«Մարդիկ ցանկանում են մշտապես երիտասարդ մնալ և ավելի երկար ապրել». Ահարոն Չեխանովեր
Մարդիկ ցանկանում են մշտապես երիտասարդ մնալ և ավելի երկար ապրել: Վերջին մեկ դարում հենց գիտության միջոցով հնարավոր է դարձել ավելի երկարացնել մարդկային կյանքը: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում նշեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերը, ով հանդես եկավ «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյոք բուժելո՞ւ ենք բոլոր հիվանդությունները և ի՞նչ գնով» դասախոսությամբ:
«Իսրայելը Հայաստանի նման փոքր երկիր է. մենք 8 միլիոն բնակիչ ունենք, դուք` 3, մենք ունենք նմանություններ: Երկրների միջև կան քաղաքական խնդիրներ, բայց հույս ունեմ, որ այս շաբաթ գիտությունը կօգնի հաղթահարել մեզ քաղաքական պատնեշները»,- իր դասախոսությունն այսպես սկսեց Ահարոն Չեխանովերը:
Նոբելյան մրցանակի դափնեկիրը խոսեց այն մասին,թե ինչպես է վերջին տարիներին հաջողվել երկարացնել մարդկային կյանքը:
«Բոլորը գիտեն, որ մենք ուզում ենք միշտ երիտասարդ մնալ և ապրել երկար: Պատմական տեսակետից 100 տարի առաջ մարդիկ միջինը 50 տարի էին ապրում: Այսօր մարդիկ ավելի երկար են ապրում` միջինը 85 տարի: Մենք երկարացրել ենք մեր կյանքի տևողությունը 35 տարով: Հին հույները միջինն ապրում էին 30 տարի: Մեզ պահանջվեց չորս հազար տարի`կյանքը երկարացնելու համար»,-նշեց նա:
Ահարոն Չեխանովերը կյանքի երկարացման մեջ հաջողությունները կապում է գիտության և տեխնիկայի զարգացման հետ:
«Գիտությունը բարելավում է մարդկային կյանքը: Բայց կյանքի երկարացումն էժան չի նստել»,-ընդգծեց նա:
Նոբելյան մրցանակի դափնեկիրը վերհիշեց, որ ժամանակին մարդիկ մահանում էին սովորական ինֆեկցիաներից: Նա կարևորեց այն փաստը, որ այժմ գոյություն ունեն դեղեր, որոնք շատ կարևոր են մարդու համար:
Դասախոսության ընթացքում գիտնականը խոսեց նաև պատահաբար հայտնաբերված դեղորայքի մասին`հավելելով, որ հիմա հակաբիոտիկը կարող է փրկել մարդկանց:
Չեխանովերը խոսեց նաև այն մասին, որ գիտությունը շատ հաճախ օգտագործվում է մարդ սպանելու համար:
Հարցին`արդյոք բժշկության վերջնակետը մարդուն անմահ դարձնե՞լն է, նոբելյան մրցանակի դափնեկիրը նշեց. «Ես չեմ հավատում դրան: Բոլորն ուզում են անմահ լինել, մարդիկ փող են ծախսում իրենց մարմինները սառեցնելով: Չեմ կարծում, որ մեքենան կկարողանա դա իրականացնել: Եթե ես իմ ուղեղը փոխեմ, ես այլևս չեմ լինի, ուրիշ մարդ կլինի: Բայց մենք կարող ենք երկարացնել կյանքը. այսօր ծնվածները կարող են ավելի երկար ապրել»:
Գիտնականի խոսքով`այժմ անհրաժեշտ է լուծել այն հիվանդությունների հարցը, որոնց բուժման համար մեխանիզմներ չեն մշակվել: