր, և ոչ միայն՝ շնորհիվ իր խելքի, վեհանձնության ու հրամանատարական իր տաղանդի շնորհիվ, որը թույլ տվեց նրան հաղթել մեծագույն ստրատեգներից մեկին՝ Հանիբալին: Նա ունիկալ էր նաև նրանով, որ կարողացավ հաղթել ինքն իրեն՝ հանուն իր ժողովրդի բարեկեցության հրաժարվելով իշխանությունից: Եթե խոսենք ինձ ներշնչած գրողներից, ապա ընտրում եմ Ջոն Ստյուարտ Միլլին՝ հասարակության պայքարի ու անձի ազատության նրա կոնցեպցիան: Եվ, վերջապես, ամենահետաքրքիր մարդկանցից մեկին կնշեմ, ում մասին ես երբևէ կարդացել եմ՝ Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Ռիչարդ Ֆայնմանն է, ով ատոմային իր ռեակտորով լիցքեր էր հաղորդում իր շուրջը գտնվողներին:

– Ինչպիսի՞ն ես ուզում տեսնել Հայաստանը 20 տարի անց, ու արդյոք կապո՞ւմ ես քո ապագան Հայաստանի հետ:

– Միանշանակ՝ այո՛: Ես տեսնում եմ Հայաստանը՝ որպես ինտելեկտուալ, տնտեսական ու մշակութային հանգույց: Այլ մշակույթներ հասկանալու մեր կարողությունն ու նրանց հետ հարաբերություններ կառուցելու հմտությունը մեզ տալիս է եզակի մրցակցային գերազանցություն ու տարածաշրջանում առաջատար դառնալու հնարավորություն: Այդ իմաստով Իրանի բացվելը մեր շանսն է, ու մենք պետք է այն ճիշտ օգտագործենք: Հենց հիմա մենք կարող ենք անել անհրաժեշտ քայլեր, որպեսզի դառնանք քաղաքակիրթ կամուրջ ոչ միայն՝ Իրանի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար:

– Եվ վերջին հարցը: Ինը և կես ամիս առաջ անհնար էր կանխատեսել 2016թ. ապրիլի 1-ը: Եթե դու հնարավորություն ունենայիր գտնվել Արցախում կամ Լոնդոնում, ո՞րը կընտեիր:

– Ես կընտրեի Արցախը:

ԵԼԵՆԱ ԿՈԺԵՄՅԱԿԻՆԱ
2009թ. տեղափոխվել և բնակություն է հաստատել Հայաստանում:
Թարգմանեց՝ Կարմեն Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս