Բաժիններ՝

«Այդ ֆիլմը չի նկարվի այն պատճառով, որ ես այդ մասին բարձրաձայնել եմ». Արտավազդ Փելեշյան

Երեկ Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հայտնի  վավերագրող  ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Հանդիպումը մեկնարկեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի  ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասվում էր. «Մենք այսօր  լուսավոր մի դահլիճում ենք, հավաքված՝ մեծ վարպետի շուրջ: Արտավազդ Փելեշյանի հաղթանակը կինոյի հաղթանակն է: Մեզ համար այդ հաղթանակը հայ ոգու հաղթանակն է: Մենք՝ այսօր Հայաստանում ապրողներս, դրա կարիքը մեծապես ունենք՝ ոգու հաղթանակի կարիքը: Եվ ահա մեզ հետ է մեծագույն ռեժիսոր և արվեստագետ, հայ եզակիներից, եզակիների խմբին պատկանող  Արտավազդ Փելեշյանը՝ իր ֆիլմերով: Փելեշյանի անցաթուղթն ամբողջ աշխարհում մեր անցաթուղթն է, մեր մշակութային  աշխարհ մտնելու իրավունքը»:

Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին Վարպետի տարբեր ժամանակներում նկարած ֆիլմերից չորսը, որին հաջորդեցին  հանդիսատեսի հարցերը: Անդրադառնալով իր նկարահանած վերջին ֆիլմերին՝ Փելեշյանը նկատեց. «Ես դրանք   նկարել եմ այն ժամանակ, երբ Հայաստանը ծանր կացության մեջ էր, մութ ու խավար տարիներն էին,   ես արեցի ֆիլմերը հույսի, լույսի, վերածննդի ու նոր կյանքի համար»:
Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա առաջին ֆիլմն անող ռեժիսորներին, Ա. Փելեշյանը պատասխանեց՝ «Թող շատ ուշադիր լինեն՝ հատկապես առաջին ֆիլմը նկարելու պարագայում, որովհետև դա շատ կարևոր կարող է լինել  հետագայի համար»:
Հանդիպման ընթացքում ռեժիսորը հիշեց իր ֆիլմերից մեկի նկարահանման հետ կապված դեպք.

«Երբ նկարում էի «Տարվա եղանակները»,  ֆիլմի օպերատորին ու ադմինիստրատորին ուղարկեցի Գյուղատնտեսության նախարարություն, որ իմանան՝  Հայաստանում որտե՞ղ  ցիվիլիզացիայից հեռու գյուղ կա, ուր պահպանվել են հին ադաթները: Պարզվեց՝ Զանգեզուրում՝ ձորի մեջ մի  այդպիսի գյուղ կար,  որի մասին իմացել են միայն սովետական կարգերի հաստատումից հետո, գյուղն էլ իր հերթին՝   այդ ժամանակ  իմացավ, որ սովետական կարգեր են հաստատվել: Վեր կացանք՝ «Վոլգա» մեքենայով գնացինք,  մի կերպ գտանք ճանապարհը:

53a8Ifs6aE0sDAlS3Xt2G6lkRr

Կարդացեք նաև

Գյուղը ձորի մեջ էր: Վարորդին առաջարկեցինք ոտքով իջնել, բայց ասաց՝ չէ, կտանեմ: Ճանապարհին մեքենայի մասերը կոտրվեցին: Այդպես մեքենայի կիսակմախքով մի կերպ տեղ  հասանք: Թումանյանի հեքիաթների նման մի տեսարան բացվեց մեր առջև: Երեք ծերունի էին նստած կրակի շուրջ,  օղի էին պատրաստում` քարահունջի օղի: Բարևեցինք, հարցրեցին` ի՞նչ կա էստեղ, զարմացան մեքենայի վրա: Ասացինք` կինո ենք ուզում նկարել: Զարմացան, թե ի՞նչ է կինոն: Մեզ դա արդեն հետաքրքրեց: Կինոյի ոլորտում բառեր կան, որ նեղ մասնագիտական են, օրինակ «մասովկա»-ն՝ կադրում բավական մեծ ամբոխ է, դեմքերը չեն երևում, այդ տեսարանում նկարվելու համար  մարդուն վճարում էինք 3 ռուբլի:

Կան նաև «էպիզոդներ», որտեղ փոքր խումբ է նկարահանվում, դեմքերը, ոչ հստակ, բայց երևում են:  Դա արժեր 7 ռուբլի 50 կոպեկ: Նկարեցինք այդ մարդկանց: Երբ եկավ վճարելու ժամանակը, ֆիլմի տնօրենը հանեց ցուցակներն ու սկսեց անուն-ազգանունով լրացնել՝ ով ինչ տեսարանում է մասնակցել: Ծերունիներից մեկը մոտեցավ ու ասաց` «Ես էպիզոդնիկ եմ»:

Փելեշյանն անդրադարձավ նաև դեռևս չիրականացված «Homo Sapiens»  ֆիլմին. «90-ականներին Փարիզում Ժան Լյուկ Գոդարն ինձ տվեց իր պրոդյուսերին, որպեսզի այս ֆիլմի հետ կապված աշխատանքները գլուխ բերենք, պարզվեց՝ նկարահանումների համար  410 000  դոլար է հարկավոր, բայց այդ պրոդյուսերը կին էր, չկարողացավ հավաքել այդ գումարը»:

Անդրադառնալով իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմին, Ա. Փելեշյանն ասաց. «Ինձ թվաց, որ ռեժիսորը ֆիլմը նկարել է վերջապես Փելեշյանի լռությունը բացահայտելու համար, բայց նա էլ ինձանից բան սովորեց, և ինքն էլ լռեց»:

Փելեշյանը ներկաների խնդրանքով թվարկեց իր սիրելի ֆիլմերի եռյակը՝ Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը», «Չինաստանի ուրվականների պատմությունը»:

Հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան՝ ֆիլմի նկարահանման հետ կապված, Փելեշյանը պատասխանեց. «Այդ ֆիլմը չի նկարվի այն պատճառով, որ ես այդ մասին բարձրաձայնել եմ»: Այս թեմայի հետ կապված նա  այլևս ոչինչ չցանկացավ ավելացնել:
Հանդիպումն ավարտվեց Փելեշյանի շնորհակալական խոսքով, որ ուղղված էր միջոցառման նախաձեռնող կողմին՝ Մշակույթի նախարարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս