Աննախադեպ իրադարձություն Թուրքիայի Հանրապետությունում. թուրք նախարարը մասնակցել է հայկական եկեղեցում մատուցված պատարագին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի մատուցած պատարագին՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
Սուրբ պատարագը մատուցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, այն մատուցել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Պատարագից առաջ Վոլքան Բոզքըրին դիմավորել են Պատրիարքարանի ներկայացուցիչները, ապա Բոզքըրը հայտնվել է հայկական եկեղեցում:
Աթեշյանը հայտարարել է, որ 1916 թվականից սկսված՝ առաջին անգամ է մատուցվում պաշտոնական ճանաչված պատարագ. «Առաջին անգամ է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը մասնակցում պատարագին» (Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է 1923 թվականին – 168.am):
Իր ելույթում Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ «հայ եղբայրների հետ ունեն հազարամյա պատմություն և խոշոր սխալ է այդ պատմությանը մեկ տարվա կտրվածքով գնահատական տալը»:
Թուրք նախարարը հայտարարել է, որ իրենք ցանկանում են 1915 թվականի դեպքերի փոխարեն հետազոտել 1870-1920 թվականի արյունալի դեպքերը, որոնք խլել են բազմաթիվ մարդկային կյանքեր: Բոզքըրը կարևորել է «արդար հիշողությունը».
«Մենք ասում ենք, որ հարգում ենք մեր հայ եղբայրների վերապրած ցավերը, շարունակում ենք համարել, որ դա վատ միջադեպ է, երբեք դեմ չենք արտահայտվել այդ ցավերի հիշատակմանը, ինչի համար էլ այսօր մասնակցում ենք պատարագի»: