«Հայաստանը Ղարաբաղը հանձնելու ռուսական պարտադրանքից հրաժարվելու լծակներ չունի». Աղասի Ենոքյան

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ներառի տարածքների փոխանակություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ» թերթի շրջանառության մեջ դրած վերլուծական հոդվածին՝ տեղեկությամբ, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը քննարկում է տարածքների վերադարձի սցենարը: Հիշեցնենք, որ ռուսաստանյան կենտրոնամետ «Կոմերսանտ» թերթը բացահայտել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած աշխատանքային այցի նպատակը:

«Բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով, խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայումս քննարկվում է, հետևյալն է՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է՝ ևս մեկը: Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, սակայն, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիք կարող էր լինել միջազգային խաղաղարարների (ՄԱԿ, ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաև՝ Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը»,- գրում է «Կոմերսանտը»:

Աղասի Ենոքյանը նշեց, որ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որևէ կարգավորում լինի, ապա, բնականաբար, այդ կարգավորումը պետք է ներառի տարածքների փոխանակություն, այլապես այլ տիպի կարգավորում չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը չի պատկերացնում կարգավորման այլ սցենար: Այսինքն, ըստ նրա, եթե հայկական կողմը պնդում է, որ տարածքների վերադարձ չի լինելու, դա նշանակում է` կարգավորում չի լինելու, ինչը պատկերացնում են ռուսական դիվանագիտական շրջանակները ևս:

«Հարցն այն է` արդյո՞ք ներկայում Ռուսաստանը Հայաստանին կստիպի գնալ նման կարգավորման: Դեռ բավականաչափ տեղեկատվություն չունենք այս հարցին պատասխանելու համար: Կարծում եմ`Ռուսաստանը տիրապետում է բավականաչափ լծակների Հայաստանում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմության, որպեսզի կարողանա նման հարց պարտադրել Հայաստանին: Հարցն այն է` ինչո՞ւ հիմա: Ըստ իս` Ադրբեջան-Ռուսաստան շփումների բոլոր այլ խնդիրները սպառված են, և Ռուսաստանից Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղը: Սա մի տարբերակն է: Երկրորդ տարբերակը տեղեկատվական արտահոսքերն են, որոնք նպաստում են առաջին տարբերակով հակամարտության կարգավորմանը, այսինքն` աստիճանաբար հասարակությանը մոտեցնում են այն մտքին, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուն, և, այո, հենց Ռուսաստանի ձեռքով կլինի տարածքների վերադարձը: Այնպես որ, երկու դեպքում էլ խնդրի լուծման այս սցենարի հարցը պարզ է, միայն հարց է, թե երբ դա նրանք կանեն»,- ասաց Ենոքյանը` շարունակելով, թե Ադրբեջանցի պաշտոնյաների ԵՏՄ անդամակցության հայտարարությունները կարելի է տեղավորել այս կոնտեքստում, թեև հասկանալի չէ նույնիսկ, թե Ռուսաստանին ինչո՞ւ է պետք Ադրբեջանը միացնել ԵՏՄ-ին: Սակայն, վերլուծաբանի համոզմամբ, պարզ է, որ Ադրբեջանը դրա դիմաց որոշակի գին կպահանջի, և գինը, ամենայն հավանականությամբ, կլինի Ղարաբաղը:

Աղասի Ենոքյանը կարծում է, որ Հայաստանն այս սցենարը չընդունելու շատ լծակներ չունի, որովհետև Հայաստանում չկան քաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք թույլ կտան ռուսամետ կուրսից և Ռուսաստանի պարտադրանքից շեղում: «Լծակներից թվում է ռազմականը, որը, չեմ կարծում, որ Ռուսաստանի նման ճնշման դեպքում կարող է երկարատև լինել»,- նկատեց Ենոքյանը: Վերջինս դժվարանում է ասել, թե երբ ռուսական կողմը կիրականացնի իր այս սցենարները, որովհետև այդ սցենարները կային նաև քսան տարի առաջ, բայց չեն իրականացվել: Նրա համոզմամբ` ներկայում պետք է ավելի մանրամասն հաշվել բոլոր քաղաքական ռիսկերը, բոլոր քաղաքական զարգացումները, որոնք ընթանում են տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում և Ուկրաինայում:

Հարցին, թե ունենալով առճակատման մի քանի օջախներ Արևմուտքի հետ, Ռուսաստանը Հայաստանին նման կարգավորում պարտադրելով՝ ռիսկի չի՞ դիմում, Ա. Ենոքյանը պատասխանեց, թե դա ամենևին էլ ռիսկային քայլ չի լինի Ռուսաստանի համար: «Ռուսաստանը բացարձակ ոչինչ չի կորցնում, բացի Հայաստանի լոյալությունից, որը ևս չի կորցնում, որովհետև ՀՀ-ում չկա Ռուսաստանին ոչ նվիրված քաղաքական ուժ, և կարծես չի էլ նախատեսվում նման ուժի ձևավորում առաջիկայում: Ինչո՞ւ պետք է լինի Արևմուտքի հետ առճակատում, եթե Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտություն է լուծում այս սցենարի միջոցով»,- նման մտահոգություն հայտնեց Աղասի Ենոքյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս