«Հայկական կողմից կպահանջեն համաձայնել լուծման մի փաթեթի, որը հիմնված կլինի ՀՀ-ի համար անբարենպաստ՝ նախորդ ճանապարհային քարտեզի վրա»
Մեր զրուցակիցն է Janeգs Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը
– Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որից հետո համանախագահները, ՀՀ նախագահի գրասենյակը համապատասխան հայտարարություններով հանդես եկան՝ մինիմալ տեղեկատվություն տալով բանակցությունների առարկայի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, հասկանալի էր, որ բանակցությունների առարկան մեխանիզմներն էին, որոնց մի մասի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները մինչ այժմ անհասկանալի դիրքորոշումներ են արտահայտում և այդ դիրքորոշումները փոքր-ինչ հստակեցվեցին Ադրբեջան Բայդենի զանգից հետո, երբ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ դեմ չէ Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ Վիեննայում, և ո՞րն է լինելու դրա հետևանքը։
– Հստակ է, որ Մինսկի խումբը կարողացավ կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ։ Սա հաջողություն էր Մինսկի խմբի համար։ Հստակ է նաև, որ հատկապես ԱՄՆ-ը հետամուտ է անվտանգության համակարգի հաստատմանը, ինչպես երևաց Բայդենի զանգից և Ադրբեջանի վերախմբագրված պատասխանից, որով Բաքուն համաձայնում է այդ համակարգի հաստատմանը։ Բայց Ադրբեջանը նման համակարգին, թերևս, իսկապես կհամաձայնի այն պայմանով, որ հայկական կողմը համաձայնի ռուսական Կազանի՝ փուլ առ փուլ գործարքին, որով հայկական կողմը պետք է իր հսկողության տակ գտնվող հինգ շրջանները հանձնի Բաքվին, իսկ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվի, թեև դրա ժամկետները մնում են անորոշ։ Ադրբեջանը նաև հետամուտ է, որ այս շրջանները վերցնելու համար լինի հստակ ժամանակացույց։
Հունիսին կայանալիք բանակցություններում հայկական կողմից, թերևս, սա կպահանջեն։ Հայկական կողմի խնդիրն այն է, որ 2011-ին, առանց հանրային քննարկման, համաձայնել է իր համար վատ պայմաններով լուծման տարբերակին։ Ապրիլի պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծես փորձեց հող նախապատրաստել դրանցից հրաժարվելու համար, բայց չհամարձակվեց դա բացահայտ անել։ Թե՛ ռազմական, և թե՛ դիվանագիտական առումով Ադրբեջանը շարունակում է ավելի ինքնավստահ և հարձակողական մարտավարություն վարել։ Ունենալով ռուսական աջակցությունը, Բաքուն փորձում է առավելագույնս կորզել Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, Մինսկի խմբի թուլությունից, ինչպես նաև՝ Հայաստանի ներկայիս կառավարության ռուսական կախվածությունից և ՀՀ ներկայիս իշխանությունների լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամությունից, ինչի օրինակներն են՝ Մադրիդի, հետո՝ Կազանի սկզբունքներին համաձայնելը։
Ավելին, 22 տարվա ընթացքում Ադրբեջանը լավ հագեցված բանակ է ստեղծել, որը Հայաստանին դիվանագիտական լուծումներ պարտադրելու գործառույթ ունի։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանին, որ, քանի դեռ ինքն ունի Ռուսաստանի խորհրդավոր լռությունը, ապա կարող է փորձել Ղարաբաղում փաստերը զենքի ուժով փոխել և ստեղծել նոր իրողություններ, որոնք հետո կարող են պարտադրվել հայկական կողմին։
– Հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելով ԼՂ հակամարտությունը։ Ի՞նչ պետք է սպասել Ռուսաստանից, սա ի՞նչ էր նշանակում։
– Իհարկե, դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է քննարկվել։ Բայց ղարաբաղյան հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում։ Ներկայումս Ռուսաստանը Սիրիայի հարցում համեմատաբար լավ աշխատանքային հարաբերություններ ունի Արևմուտքի հետ։ Սակայն այս համագործակցությունը, չնայած Ռուսաստանի հույսերին, ամեն դեպքում, չի մեղմացնում Արևմուտքի կոշտ դիրքորոշումն այլ հարցերում։ Օրինակ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը կերկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Որոշումն ակնկալվում է հուլիսի վերջին։ Հուլիսի 8-9-ին Վարշավայում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի ընթացքում Ուկրաինան և Վրաստանը, ըստ ամենայնի, կստանան «Ասոցացված գործընկերոջ» կարգավիճակ։ ՆԱՏՕ-ն մայիսին արդեն զորախաղեր անցկացրեց Վրաստանում, ինչը Մոսկվայի խիստ քննադատությանն արժանացավ։ Ռուսաստանի համար կարևոր է Ադրբեջանին իր ազդեցության գոտում պահել, քանի որ Ադրբեջանը ևս կարող է, ի վերջո, հետևել Վրաստանի օրինակին։ Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանն օգտագործում է ԼՂ հակամարտությունը։
Ղարաբաղյան կոնֆլիկտը լիովին լուծելը չի բխում Ռուսաստանի շահերից։ Իսկ Կազանի փաստաթուղթը հենց այդ նպատակով շատ օգտավետ է Մոսկվայի համար։ Դրանով Ադրբեջանը կստանա լուրջ տարածքային ձեռքբերումներ, որի դիմաց կսկսի ինտեգրվել Ռուսաստանին։ Ավելին, Ալիևի և նրա ընտանիքի իշխանությունն այլևս անսասան կդառնա Ադրբեջանում։ Իսկ ԼՂՀ-ն կմնա բուն կոնֆլիկտի առարկա, քանի որ նրա վերջնական ստատուսը չի որոշվի, ինչը և Ռուսաստանը կարող է օգտագործել՝ իբրև գործիք Ադրբեջանի դեմ, եթե վերջինս ապագայում՝ հինգ շրջանները ստանալուց հետո, արևմտամետ քաղաքականություն որդեգրի։
– Ինչպես երևաց ապրիլյան պատերազմից հետո, ԱՄՆ-ը ակտիվացավ և բարձրաստիճան նախաձեռնություններով հանդես եկավ. այս ընթացքում Քերին բազմիցս կապ հաստատեց Լավրովի հետ՝ քննարկելու ԼՂ հակամարտությունն ու սիրիական ճգնաժամը, ապա՝ Բայդենը։ Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ը կպահի՞ իր ներգրավվածության այս մակարդակը, և որքանո՞վ այն արդյունավետ կլինի։
– ԱՄՆ-ը և Ռուսաստանը ԼՂ հարցում գրեթե միշտ համագործակցել են։ Չպետք է մոռանալ, որ նույն Կազանի սկզբունքներին նրանք դեմ չեն եղել նաև այն պատճառով, որ 2011-ին, երբ դրանք քննարկվում էին, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ներկայիս «սառը պատերազմական» վիճակում չէին։ ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել ԼՂ կոնֆլիկտի վերջնական և արագ լուծում, քանի որ սա կնվազեցնի կոնֆլիկտի կողմերի կախումը Ռուսաստանից։
Նրանք ևս հայկական կողմից կակնկալեն որոշ շրջանների հանձնում՝ իբրև լուծման մի մաս։ Բայց դեռ պարզ չէ, թե արդյոք լուծման ի՞նչ տարբերակ կնախընտրեն։ Հիմա ԱՄՆ-ի հիմնական մտահոգությունը մեծ պատերազմից խուսափելն է, քանի որ սա կարող է Ռուսաստանին հնարավորություն տալ տարածաշրջանում ավելի մեծացնել իր ազդեցությունը։ Մեծ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը քիչ բան կարող է շահել այս պահին, մանավանդ, որ պարզ չէ, թե ռուսական կամ թուրքական արձագանքն ինչպիսին կլինի։
ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կարևոր պետություն է տարածաշրջանում, հատկապես՝ այն իմաստով, որ Ադրբեջանն էներգետիկ արտահանումների առումով այլընտրանքային երկիր է։
Բնականաբար, Ադրբեջանը չի կարող անգամ համեմատվել Ռուսաստանի հետ իր էներգետիկ պաշարներով, բայց, այնուամենայնիվ, կարող է լինել օգտակար տարանցիկ երկիր Կենտրոնական Ասիայից դեպի Արևմուտք էներգետիկ արտահանումների համար։ Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի հետ որոշ առումով կթուլացնի Ադրբեջանի ստրատեգիական կարևորությունն Արևմուտքի համար։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, գոնե առերևույթ, կկոորդինացնեն իրենց քայլերը բանակցություններում։ Բայց սա դեռ չի նշանակում, որ կողմներն իրար լիովին վստահում են, և բոլոր պայմանավորվածությունները հարգվում են։ Առաջիկայում ղարաբաղյան զարգացումների վրա կազդեն նաև ԱՄՆ-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները։
– Համանախագահներն ու նախագահները Վիեննայում համաձայնեցրել են հանդիպել հունիսին։ Ի՞նչ պետք է սպասել հունիսյան հանդիպումից։
– Ըստ ամենայնի՝ հայկական կողմից կպահանջեն համաձայնել լուծման մի փաթեթի, որը հիմնված կլինի Հայաստանի համար անբարենպաստ՝ նախորդ ճանապարհային քարտեզի վրա։ Ադրբեջանը, շատ հավանական է, կպահանջի հստակ ժամկետներ՝ գոնե հինգ շրջանները ստանալու համար։ Հավանական է, որ Բաքուն պայման դնի, որ կսկսի իրագործել անվտանգության մեխանիզմների օգտագործումը միայն այն դեպքում, երբ հայկական կողմը համաձայնի տարածքներ տալու ժամանակացույցին։ Սահմանային գոտում պետք է սպասել նաև լուրջ լարվածությունների։
Ադրբեջանը, գոտեպնդված ապրիլյան պատերազմում իր հաջողություններով, կշարունակի պնդել ամեն կերպ, այդ թվում՝ նաև պատերազմով, իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքը։ Եթե նախկինում նման սպառնալիքներն անտեսվում էին, ապա ապրիլյան պատերազմից հետո նույնիսկ ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի արտգործնախարարը զգուշացնում է, որ խոշոր պատերազմի վտանգ կա։ Սա իրավական խնդիր է առաջացնում Ադրբեջանի համար, քանի որ հայկական կողմը կարող է վիճարկել, որ սպառնալիքի տակ չի կարող որևէ համաձայնագիր ստորագրել։ Միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ սպառնալիքի տակ (under duress) ստորագրված համաձայնագրերը կարող են ճանաչվել անվավեր։
– Այս ընթացքում ի՞նչ պետք է սպասել Ադրբեջանի գործողություններից։ Կարծիքներ են հնչում, թե Ադրբեջանի տնտեսական խնդիրները թույլ չեն տա սկսել լայնամասշտաբ գործողություններ։ Ինչի՞ն պետք է պատրաստ լինել, որքանո՞վ են հիմնավորված այս կարծիքները։
– Իսկապես, Ադրբեջանը լուրջ տնտեսական խնդիրներ ունի։ Մոտակա մի քանի տարում ստիպված կլինի զսպել իր պետական ծախսերը։ Երկարատև պատերազմն անցանկալի է Ադրբեջանի համար։ Բայց չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմը երկար կտևի։ Եթե Բաքուն որոշի հարձակվել, ապա ռազմական իր ամբողջ կարողությունը կներդնի կարճ ժամանակում զգալի արդյունքների հասնելու համար։ Ալիևի համար, չնայած ծախսերին, նման հաղթանակը հոյակապ հաջողություն կլինի իր իշխանությունն ամրապնդելու համար։
Իսկ հյուծիչ պատերազմը տնտեսական առումով այնքան էլ շահավետ չէ։ Եթե ապրիլյան պատերազմի նման նոր զարգացումներ լինեն, ապա սա ուղղակիորեն կմեծացնի անկառավարելի մեծ պատերազմի հավանականությունը։ Հայկական կողմի ռազմական պատասխանը ևս անկանխատեսելի կարող է լինել, մանավանդ որ, հայկական հանրության շրջանում հստակ կարծիք է ձևավորվել, որ խաղաղությունը միայն կարող է պարտադրվել Ադրբեջանին նոր ռազմական հաղթանակով։
Հյուծիչ պատերազմի տակտիկան կավելացնի Ադրբեջանում բիզնես անելու ռիսկը, հատկապես, եթե հանգեցնի տնտեսական ենթակառուցվածքների, օրինակ՝ ճանապարհների, վերգետնյա էներգետիկ օբյեկտների, երկաթգծերի ավերման։ Նավթի գնի անկումը ևս մեկ անգամ բացահայտեց Ադրբեջանի անառողջ կախվածությունը շուկայական նավթի գներից։ Երկրի ոչ-էներգետիկ տնտեսական հատվածը ներդրումների, լուրջ զարգացման կարիք ունի, ինչի մասին ակտիվորեն խոսում են Ադրբեջանի կառավարության անդամները և Կենտրոնական բանկի նախագահը։
Արտասահմանյան ներդրումներ բերելու համար Ադրբեջանը պետք է բարենպաստ բիզնես պայմաններ, ինչպես նաև՝ կանխատեսելի աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկեր ունենա։
– Այնուամենայնիվ այս փուլում, ըստ Ձեզ՝ ի՞նչ գործոններով պայմանավորված կլինեն Ադրբեջանի հետագա քայլերը և որոշումները։
– Ադրբեջանի հետագա քայլերը կորոշվեն արտաքին գործոններով, հատկապես՝ Ռուսաստանի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի՝ տարածաշրջանում վարած քաղաքականությամբ։ Թուրքիայի մասին չեմ նշում, քանի որ այդ երկիրը բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին, և կսատարի Բաքվին այն բոլոր հարցերում, որոնք կուժեղացնեն Ադրբեջանին, չնայած, չեմ կարծում, որ Թուրքիան կներգրավվի ակտիվ պատերազմի մեջ։ Ադրբեջանական հարցը Թուրքիայի ղեկավարները հիմնականում օգտագործում են ներքաղաքական նպատակների համար, քանի որ ազգայնական ընտրազանգվածին այս հարցն է հատկապես հուզում։
Բայց խիստ կարևոր գործոն են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները, որոնց հետևում են թե՛ Մոսկվան, և թե՛ Բաքուն։ Ապրիլյան պատերազմը միանշանակորեն թուլացրել է ներկայիս նախագահի իշխանությունը, ինչպես նաև՝ օլիգարխիկ կառավարման համակարգը երկրում։ Առերևույթ դեռ շատ լուրջ քաղաքական շարժում չի երևում, բայց կտրուկ փոփոխությունների հավանականությունը մեծացել է։ Ավելին, ՀՀ ներկայիս իշխանությունների՝ հանրությանը վերահսկելու կարողությունը թուլացել է։ Սա, որոշ առումով, անկանխատեսելի է դարձնում հայկական կողմի քայլերը նոր էսկալացիայի դեպքում։
– Ինչի՞ կարող են հանգեցնել հանրային այս նոր տրամադրություններն ու պահանջատիրությունը։
– Հայ հանրային կարծիքն աստիճանաբար գալիս է այն եզրահանգման, որ ներկայիս իշխող համակարգը պարզապես ադեկվատ չէ երկրի խնդիրների լուծմանը, ի վիճակի չէ պաշտպանել երկրի ֆիզիկական անվտանգությունը։ Իշխանությունները պետք է շատ արագ հետևություններ անեն և համակարգային շատ լուրջ փոփոխություններ կատարեն՝ թե քաղաքական համակարգի, թե՛ տնտեսական, և թե՛ դիվանագիտական ասպարեզներում։
Հայաստանը դեռ երկար տարիներ լինելու է պատերազմական վիճակում։ Սա բացառիկ բան չէ, այլ իրողություն է աշխարհի շատ երկրների համար, որոնք անվտանգության խնդիրներ ունեն հարևանների, ներքին զինյալների կամ ահաբեկիչների հետ։ Ազգային շահերը ռազմական և դիվանագիտական մակարդակով հետապնդող պետություն ունենալը միայն ժամանակի հարց է, իսկ ապրիլյան պատերազմը, Ռուսաստանի արձագանքը միայն արագացրեցին այս նոր համակարգի ստեղծման գործընթացը։
Եթե հանրությունն իր ձեռքն է վերցնում այնպիսի պարտավորություններ, ինչպիսին բանակի ֆինանսավորումն է, զինվորների, զոհված զինվորների ընտանիքների, վիրավորների բուժման կազմակերպումը, սահմաններին ռազմական ծառայությունների իրականացումը, արտաքին քաղաքական անբարենպաստ զարգացումների արագ արձագանքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ նույն հասարակությունը կստեղծի այնպիսի համակարգ, որ ստիպված կլինի պետական գործառույթներ կատարել։