Դրական վարկային պատմություն ձևավորելը բխում է հենց հաճախորդի շահերից
Վարկային պատմության կարևորության, բանկի հանդեպ պարտավորությունները բարեխիղճ չկատարելու, հաճախորդների կողմից խարդախության փորձերի ու դրանց հետևանքների մասին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեցինք «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանի հետ:
– Տիկին Առաքելյան, կխնդրեմ մանրամասն պարզաբանել, եթե վարկառուն պարբերաբար ուշացրել է վարկի գծով մարումները կամ էլ ընդհանրապես հրաժարվել է դրանք կատարելուց, ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում բանկը:
– Վարկը ձևակերպելիս վարկառուները պետք է հստակ գիտակցեն, որ այդ օրվանից սկսած ձևավորում են իրենց վարկային պատմությունը, որը որոշիչ դեր է խաղալու հետագա վարկավորման ժամանակ: Հաճախորդի վարկային պատմությունը բանկի հետ համագործակցության տվյալների շտեմարան է, սկսած վարկի ձևակերպումից՝ մինչև դրա մարումը: Եթե վարկառուն ուշացնում է վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների մարումները, ապա տվյալ հաճախորդն ինքն իր համար ձևավորում է բացասական վարկային պատմություն: Հետևաբար՝ հաջորդ վարկի ստացումը տվյալ հաճախորդի համար մոտակա մի քանի տարիների ընթացքում դառնում է գրեթե անհնար: Բացասական վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն 5 տարի:
Նաև նշեմ, որ հարցը չի կարելի լուծել այլ բանկ դիմելու միջոցով: Հայաստանում գործող ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն, վարկը հաստատելուց առաջ, դիմում է վարկային բյուրո` տվյալ հաճախորդի վարկային պատմությանը ծանոթանալու նպատակով:
Ինչ վերաբերում է խնդրահարույց վարկերի վերադարձման գործընթացին, ապա այն բաղկացած է մի քանի փուլերից: Սկզբում մեր մասնագետներն աշխատում են ոչ բարեխիղճ վարկառուի հետ և փորձում վերհանել վճարումների ուշացման պատճառներն ու համապատասխան լուծումներ գտնել: Եթե վարկառուն այնուամենայնիվ հրաժարվում է իր վարկային պարտավորությունների կատարումից և պատշաճ կերպով չի արձագանքում բանկի ընդառաջ գնալու քայլերին, ապա խնդիրը լուծվում է դատական կարգով:
– Որքա՞ն հաճախ է բանկը դիմում դատարան անբարեխիղճ վարկառուներից վարկի գումարները վերադարձնելու համար:
– Համագործակցության արդյունքում բանկը և հաճախորդը հիմնականում կարողանում են երկու կողմերի համար էլ ընդունելի լուծում գտնել` առանց գործը դատարան հասցնելու, եթե, իհարկե, վարկառուն միտումնավոր չի փորձում խաբել բանկին: Լինում են դեպքեր, երբ որոշ անձինք փորձում են վարկային միջոցներ ստանալ բանկերից` ի սկզբանե նպատակ չունենալով դրանք վերադարձնել: Անգամ փորձում են թաքցնել կամ վնասել վարկի ապահովման միջոցը, օրինակ` գրավի առարկան:
Մենք հասկանում ենք, թե ոնց է աշխատում այդ խարդախության մեխանիզմը, և մշտապես կատարելագործում ենք մեր վերահսկման և սքորինգային համակարգերը` նման «կեղծ» վարկերը բացառելու համար: Այդ դեպքերում, բնականաբար, բանկը դիմում է դատարան, բայց երբ վառկառուն կամ երաշխավորը փորձում են նույնիսկ մաս-մաս վճարելով՝ մարել վարկը, ապա բանկը բոլոր հնարավոր դեպքերում գնում է ընդառաջ, նույնիսկ, եթե գործը գտնվում է հարկադիր կատարման փուլում:
Ցավոք, պետք է նշեմ նաև, որ լինում են ակնհայտ չարամտորեն գրավի առարկան ոչնչացնելու, թաքցնելու դեպքեր: Այս պարագայում հարուցվում է քրեական գործ: Բանկը օրենքի շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները նման խարդախ «վարկառուների» հանդեպ խստագույն պատժամիջոցներ կիրառելու համար: Օրինակ, քրեական գործ է հարուցվել փաստաթղթերը կեղծելու և այլ անձանց լիազորություններ տալու միջոցով բանկի գումարը խարդախության ճանապարհով ելքագրելու համար` ներգրավելով անգամ որոշ պետական ծառայողների:
Մեկ այլ դեպքում, գրավատուները թաքցնում, ոչնչացնում կամ վնասում են գրավի առարկան` մտածելով, որ որևէ պատասխանատվություն դրա համար չեն կրելու: Պատահել է դեպք, երբ գործը փակուղի տանելու նպատակով վարկառուն հրաժարվել է նոտարական կարգով իր կողմից տրված համաձայնագրերից կամ ստորագրված փաստաթղթերից: Նման վարկառուի կամ գրավատուի նկատմամբ հարուցվում է քրեական գործ` սուտ ցուցմունք տալու և դատավարությանն անհիմն խոչընդոտելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով բավականին լուրջ տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում է սահմանվում պետության, միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, եթե այն խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպությանը կամ պետությանը: Բանկային համակարգում ներկայումս առկա է նման դեպք, երբ անձն այդ հոդվածով ենթարկվել է քրեական պատասխանատվության:
Նշեմ նաև, որ որոշ անբարեխիղճ վարկառուներ գործընթացը ձգձգելու համար անգամ փորձում են զրպարտչական տեղեկատվություն տարածել բանկերի մասին, ինչը, բնականաբար, որևէ կերպ չի կարող նրանց ազատել վարկային պարտավորությունների կատարումից: Իսկ ահա զրպարտության համար նրանք պատասխանատվության կանչվում են միանշանակ: Նման դեպք ևս առկա է, երբ անձը դատարանի վճռով պարտավորվել է հրապարակայնորեն հերքել զրպարտությունը և փոխհատուցում վճարել:
Ի դեպ` ներկայումս քննարկման փուլում է գտնվում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Ըստ այդմ, ընդլայնվում է քրեական պատասխանատվություն նախատեսող այն հոդվածների ցանկը, որոնցով սահմանվում է պատիժ գրավի առարկան թաքցնելու, ոչնչացնելու և վնասելու համար:
Ուստի, մեկ անգամ ևս հորդորում ենք վարկառուներին՝ ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները, ձևավորել դրական վարկային պատմություն, իսկ խնդիրներ ծագելու դեպքում՝ զերծ մնալ խարդախության փորձերից և դիմել բանկին` հաշտության եզրեր գտնելու համար:
– Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ է նշանակում՝ դրական վարկային պատմություն: Ո՞րն է դրա առավելությունը հաճախորդի համար:
– Վարկային պատմությունը բանկի համար հաճախորդի համբավն է: Դա ցույց է տալիս, որ դու պարտաճանաչ և վստահելի հաճախորդ ես: Դրական վարկային պատմություն ձևավորելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձին անհրաժեշտ է ընդամենը ժամանակին կատարել իր վարկային պարտավորությունները: Արդյունքում` հետագայում հեշտությամբ և արագ կարող ես ստանալ մեկ այլ վարկ ևս: Ընդ որում, կարելի է հավակնել առավել բարենպաստ պայմաններով վարկավորման: Այդ առավելությունը կարող է արտահայտվել վարկի ավելի ցածր տոկոսադրույքով, մարման երկար ժամկետով կամ պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ:
Ս.ՊԵՏՐՈՍՅԱՆ