«Նեղացեք Նազարբաևից, Մերկելից մի՛ նեղացեք». Ալեքսանդր Արզումանյան

«Թուրքիան միշտ է մտահոգված եղել, և ամեն տարի ապրիլին գործուղղում է որևէ պաշտոնյայի Ամերիկա, որպեսզի կանխի հնարավոր բանաձևերի ընդունումը Կոնգրեսում, կամ՝ նախագահի կողմից Ցեղասպանություն բառն օգտագործելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով՝ հիմա լուրջ բանավեճ կա ԱՄՆ Կոնգրեսում. ադմինիստրացիան բաժանված է 2 մասի՝ մի մասը պնդում է, որ պետք է արդեն Ցեղասպանություն բառն օգտագործվի, մի մասն էլ՝ հակադվում են՝ այլ, ազգային շահեր մեջբերելով, ասում են, որ հիմա դրա ժամանակը չէ. «Բայց մենք պետք է գիտակցենք, որ Օբաման ամեն տարի ապրիլին անում է հայտարարություն՝ օգտագործելով ցանկացած բառ՝ Մեծ եղեռնից սկսած մինչև մեծագույն ողբերգություն և այլն, և այլն, և մենք մշտապես պահանջում ենք ասել «Ցեղասպանություն» բառը (լավ ենք անում, որ պահանջում ենք): Բայց նաև մենք հիմա բացատրում ենք, թե ինչու Պուտինը հիմա կարող է չգալ Հայաստան: Այսինքն՝ մենք չենք ուզում մեր ամենակարևոր գործընկերը որևէ հայտարարություն անի: 20 տարի առաջ մի հատ բան են ընդունել ու քաշվել մի կողմ: Այո, սպասում ենք, և հուսով ենք, որ քանի խոսքը գնում է քաղաքակիրթ երկրի, քաղաքակիրթ նախագահի մասին, կառաջնորդվի համամարդկային արժեքներով և ոչ նեղ ազգային շահերով, բայց նաև պահանջենք, որ ԵՏՄ անդամ մեր եղբայրները չանտեսեն մեր այդ ցավը:

Օրինակ, ո՛չ Նազարբաևն է մասնակցելու, ո՛չ Լուկաշենկոն, բայց մենք նեղանում ենք, որ Մերկելը չի գալիս: Նեղացեք Նազարբաևից, Մերկելից մի նեղացեք, ի վերջո դուք Մերկելի հետ նույն միության մեջ չեք, նրանք են ձեր ընտրությունը, նրանցից էլ պահանջեք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս