Առանց ցամաքային գործողությունների հաջողության հասնել հնարավոր չէ. քաղաքագետ

«Սիրիան և Իրաքը հանդիսանում են պատերազմական մի դաշտ, որտեղ տեղի է ունենում պատերազմ. բոլորը՝ բոլորի դեմ: Հասկանալի է, որ Ռուսաստանի կողմից այս օպերացիայի սկիզբը հանդիսանում է ուկրաինական ճգնաժամից հետո ամենալուրջ աշխարհաքաղաքական զարգացումը՝ գլոբալ մակարդակով»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Սիրիայում օդային օպերացիա սկսելու որոշում կայացնելու վերաբերյալ կան տարբեր կարծիքներ. «Ոմանք կարծում են, որ պատճառը հենց Սիրիայի հետ է կապված. երբ սիրիական բանակը կորցրեց հյուսիսային մասերը, բավականին լուրջ խնդիրներ ստեղծվեցին: Փաստացի ստեղծվեց մի իրավիճակ, որ, եթե չլիներ ուժեղացող արտաքին օգնություն Իրաքի, Իրանի և, ամենակարևորը, Ռուսաստանի կողմից, ապա հասկանալի է, որ Ասադի ռեժիմը բավականին լուրջ խնդիրներ կունենար, և արդեն իրականություն կարող էր դառնալ լիովին ռազմական պարտությունը:

Կան նաև այլ կարծիքներ, որ Ռուսաստանի կողմից այս օպերացիայի իրականացումն ավելի շատ կապված է Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ, և միգուցե փորձ է Ռուսաստանի կողմից՝ ազատվել ուկրաինական ճգնաժամից ու եթե ոչ՝ բարելավել, ապա՝ գոնե ինչ-որ նոր նորմալիզացման աստիճան ստեղծել արևմտյան երկրների հետ: Արդյո՞ք այսպես կոչված՝ «սիրիական գամբիտը» կիրականացվի, թե՞ ոչ, դա բավական լուրջ հարց է: Առանց ցամաքային գործողությունների հաջողության հասնել հնարավոր չէ»:

Ըստ փորձագետի՝ վաղ թե ուշ հարց է դրվելու՝ և՛ օդային կոմպոնենտն ուժեղացնելու, այսինքն՝ ավելացնել ինքնաթիռների, ուղղաթիռների, ցամաքային աջակցող անձնակազմի քանակը Սիրիայում, և մյուս կողմից կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք Ռուսաստանը գոնե ինչ-որ սահմանափակ ֆորմատով կմասնակցի այդ օպերացիային, թե՞ ոչ. «Չնայած՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ մասնակցությունը ցամաքային օպերացիային այս պահին չի դիտարկվում, բայց ոչ մի բան բացառված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս