Սահմանային լարվածությունը կանխելու համար ծառայությունն ավելի ուժեղացված ռեժիմով է ընթանում
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին լարվածությունը վերջին 3-4 օրերին մի փոքր ակտիվացել է: Տավուշի մարզի Չինարի, Չորաթան, Արծվաբերդ գյուղերի բնակիչները, չնայած թշնամու կողմից շարունակվող կրակոցներին, շարունակում են իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ:
«Եթե մեր իմացած սովորական կրակոցներն են, գնում ենք, մեր գործն անում, եթե տեսնում ենք՝ սկսում են ավելի արագ ու հստակ ուղղությամբ կրակել, հավաքվում ենք ու տուն գալիս: Անկեղծ ասած, մենք բոլոր իրավիճակներին սովոր ենք, ուղղակի 24-ից առաջ չգիտենք՝ ինչ անակնկալ կարող է մատուցել թշնամին»,- 168.am-ի հետ զրույցում անկեղծացավ Չորաթան գյուղի բնակիչ տիկին Թամարան:
Նրա խոսքով՝ սահմանին ապրող ժողովուրդն ավելի շատ անհանգստացած է ոչ թե գյուղերի ուղղությամբ կրակոցների, այլ զինվորների անվտանգության համար:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակ առ ժամանակ թշնամու կողմից լինում են ակտիվ կրակահերթեր, սակայն այս պահի դրությամբ դեռևս իրավիճակը մտահոգիչ չէ: Անցյալ տարիների փորձը, նրա խոսքով, թույլ է տալիս նախնական կանխատեսումներ անել և չբացառել, որ առաջիկա օրերին, հատկապես՝ կեսգիշերին և կեսգիշերից ուշ, հնարավոր են ակտիվ կրակահերթեր:
«Չնայած մեր գյուղն առաջին գծում է, սակայն մենք ունենք հատուկ միջոցառումներ, որոնք, անկախ թշնամու այդ օրերի ակտիվության աստիճանից, համախմբված իրականացնելու ենք: Ապրիլի 23-ի երեկոյան նախատեսվում է մոմավառություն, իսկ 24-ին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար կբացվի գյուղում, և մարդիկ ամբողջ օրվա ընթացքում կկարողանան իրենց հարգանքի տուրքը մատուցել»,- ասաց Ս. Սաղոյանը՝ նշելով, որ ինչպես անցած տարիներին, այս տարի ևս իրենք այդ օրը լինելու են զգոն և հոգեպես կանգնած հայ զինվորի թիկունքին:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, սահմանին այս օրերին լարվածություն կա, կրակոցները հայկական դիրքերի, գյուղատնտեսական այգիների և Մովսես-Այգեպար ճանապարհի ուղղությամբ են. «Կրակոցներն այդքան էլ չեն խանգարում մարդկանց իրենց գյուղատնտեսական աշխատանքներում, սակայն, եթե առաջիկա երկու-երեք օրերին լարվածությունն աճի, ժամանակավորապես մարդիկ դաշտ դուրս չեն գա»:
Գյուղապետը կարծում է, որ այս տարի հակառակորդը, հնարավոր է, համեմատաբար ավելի պասիվ լինի սահմանին՝ հաշվի առնելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներն ու Հայաստանում սպասվող միջազգային պատվիրակությունների և հյուրերի արձագանքը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ այս օրերին որոշ ուղղություններով նպատակային գործողություններ են իրականացվել, ծառայությունն ավելի ուժեղացված ռեժիմով է ընթանում:
«Ուսումնասիրություններ են եղել, արդյունքում՝ որոշ ուղղություններով աշխատանքներ տարվել են: Այս պահին հստակ գնահատական տալ չեմ կարող՝ ինչպիսին կլինի իրավիճակը, սակայն, ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել բոլոր իրավիճակներին»,- նշեց նա:
Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը կարծում է, որ Ադրբեջանը կփորձի Թուրքիայի թելադրանքով և իր նախաձեռնությամբ բոլոր հնարավոր ձևերով խանգարել, «սև գիծ քաշել 24-ի վրայով». «Նախորդ փորձը հաշվի առնելով՝ այս տարի հակառակորդի ակտիվությունը բացառված չէ: Միջազգային հանրության բարձր մակարդակով ներկայացվածությունը Հայաստանում չի սահմանափակի թշնամուն: Նրանք ցույց կտան, որ չեն հարգում միջազգային օրենքներ, այնպես որ, զսպվածություն սպասել պետք չէ»:
Գ. Կարապետյանը նշեց, որ լարվածությունը մեծ կլինի հատկապես ԼՂՀ սահմանամերձ հատվածներում և Հայաստանի հյուսիսային ուղղությամբ. «Այսպիսի օրերին բանակը միշտ բերվում է որոշակի պատրաստվածության մակարդակի, բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Կարծում եմ և համոզված եմ, որ զոհեր չենք ունենա, մեր զորքերն արդեն փորձ ունեն նման իրավիճակներում գործելու, վերջին դիվերսիայի ժամանակ ցույց տվեցին, որ պատրաստ են դիմագրավել թշնամուն»: