Մինչև տարեվերջ ամսական 30 հազար դրամ աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիրախային խմբերին

Կառավարության նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ֆինանսական աջակցության ծրագրի ընթացիկ փոփոխությունները։

Փոխվարչապետի խոսքով՝ աջակցությունն այսուհետ կտրամադրվի առավել թիրախային խմբերին:

«Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը շարունակվեց ապրիլ և մայիս ամիսների համար, իսկ հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ աջակցությունը հուլիսից մինչև տարեվերջ կշարունակվի միայն անչափահասների, կենսաթոշակային տարիքի անձանց և հաշմանդամների համար՝ յուրաքանչյուրին 30 հազարական դրամի չափով։

«Այսինքն՝ մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունը անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս