«Որպեսզի Հայաստանը դառնա մրցունակ, առևտրի ոլորտում զբաղվածների մեծ մասը պետք է կրճատվի»

Մեր զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, համընդհանուր պայքար է հայտարարվել մենաշնորհների դեմ, այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում, ըստ Ձեզ՝ արդյոք դրանք արդյունավետ կլինե՞ն։

– Դժվար է մեկ օրում որոշումներ կայացնել, քայլերը պետք է պլանավորված ու համակարգված լինեն։ Կան հայտարարված լավ բաներ, բայց ես մի քիչ թերահավատ եմ։ Եթե կարողանան իրականացնել, լավ է։ Մենաշնորհի դեմ պայքարի համակարգված լուծում կար Հայաստանում։ Հարց է՝ ինչո՞ւ չի աշխատել այդ համակարգը։ Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին է, քանի որ նրա գործառույթն է եղել՝ այսքան տարիներ այդ գործն անել, և ոչ թե՝ կառավարության։ Այս դեպքում, փաստորեն, կառավարությունն իր վրա քաղաքական պատասխանատվություն է վերցնում, բայց ինքն իրեն էլ այդ հարցը պետք է տա, որովհետև խնդիրը համակարգային լուծելու համար այդ օղակը պետք է աշխատեր։

Վարչապետը հանձնարարել է, որպեսզի մանրածախ-մեծածախ շուկան կայանա, որպեսզի ցանկացած մարդու մուտքը շուկա հնարավոր լինի, և խոչընդոտներ չլինեն, որոնք կկերտեն մենաշնորհ։

Կարդացեք նաև

Հայաստանում խնդիրներից խնդիրն այն է, որ առևտուրը մինչև հիմա դիտարկվում է՝ որպես տնտեսություն, և առևտրում զբաղվածությունը դիտարկվում է՝ որպես մարդկանց համար կարևոր աշխատատեղ։ Դա կարևոր է, բայց միայն առևտրի վրա հիմնված տնտեսությունը մի քանի դար առաջվա տնտեսական մոդել է։

Ընդ որում՝ ներմուծման ժամանակ շահող կողմը ներմուծվող ֆիրման է, որը հայկական չէ։ Այսինքն՝ փոխելով ներմուծողին, տնտեսության վրա ազդեցությունն էական չէ, դա պարզապես դառնում է շահույթի վերաբաշխում։ Առևտրի ոլորտում մենաշնորհային տնտեսության մեջ խնդիրը գինն է, որովհետև մցակցության դեպքում գները պետք է իջնեն։ Այլ էական փոփոխություն չպետք է լիներ։ Եվ նույն ներմուծողները գինը ցածր պայմաններում կարող են նույնիսկ շարունակել պահել իրենց մենաշնորհային դիրքը։

Օրինակ՝ նույնն է թե՝ ասեմ՝ «Կոկա-կոլան» ինչո՞ւ է արտադրում, թողեք՝ ես արտադրեմ, կամ թողեք՝ ես ներմուծեմ տվյալ ապրանքը և ես շահույթ ստանամ։ Դա սխալ հարցադրում է։ Ճիշտ հարցադրումն է՝ ինչո՞ւ կան խոչընդոտներ, որ ես չեմ կարողանում ներմուծել, կամ ինչո՞ւ գինն արդար չի, որովհետև կարող է ես ներմուծեմ, բայց խոշորը դեմպինգ անի, ինչը Հայաստանում շատ հանգիստ արվում է։ Դա քրեական հանցանք է, որը մեր մենաշնորհային օրենսդրությունը պետք է բացառի։ Փորձ է արվում ավելի տոտալ լուծում տալ՝ ստեղծել մեծածախ-մանրածախ շուկա, որտեղ մուտքը լինի ազատ և դրանով իսկ արդեն կանխարգելվի։

Դա, իհարկե, հնարավոր է 2-3 պայմանով։ Նախ՝ դա կարող է վերաբերել միայն ստանդարտ ապրանքներին, այսինքն՝ անկախ բրենդից, դա հիմնականում կարող է լինել կրուպեղենը, շաքարը, այսինքն՝ ապրանք, որի ֆիրման կարևոր չի, կարևոր են ֆիզիկական չափանիշները։ Դրա համար պետք է ունենալ վերահսկող մարմին, որ բոլոր ստանդարտները ունիֆիկացված լինեն։ Այստեղ առաջին հարցը՝ արդյոք մենք ունե՞նք դա և արդյոք ստանդարտները համապատասխանո՞ւմ են։ Օրինակ՝ վարորդները բողոքում են, որ բենզինի որակն այն չէ, ինչ գրված է։ Իսկ մենաշնորհ ստեղծելու ձևերից մեկն էլ որակը գցելն ու գինը գցելն է, որի պատճառով մի քիչ բարձր որակով ապրանքը բարձր գնով արդեն մրցակցային չէ։

Երկրորդը՝ ամբողջ աշխարհում գործում է դիլերական ցանց։ Խոշոր ներմուծողը եվրոպական շուկայում խանութների հետ չի կարող շփվել, որովհետև, օրինակ, Լեհաստանում 80 հազար խանութային կետ կա, և նրանց հետ չի կարող բանակցել։

Աշխատանքը տարվում է դիլերների միջոցով, որոնք, ամեն մեկը՝ իր ոլորտում, մասնագիտացած է։ Խոշոր արտադրողներն ունեն սեփական դիլերներին։
Երրորդ ամենակարևոր գործոնը լոգիստիկ ցանցն է, այսինքն՝ պետք է ունենալ պահեստատրանսպորտային կոնկրետ ֆիրմա, որը ցանկացած ապրանքը ցանկացած տեղ կարող է ամենաարդյունավետ տեղափոխել։ Այդ դեպքում է հնարավոր լինում կոնկրետ գնով մրցակցել, որովհետև տրանսպորտային գինը, հատկապես՝ մանրածախ առևտրի դեպքում, էական ազդում է ապրանքի վերջնական գնի վրա։ Հայաստանում կան որոշ ներդրումներ՝ ցանց ստեղծելու ուղղությամբ, բայց եթե համեմատենք Եվրոպայի հետ, շատ խղճուկ են։

Երբ Ռումինիան անդամակցեց ԵՄ-ին, առաջինն այնտեղ մտավ խոշոր լոգիստիկ ֆիրմա և հայտարարեց, որ 4 մլրդ դոլարի ներդրում է անում զուտ այդ ցանցը ստեղծելու համար։ Դրանք բավականին լուրջ ֆիրմաներ են, որոնց խնդիրն է՝ այնպես կազմակերպել աշխատանքը, որ ապրանքը հնարավորինս էժան հասնի սպառողին։ Օրինակ՝ մեր կաթնարդյունաբերողները սեփական մեքենաներ ունեն, բայց նույնիսկ նրանց համար կարող է ձեռնտու լինել՝ օգտվել ուրիշի ծառայությունից։ Այստեղ առաջ է գալիս ազնիվ մրցակցության հարցը, օրինակ՝ առևտրային գաղտնիության հարցը, որովհետև շատերն են ուզում իմանալ, թե ինչ գնով և ում է ապրանք տալիս մրցակիցը։ Նախկինում հեռուստատեսությունում անգամ նայում էին, թե որ հայտնի հեռուստաալիքը որ ֆիլմը երբ է ցույց տալու, և դրանից 5 րոպե առաջ իրենք էին սկսում ցուցադրել։ Այսինքն՝ մրցակցությունը միայն մրցակցություն չէ, նաև համագործակցություն է, և ինֆորմացիայի գաղտնիությունը նույնպես պետք է լինի։

Մի կարևոր բան էլ պետք է լինի՝ մենք գիտենք, որ մանրածախ առևտուրն անցնում է մեծ ցանցերի, որոնք բավականին լուրջ մրցակցում են, նույնիսկ սնանկացման դեպքեր էլ կան, օրինակ՝ «Սթարը»։ Այսինքն՝ սա բարդ ոլորտ է, և այնպես չէ, որ, եթե ունես խանութներ, միանգամից դառնում ես հարուստ։ Այդ խանութները սեփական ապրանքների ներկրող են։ Արդյոք այդ կրկնակի շահը վնասո՞ւմ է նրանց։ Իդեալական տարբերակում չպետք է վնասի, որովհետև իդեալական տարբերակում այդ գնային մրցակցությունը պետք է լինի, հակամենաշնորհային համակարգերը պետք է աշխատեն, և սպառողը պետք է շահի մրցակցությունից։

Փոքր ներկրողները պետք է հասկանան, որ իրենք պետք է իրենց նիշան գտնեն, որովհետև իրենց համար դժվար կլինի։ Եվ հիմնական խնդիրն է, որ սպառողն իմանա, որ գինն արդար է։ Բայց միայն գինը չի գործում, գովազդային բարդ համակարգն ազդում է դրա վրա։ Պետք է հասնել նրան, որ հակամենաշնորհային դատական համակարգը կայանա, որպեսզի ընկերությունները կարողանան հանգիստ դատի տալ միմյանց և ապացուցել։ Այստեղ մի նուրբ հարց կա, որ միշտ փորձում ենք արտադատական իդեալական համակարգ ստեղծել։ Գոյություն ունեն տնտեսվարողների շատ-շատ շահեր, և համակարգն այնքան պետք է զարգանա, որ տնտեսվարողներն իրենք հակամենաշնորհային պայքար տանեն՝ սեփական շահից ելնելով՝ օգտվելով համակարգից։ Այդ համակարգն այսօր թերի է։

Նաև պետք է լինեն ոլորտային լուրջ հետազոտություններ, որն այսօր Հայաստանում շատ թերի է։ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է նման հետազոտություններ, բայց երբեք չի հրապարակում դրանք։ Օրինակ՝ հնարավոր է համացանցով նայել, թե ինչպես է ձևավորվում բենզինի գինն Ավստրալիայում։ Մեզ մոտ նման հետազոտությունները կամ փակ են, կամ չկան։ Կարելի է նաև կոնցենտրացիայի ինդեքս հաշվարկել ներմուծողների համար, և պարզ կլինի, թե որ ոլորտում մենաշնորհն ինչքան է։

– Մասնագետները մենաշնորհները կապում են կոռուպցիայի հետ։

– Որպեսզի աշխատեն հակամենաշնորհային համակարգերն ու մյուս ինստիտուտները՝ մաքսային, դատական, որակի վերահսկողության, պետք է կոռուպցիա չլինի։ Ինչքանո՞վ է մենաշնորհին տիրապետողը կարողանում ազդել դատական, քաղաքական, գործադիր և այլ որոշումների վրա։ Այդ կապը եթե չխզվի, իսկ մենք գիտենք, որ բիզնես-իշխանություն կապը դեռևս շատ ուժեղ է Հայաստանում, շատ դժվար կլինի։ Իսկ այս շրջանցման մեխանիզմը որոշ ապրանքների դեպքում կարելի է փորձել զարգացնել, պետք է զարգանա բիզնեսը՝ բիզնեսին շուկան։

Մի կարևոր հանգամանք էլ կա՝ Էկոնոմիկայի նախարարությունը նախկինում երբեք չի ունեցել առևտրի քաղաքականություն։ Հուսով եմ՝ դա կշտկվի։ Խոսքը ներքին շուկայի արդյունավետ առևտրի քաղաքականության մասին է, նաև արտաքին, էլեկտրոնային, ինտերնետային առևտրի, և այլն։ Կանոնակարգման օրենքներ կան, բայց դրանց հիմնական մոտիվը հարկային է։ Իսկ առևտուրը տնտեսության մրցակցության չափորոշիչն է, ի վերջո, արտադրված ապրանքն առևտրի միջոցով է սպառվում։ Նման քաղաքականություն գոյություն չի ունեցել։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ ինչ ենք ուզում։

Գուցե իմ տեսակետը շատերին դուր չգա, բայց որպեսզի Հայաստանը դառնա մրցունակ, առևտրի ոլորտում զբաղվածների մեծ մասը պետք է կրճատվի։ Հիմա, երբ ասում ենք՝ աշխատատեղ չկա, մարդիկ միանգամից մտածում են՝ մենաշնորհ է, դրա պատճառով չեն կարողանում առևտրով զբաղվել, ապրանք ներմուծել, բայց դա մեր տնտեսությունը դարձնում է ահավոր անարդյունավետ, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ առևտուրը գնում է նրան, որ մարդիկ շատ քիչ են մասնակցում այդ գործընթացում։ Աշխատուժը ծախս է, որ ավտոմատ մեծացնում է վաճառվող ապրանքի գինը։ Այսինքն՝ առևտուրն ավելի շատ վեր է ածվում լուրջ լոգիստիկ ֆիրմայի։ Մենք այն աստիճան չենք զարգացել, իհարկե, որ ռոբոտիզացնենք առևտուրը, մարդիկ պետք է լոգիստիկ ֆիրմաներում աշխատեն, բայց առևտուրը՝ որպես տնտեսական հենք կամ աշխատատեղ ստեղծող, պետք է մոռանանք, այլապես կդառնանք մի երկիր, որ Ռուսաստանից փողը ստանում, այստեղ ապրանք է գնում։

Ուրիշ բան չկա, մի քիչ էլ հումք ենք արտահանում։ Իսկ մեզ նման տնտեսություն այդքան էլ պետք չէ։ Այսինքն՝ առևտուրը պետք է մաքսիմում դառնա արդյունավետ, մրցակցությունը մեծանա այնպես, որ գինը հնարավոր լինի ցածր պահել և չդիտարկել այս ոլորտը՝ որպես մարդկանց աշխատատեղ պահելու խնդիր։ Վաճառող-ներմուծող կապը խզելու հետ կապված՝ մի հանգամանք էլ կա. երբ «Քարֆուրը» եկավ Հայաստան, մենք շատ ուրախացանք ու ոգևորվեցինք, իսկ «Քարֆուրը» հենց այդպիսի ֆիրմա է, որ ինքը ներմուծում ու վաճառում է իր ապրանքները։ Այս քաղաքականությունը չպետք է նրան դուրս մղի այստեղից։ Դա ամբողջ աշխարհում ընդունված է և էական գին իջեցնող գործոն է, որ գովազդ չանող ընկերությունից ապրանքը գնում են ու սեփական բրենդի տակ վաճառում, կամ կարող ես քո բրենդը փակցնել, գինը բարձր դնել, եթե լավ ես գովազդում։ Դրանք առևտրի տարբեր հնարքներ են։

Մի խնդիր էլ կա. մեզ մոտ շատ ցածր է ինֆորմացիայի հասանելիությունը, նույնիսկ էլեկտրոնիկայի խոշոր խանութներն իրենց կայքերում գնի մասին ինֆորմացիա չունեն։ Դա առևտրային հնարք է, որ գնորդին բերեն խանութ, ապրանքը բանավոր գովազդեն և ավելի թանկ գնով վաճառեն։ Բայց եթե նույն ապրանքի գները տարբեր խանութներում համեմատելու հնարավորություն լինի, գնորդը միանգամից կգնա էժան խանութ։ Այստեղ կիրառվող հնարքը զավեշտ է և շատ հին, որովհետև էլեկտրոնիկայի շուկան վաղուց ամբողջ աշխարհում ինտերնետային է և ֆիրմաների գովազդի վրա է կառուցված։ Աշխարհում համապատասխան ինստիտուտներն են զբաղվում գների վերահսկողությամբ, որ խաբեություններ չլինեն, իսկ այստեղ այդ ինստիտուտների աշխատանքը տեսականորեն կա, բայց գործնականում չկա։

– Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է արգելել խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելը, և մեծածախ վաճառքը պետք է իրականացվի միայն էլեկտրոնային հարթակի միջոցով։ Ձեր կարծիքով՝ այդ հարթակն արդյունավետ կլինի՞։

– Բիզնես-բիզնես կապի հարթակ ամբողջ աշխարհում կա, գործում են տարբեր ֆիրմաներ, որոնք նախնական ինֆորմացիա են տալիս իրենց ապրանքների մասին, այսինքն՝ կիսաառևտրային տոնավաճառի նման է, որտեղ ապրանքը տարբեր ձևերով գովազդում են։ Դա բորսա չի, բորսան շատ է ստանդարտացված։ Մյուս բիզնեսները՝ դիլերները կամ խանութները, ուսումնասիրում են, ապրանքը ձեռք բերում և իրենց մոտ վաճառում։ Բանակցում են վիրտուալ կոնտակտներով։ Բանակցությունները շատ կարևոր են առևտրում, որովհետև առևտրի պայմանները կարող են շատ տարբեր լինել։ Սովորաբար, եթե Հայաստանում որևէ նոր մարդ ուզում է առևտրի մեջ մտնել, նա սկզբում ստիպված է, ժողովրդի լեզվով ասած, «նիսյա» տրամադրել, այլ տարբերակ չկա։

Եթե համակարգը ստանդարտացվի, այդ ժամանակ ինքը կմոտենա բորսայական կանոններին։ Այսինքն՝ դու պետք է բավարարես որոշակի պայմանների։ Այդտեղ նաև լիցենզավորման հարց է ծագում, որովհետև ֆինանսական պատասխանատվություն ես ստանձնում։ Եթե գնանք կանխավճարային տարբերակով, ապրանքների գները մի քիչ կթանկանան։ Դա է խնդիրներից խնդիրը։

Այսինքն՝ արտադրող-վաճառողների գործը կլավանա, բայց դա տեղի կունենա սպառողների հաշվին։ Նման հարթակներում սովորաբար շուկայի վերլուծությունը պարտադիր լինում է, որպեսզի դրանից օգտվող տնտեսվարողը հասկանա, թե ինչ մրցակցային դաշտ է գործում։ Նման հարթակների երկու տարբերակ կա՝ կամ այն վճարովի է լինում և այդ գումարով հետազոտություններ են իրականացվում, կամ, եթե այն պետական է, պետք է հանրային միջոցներով հետազոտություն արվի և բաց տեղադրվի, հասանելի լինի բոլորին։ Այսինքն՝ պետք է հասկանալ նաև՝ հարթակի պատասխանատուն ո՞վ է։

Աշխարհում գործող նման հարթակներում լոգիստիկան ավտոմատ կա, մտահոգվելու խնդիր չկա, իսկ Հայաստանում դա էլ մյուս հարցն է, թե ով է մատակարարելու ապրանքը։ Լոգիստիկ ֆիրման արդեն իմանում է՝ որտեղից ինչ պետք է տեղափոխի, և օպտիմիզացնում է իր աշխատանքը։ Մեզ մոտ կա էլեկտրոնային բեռնափոխադրումների համակարգը, բայց դա ևս հարկային նպատակով է ստեղծվել։ Նման համակարգերը պետք է ներդրվեն, որպեսզի հնարավոր լինի հետևել ապրանքի շարժին։ Եվ նպատակը պետք է լինի գինն իջեցնելը։ Եթե նման հարթակ լիներ, շատ հարցեր, որ օրեր առաջ բարձրացվեցին ԵԱՏՄ ֆորումի ժամանակ, ավտոմատ կերպով կլուծվեին, և մարդիկ չէին մտածի, թե ինչպես գալ շուկա և ինչպես վաճառել։

Տեսանյութեր

Լրահոս