«Հյուսիս-Հարավի» համար գումար կա, սակայն նոր վարկ են վերցնում ԵԶԲ-ից
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության հիմնական մասը պետք է ավարտված լիներ 2014 թվականին, սակայն Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հ/կ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ այս պահին 500 կմ ավտոճանապարհից պատրաստ է միայն 60-70 կմ-ն։
Աշխատանքների տեմպերի դանդաղեցման պատճառը, ըստ պաշտոնական հիմնավորումների, տարբեր շինարարական կազմակերպությունների, շինարարական նյութերի գների թանկացումներն են, ինչի հետևանքով այս նպատակով ներգրավված վարկային միջոցները չեն բավականացնում ծախսերին, և աշխատանքը մնում է կիսատ։
«Մեզ համար անհասկանալի էր` ինչո՞ւ աշխատանքներն այդքան հետաձգվեցին, ինչո՞ւ վերջերս Եվրասիական զարգացման բանկը 150 մլն դոլար տրամադրեց այս նպատակով։ Մեր հարցադրումներին բանկի ներկայացուցիչները պատասխանեցին, որ պետության հաշվեհամարի վրա է գումարների մի մասը, դրանք փոխանցված են, սակայն դեռևս օգտագործված չեն, հետևաբար` պարզ հարց է առաջանում` ինչո՞ւ այդ գումարները չօգտագործած` նոր վարկ են վերցնում»,- իր մտահոգությունները հայտնեց Ս. Ադամյանը։ Նրա խոսքով` ավտոճանապարհի համար ներգրավվող այս վարկային միջոցները շատ թանկ են նստելու ժողովրդի վրա, քանի որ մենք շարունակում ենք փակել վարկը, սակայն կառուցվող ճանապարհը չենք տեսնում։
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք կամավորությամբ են զբաղվում այս հարցով և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ունենում Կապի և տրանսպորտի նախարարության հետ, քանի որ իրենց մոնիտորինգների արդյունքները հրապարակայնացնում են ԶԼՄ-ներով, և խնդիրը մնում է հասարակության ուշադրության կենտրոնում։ «Ահավոր տարբերվում է նաև ճանապարհի շինարարության որակը։ Այլ երկրներում բանկի իրականացրած նման նախագծերը շատ ավելի որակյալ են, իսկ Հայաստանում արդեն կառուցված հատվածը հարթ և երթևեկելու համար հարմար չէ, մեքենան անընդհատ շարժվում է»,- հայտնեց ֆորումի հայաստանյան ներկայացուցիչը` նշելով, որ արդեն կասկածներ ունի, որ ավտոճանապարհը երբևէ շահագործման կհանձնվի։
«Հյուսիս-Հարավի» անավարտ մնացած հատվածը, ըստ նրա, պայթյունավտանգ է, միակողմանի, երթևեկությունը` սարսափելի ծանր, վարորդները չեն կարողանում 50 կմ/ժ արագությունը գերազանցել։ Այս ճանապարհի շինարարությունը պետք է մեկնարկեր դեռևս 2009-ին, սակայն, ըստ Ս. Ադամյանի, շինարարությունը հետաձգվեց, քանի որ պատճառաբանում էին, որ որակյալ ճանապարհ ունենալու համար նոր ֆինանսական աղբյուրներ են պետք։ «Մենք երկաթգիծ չունենք, սա փաստացի կարող է դառնալ միակ արագընթաց ճանապարհը: Մենք բոլորս պարտավոր ենք ուշադիր լինել, որ այն հնարավորինս շուտ կյանքի կոչվի: Մեր ռեսուրսները չեն բավարարում մշտական մոնիտորինգի համար, սակայն ժամանակ առ ժամանակ լինում ենք կառուցվող հատվածներում և ծանոթանում կատարված աշխատանքին»,- ասաց մոնիտորինգային խմբի ղեկավարը` հավելելով, որ սկզբնական փուլում իրենք նպատակ չունեին հետևել ծրագրի ֆինանսական կատարմանը, որովհետև իրենք բնապահպանական նորմերի պահպանման խնդրով էին մտահոգ։ Քանի որ Իրանի տնտեսությունն այսօր բացվում է աշխարհի համար, Հայաստանը կարող է տրանզիտային երկիր դառնալ, և այս ավտոճանապարհը կարող է մեծ խթան լինել այս նպատակի համար։
Մեր զրուցակիցը չբացառեց, որ հնարավոր է` այս ավտոճանապարհը հետաքրքրություն առաջացնի Իրանի մոտ, և այս երկիրը կարող է իր ֆինանսական ներդրումն ունենալ կառուցման աշխատանքներում։
Ս. Ադամյանի խոսքով` որպեսզի աշխատանքներն արդյունավետ լինեն, և, ի վերջո, շինարարությունը թափ հավաքի, անհրաժեշտ է, որ բոլոր շահագրգիռ կողմերը մի սեղանի շուրջ քննարկեն առաջացած խնդիրները։ Հավելենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրի համար ևս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել Եվրոպական ներդրումային բանկը։ Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաև Եվրամիության հարևանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանին և կուղղվի 3-րդ տրանշի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաև Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը։