Ճապոնիայում փրկել են երկրաշարժի հետևանքով հրաշքով ողջ մնացած նորածնին
Ճապոնական Կումամոտո քաղաքի փրկարարները կարողացել են երկրաշարժի հետևանքով ավերված շենքի փլատակների տակից դուրս բերել նորածին երեխայի, հայտնում է Nippon Television Network հեռուստաալիքը:
Ստորերկրյա ցնցումներն սկսվելուց 6 ժամ անց փրկարարները տեղեկություն են ստացել, որ բնակելի տան փլատակների տակ գտնվում է 8 ամսական երեխա: Նրանց հաջողվել է լսել երեխայի լացի ձայնը: Երեխային փրկելու համար գործի է անցել 50 փրկարար, հատուկ շինարարական տեխնիկա է ներգրավվել:
Մոտ 1 ժամ տևած աշխատանքներից հետո երեխային հաջողվել է դուրս բերել փլատակների տակից: Փոքրիկը եղել է անվնաս՝ առանց քերծվածքների:
Հիշեցնենք, որ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երեկ Կյուսյու կղզում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կումամոտո պրեֆեկտուրայում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 760 մարդ գտնվում է հիվանդանոցներում: