«Պապան եկավ, ասեց՝ մի վախեցեք, ես ձեր հետ եմ, մաման էլ թե՝ որ դու մեր հետ ես, էդ ռումբերը չե՞ն պայթելու». hetq.am

Ապրիլի 2-ին Մատաղիսում զոհված 53-ամյա Նոդարիկ Մարգարյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից էր: Ամուսնացած էր, ուներ 4 երեխա՝ երկու որդի ու երկու դուստր: Վերջին տարիներին կնոջ ու փոքր դստեր՝ 15-ամյա Սառայի հետ բնակվում էր Մատաղիսում, որտեղ և աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող, վարորդ:

hetq.am-ի փոխանցմամբ՝ ընտանիքը Մատաղիսից հեռացել է հենց ապրիլի 2-ի առավոտյան:

«Մենք էնտեղ էինք, պատրաստվում էի դասի գնամ, խփեցին, մի ռումբն ընկավ մեր կողքը: Պապան եկավ, ասեց՝ մի վախեցեք, ես ձեր հետ եմ: Մաման էլ թե՝ որ դու մեր հետ ես, էդ ռումբերը չե՞ն պայթելու: Ասեց՝ մի վախեցեք, սաղ լավա  ա լինելու: Մեզ ճանապարհեց ուրիշ գյուղ, ասեց՝ որ տեղ հասնեք, կզանգեք: Տեղ հասանք, զանգեցինք, զանգեցինք, չէր վերցնում: Ասեցին՝ վիրավորվել ա: Հետո իմացանք՝ մահացել ա»,-պատմում է աղջնակը:

Որդին՝ 31-ամյա Նարեկը 5 տարի է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ասում է՝ հատկապես վերջին շրջանում հոր հետ կարճ հեռախոսազրույցներ էին ունենում միայն:

«Վերջին ժամանակները ոնց որ անընդհատ զբաղված էր: Շատ կարճ էինք խոսում, մի րոպե, մի երկու բառով: Ասում էր՝ խառն ա, շատ զբաղված ա: Թողնում էինք, ասում էինք՝ լավ, հետո ժամանակ կլինի, կնստենք հանգիստ կխոսանք ու…»:

Շաբաթն ուրբաթից շուտ է եկել: Հայր ու որդի այդպես էլ չեն հասցրել նստել, հանգիստ զրուցել:

Գայանե Սարգսյան
Ամբողջությամբ՝
սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս