Բաժիններ՝

Ի՞նչ է հոգեվարքը, ի՞նչ պետք է անել, եթե մարդը գտնվում է այդ վիճակում

– Ի՞նչ է հոգեվարքը: Ի՞նչ պետք է անել, եթե մարդը գտնվում է այդ վիճակում: Ի՞նչ պետք է խնդրել մեր Տեր Հիսուսից այդ մարդու համար: Կարելի՞ է խոսել մահացողի հետ, բարձր աղոթել, նստել կողքին, փորձել ջուր տալ:

– Երբ մարդը կյանքի և մահվան սահմանակետին է, հոգին պիտի անջատվի մարմնից, մարմինը ենթարկվում է ֆիզիկական տարբեր տանջանքների: Բայց հոգին կարող է նաև խաղաղ կերպով անջատվել մարմնից: Լինում են դեպքեր, երբ մարդը նույնիսկ շաբաթներով հոգին չի տալիս, երբ բժիշկները վկայում են, որ որևէ զգայարան չի գործում, տեսողություն, լսողություն չկա, միայն շնչառությունն է մնացել: Հոգու և մարմնի բաժանմանը հոգևոր մոտեցում է պետք: Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքի 95 գլուխներից ուշ միջնադարում առանձնացվել են գլուխներ, որոնք կարդացվել են կրոնավորի կողմից հոգեվարք ապրող մարդու սնարի մոտ: Այդ գլուխներում նկարագրվում է հոգու ճամփորդությունը դեպի երկինք, սրբերի բարեխոսությունն Աստծուն մահացածի համար, երկնքի արքայության դռների բաց լինելը և ողորմածության գթառատության բաղձանքը, իղձը: Իհարկե պետք է աղոթել նման պահին, սակայն պետք է անպայման հրավիրել հոգևորականի, որպեսզի նա վերջին հաղորդությունը տա մահացողին:

Հոգին կարոտ է Հիսուսի Մարմնին և Արյանը: Ինչպես Հիսուսն է խոսում Հովհաննեսի Ավետարանում` «… Ես բարձրանում եմ դեպի Իմ Հայրը և ձեր Հայրը, դեպի Իմ Աստվածը և ձեր Աստվածը» (Հովհ. 20: 17): Այդպես էլ աստվածակերպ մարդկային հոգին է վերադառնում իր նախատիպին, սավառնում երկինք: Մենք մեր աղոթքների շնորհիվ դյուրացնում ենք այդ ճանապարհը` շարժելով Աստծո գթառատությունը: Պետք է հնարավորինս խաղաղ պայմաններ ստեղծել այդ նուրբ իրավիճակում հոգու ճամփորդությունը ճիշտ կազմակերպելու համար: Դա հոգու արվեստն է, որը տրված է հոգևորականին:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս