Տիգրան Սարգսյանը` «Ժառանգության» թեկնածուն

«Ժառանգություն» կուսակցությունը 2016թ. Թալինի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու է առաջադրել կուսակցական, «Ժառանգության» Թալինի ստորաբաժանման ղեկավար Տիգրան Լեւոնի Սարգսյանին:

Տիգրան Սարգսյանը մաթեմատիկոս է, ուսանել եւ 1985-ին ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Հետագայում վերապատրաստվել է նաեւ Կիրառական տնտեսագիտություն դպրոցական առարկայի ոլորտում: Աշխատանքային կենսագրությունը սկսել է 1985թ-ից, որպես Թալինի թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ, միաժամանակ տարբեր տարիների աշխատել է Վիճակագրության, ԱրմենՏելի, Էլեկտրացանցի, Հայփոստի Թալինի ստորաբաժանումներում` իբրեւ տնտեսագետ, ինժեներ-ծրագրավորող, զբաղվել նշված ոլորտներում համակարգչային տեխնիկայի ներդրման, ծրագրային ապահովման եւ հետագա աշխատանքային բազաների ստեղծման խնդիրներով։ Այժմ միայն դպրոցում է դասավանդում՝ իր փորձը եւ գիտելիքները հաղորդելով մատաղ սերնդին։

Հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել դեռ ուսանողական տարիներից. 1985թ. փետրվարին Երեւանի Մարզահամերգային համալիրի հրդեհից հետո կազմավորել է կամավոր ուսանողական ջոկատ եւ մասնակցել շինվերանորոգման աշխատանքներին։ 1988-ից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 1996թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի ընտրություններում ընդիմության միասնական թեկնածուին պաշտպանելու եւ ցույցերին մասնակցելու համար ապօրինի ձերբակալվել եւ խոշտանգումների է ենթարկվել։ 2002-ից անդամագրվել է «Ժառանգությանը», ղեկավարում է կուսակցության Թալինի ստորաբաժանումը: 2006-ին առաջադրվել եւ ընտրվել է Թալինի ավագանու անդամ: 2007-ից անընդմեջ առաջադվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու՝ «Ժառանգության» համամասնական ցուցակով։ 2009-ի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել, 2012թ. վերընտրվել է Թալինի ավագանու անդամ։

Պրն. Սարգսյանը հպարտ է, որ Մուշից տարագրած եւ 37-ի ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած իր պապը եղել է Մշեցի Մուրադի զինվորներից մեկը, ով իր գերդաստանին պատգամել է ապրել Թալինի քարքարոտ, թեկուզ անբերրի հողի վրա, որտեղ ինքը գտել էր նոր հայրենիք եւ հետագա սերունդները պահել են պատգամը: Պրն. Սարգսյանը ամուսնացած է, մեծ մայրիկի, կնոջ եւ երկու երեխաների հետ մշտապես բնակվում է Թալինում:

«Ժառանգություն» կուսակցությունը Թալինի ավագանու ընտրություններում կրկին առաջադրելով Տիգրան Սարգսյանի թեկնածությունը՝ կոչ է անում իր համակիրներին, Թալինի ողջ ազգաբնակչությանը 2016թ. ապրիլի 17-ի Թալինի ավագանու ընտրություններում քվեարկել հօգուտ «Ժառանգության» թեկնածուի:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս