«Մեր տղամարդիկ բոլորը դիրքերում են». կին պատգամավորներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներն այցելեցին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինվորականներին: Ապրիլի 18-ին արցախցի պատգամավորները, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի ուղեկցությամբ, շրջեցին հոսպիտալի տարածով, շփվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորա կանների հետ:
«Մենք եկել ենք երեք կին պատգամավորներով: Մեր տղամարդիկ բոլորը դիրքերում են, և մեզ մեծ առաքելությամբ ուղարկել են Երևան, որպեսզի այցելենք մեր տղաներին: Մենք շատ մեծ կսկիծով լսեցինք մեր տղաների վիրավորվելու լուրերը: Եկել ենք սրտապնդելու, առողջություն մաղթելու մեր տղաներին: Ուզում ենք, որ բոլորը շուտ ապաքինվեն»,- նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռամելա Դադայանը:
Անդրադառնալով Արցախում այս պահին տիրող իրավիճակին. Ռամելա Դադայանը նշեց. «Արցախում հանգիստ է: Իհարկե, լսվում են կրակոցներ: Տղաներն ամուր կանգնած են դիրքերով: Բնակչությունը ևս: Սպասում ենք, որ աշխարհը զարթնի, դեռ կիսաարթուն են: Ցանկություն ունենք, որ բոլորն արթնանան, զգան, թե ով է մեր թշնամին և ինչ օձ է փաթաթված մեր վզին: Բայց միևնույն է` մենք մեր դիրքերում ամուր կանգնած ենք»:
Արցախցի կին պատգամավորների պատվիրակության կազմում էին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Բարսեղյանը և Ռիտա Մնացականյանը: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: