Ղարաբաղյան հակամարտությունը համարյա վերածնվել է

«168 Ժամի» զրուցակիցն է 1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

– Պարոն Կազիմիրով, Իրանի շուրջ միջուկային համաձայնությունից հետո Իրանը հավակնում է մասնակցել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Օրերս Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսսեյն Ջաբեր Անսարին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հանդես գալ՝ որպես միջնորդ: Ինչպիսի՞ դեր եք պատկերացնում Իրանի համար, երբ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային հարթակն է:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանը՝ որպես միջնորդ, ակտիվ է եղել 1992թ. փետրվար-մայիս ընկած ժամանակահատվածում, սակայն մայիսի 8-ին Շուշիի գրավումից հետո դադարեցրել է իր միջնորդությունը: Ավելի վաղ 1991թ. միջնորդություն է սկսել Ռուսաստանը (այդ ժամանակ՝ Ղազախստանի հետ), իսկ 1992թ. մարտ ամսից միջնորդական առաքելություն է սկսել իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում Ռուսաստանը ևս բավականին ակտիվ էր: Վերջին 22 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: 1994թ. Ռուսաստանի ջանքերով և ՄԱԿ ԱԽ աջակցությամբ հաջողվեց դադարեցնել հակամարտության մասսայական արյունահեղությունը: Մինսկի խումբը ստացավ ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի մանդատը ԼՂ հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանը մշտապես հաշվի է առել Իրանի շահերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի հարևանի:

Ժամանակին ես՝ որպես Ռուսաստանի միջնորդ, ոչ մեկ անգամ եմ խորհրդակցել Իրանի ներկայացուցիչների հետ Մոսկվայում և Թեհրանում: Որոշակիորեն կա Իրանի տեղի ու դերի ընկալում Մինսկի խմբում: Հակամարտող կողմերը համաձայն են ներկայիս միջնորդների դերակատարության հետ: Օբյեկտիվորեն որոշակիորեն դժվար է ԼՂ հակամարտությունում Թեհրանի ուղիղ միջնորդությունը (Իրանը ԵԱՀԿ անդամ չէ): Սակայն չափազանց կարևոր է առավելագույնս օգտագործել այն, որ Իրանը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

– 1992 թ. մայիս ամսին Թեհրանում Իրանի նախագահի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում էր կազմակերպվել: Ի՞նչ եք հիշում Թեհրանի այդ տարիների ջանքերից: Ըստ Ձեզ՝ նման նախաձեռնություններն այսօր կարո՞ղ են կառուցողական լինել:

– Ինձ նշանակել էին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար երեք նախագահների հանդիպումից հենց երկու օր առաջ, որ մենք խորությամբ ուսումնասիրենք հանդիպման արդյունքները: Իսկ 1992թ. մայիսի 10-ին Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ արեց թույլ չտալ ԼՂ հակամարտության հետագա լարում: Իհարկե, ներկայումս ևս հնարավոր են հանդիպումներ «վերևներում» կամ այլ մակարդակի՝ տարբեր տեղերում: Ինձ համար անձնապես կարևոր է նման հանդիպումներին հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը:

– Օրերս Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են ԼՂ հակամարտությունը: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի մրցակցայնությունն էներգետիկ շուկայում և տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանի արձագանքն Իրանի միջնորդական փորձերին, երկրի, որը փորձում է հակամարտությունն իր վերահսկողության ներքո պահել:

– Նման հարց պետք չէ ուղղել նախկին դիվանագետի, ով 15 տարվա թոշակառուի փորձ ունի: Ոչ կոռեկտ կլիներ այդ հարցին պատասխանելը: Նշեմ միայն՝ եթե հակամարտությունը լիներ «Ռուսաստանի վերահսկողության տակ», ապա հայերն ու ադրբեջանցիները վաղուց կգտնեին խնդրահարույց բոլոր հարցերի լուծումները և կհամագործակցեին իրար հետ: Հաճախ նման ձևակերպում օգտագործվում է հակամարտության կարգավորման գործընթացում առկա արգելակումների մեղքը Մոսկվայի վրա դնելու նպատակով: Եվ դա՝ չնայած այն բանին, որ ոչ մի երկիր հակամարտության կարգավորման համար չի արել այնքան բան, որքան Ռուսաստանը:

– Ի՞նչ պետք է սպասել բանակցային գործընթացից և հակամարտության գոտում իրավիճակից այս տարի՝ հաշվի առնելով ՄԽ տրամադրվածությունը և Ադրբեջանում տիրող իրավիճակը: Այս մթնոլորտում և խնդիրների պայմաններում նախագահական հանդիպումները կմեղմե՞ն իրավիճակը սահմանին և շփման գծում:

– Իմ կարծիքով՝ հակամարտության կողմերի ճկունության բացակայության, տարաձայնությունների բևեռացվածության և շարունակականության պատճառով հակամարտությունը համարյա վերածնվել է (այդ վերածննդին աջակցում են սպառնալիքներ, ինչպիսիք են՝ սպառազինությունների մրցավազքը, ատելությունը կուռք դարձնելը և անհաշտության այլ ախտանշանները): Հակամարտության կարգավորման առաջին պլանում են հայտնվել ոչ թե՝ այս կամ այն կոնկրետ խնդիրները, որոնք անհանգստացնում են այս կամ այն կողմին, այլ՝ արմատական, հիմնական խնդիրը` ինչպես խուսափել նոր պատերազմից, որը չափազանց վտանգավոր է ողջ զգայուն տարածաշրջանի համար: Սա այնքան կարևոր է, որ ինքնըստինքյան մղում է ետին պլան ինչպես՝ մասնավոր դեպքերը, այնպես էլ՝ այս կամ այն կողմի համար նույնիսկ ամենասուր հարցերը:

Բավականին անամոթ և ոչ այնքան հաճելի, բայց տրամաբանական հարց է առաջանում՝ չվստահե՞լ արդյոք հակամարտության կոնկրետ լուծումն ապագա սերունդների մտքին, ներկայումս ապահովելով եթե ոչ՝ modus operandi, այլ՝ modus Vivendi: Իհարկե, սա անընդունելի է բոլորի համար: Այդ դեպքում բոլոր ջանքերը պետք է ուղղել ռազմական գործողությունների վերսկսումը բացառելուն: Հասկանալի է, որ ինչ-որ մեկի չի գոհացնի նաև սա:

Չէ՞ որ մեկ անգամ չէ, որ տեսել ենք կողմերից մեկի հրաժարումը՝ հակամարտությունը կարգավորել առանց ուժի գործադրման: Կարող եմ հաստատել, որ Հեյդար Ալիևը ոչ մեկ անգամ է ասել հետևյալը. «բացառապես խաղաղ միջոցներով» (և ոչ թե՝ նախընտրելի է, ինչպես նենգորեն այսօր քողարկում են պատերազմի վերսկսման հնարավորությունը): Ի դեպ, նման համաձայնագրի կնքումը թույլ կտա արագ կերպով անցում կատարել ամենաբարդ հարցերի լուծմանը բացարձակապես այլ, շատ ավելի բարենպաստ մթնոլորտում, որը այսօր նույնիսկ մոտ չէ:

– Պարոն Կազիմիրով, Ձեր կարծիքով, ԱՄՆ դիվանագիտական ջանքերը, նկատի ունեմ Ռոյս-Ինգըլ նախաձեռնությունը, որքանո՞վ արդյունավետ կլինեն հակամարտության գոտում առկա լարվածությունը մեղմացնելու տեսանկյունից:

– Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ տեղյակ չեմ, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը: Կտեղեկանամ և կհայտնեմ կարծիքս:

Տեսանյութեր

Լրահոս