«Սպիվակովն այն հազվագյուտ երաժիշտներից է, ով իր ամբողջ կյանքում մնաց երաժիշտ, նա չդարձավ բիզնեսմեն, ինչպես շատ-շատերը». Արմեն Սմբատյան
Չարլի Չապլին, Վլադիմիր Սպիվակով և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ մեկ դահլիճում. աննկարագրելի հրաշք, որը դեռ երկար չի մոռացվի:
Ապրիլի 16-ին՝ Չ.Չապլինի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրեց Չապլինի ժամը «Մեծ քաղաքի լույսերը» մուլտիմեդիա նախագիծը:
Հիշեցնենք, որ համերգը տեղի էր ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում:
Թերևս, Սպիվակովն այն հազվագյուտ արվեստագետներից է, ում համերգներին հայ հանդիսատեսը՝ իր սովորության համաձայն, չի ներկայանում քննադատի կարգավիճակով, այլ գալիս է դահլիճ՝ արվեստին մոտ գտնվելու մեծ ցանկությամբ:
Վ.Սպիվակովն ընդամենը 11 ամսական էր, երբ մայրը նրան նստեցնում էր դաշնամուրի վրա, իսկ ինքը՝ նվագում: Երբ մայրն ուրախ երաժշտություն էր նվագում, փոքրիկը փորձում էր թռչկոտել, երբ տխուր՝ ուղղակի ճոճվում էր: Եվ դաշնակահարուհի մայրն էր, որ առաջնորդել էր որդուն դեպի երաժշտության աննկարագրելի և ոչ բոլորին հասանելի աշխարհ:
Հետևելով Սպիվակովի արիստոկրատ քայլվածքին, վարվելակերպին, խոսքին, ո՞ւմ մտքով կանցներ, որ դպրոցական տարիներին՝ քիմիա առարկայով հետաքրքրության արդյունքում՝ ժամանակավոր գրեթե հեռացվել է դպրոցից: Պենիցիլինի 6 հաբ այրելով դասարանում՝ այնպիսի հոտ և խուճապ է առաջացրել, որ միանգամից 6 դաս չի կայացել: Արդյունքում՝ վրդովված հայրը նրան տանում է վարսավիրի մոտ և սափրել է տալիս որդու գլուխը:
Վարսավիրի զարմացած հարցին, թե՝ իրո՞ք սափրել է պետք, Սպիվակովի հայրը պատասխանում է. «Նա, ով կորցրել է գլուխը, մազերի մասին չպետք է մտածի»: Տխուր էր կորցնել մազերը, երբ դեռ նոր էր սկսել աղջիկներին «աչքով անել» և մազերին լիմոնադ քսելով՝ գերող սանրվածքներ ստանալ: Բացի այդ, նա պետք է այդ «սափրած գլխով» օրեր հետո բեմ բարձրանար: Եվ բարձրացավ…
Իսկ ուսուցչական կազմից Ելիզավետա Մարտինովնան զայրացած նայում էր և ճչում՝ «Спиваков, мальчик, Вас в этой школе не будет»:
Այս տեսարաններն ընդամենը մի քանիսն են այն բազում այլ հուշերից և հետաքրքիր պատմություններից, որոնց մասին իրեն հատուկ հանգստությամբ՝ պատմում է հենց Վ. Սպիվակովը՝ Սոլոմոն Վոլկովի 4 մասից բաղկացած ֆիլմում:
Զարմանալի իրողություն, երբ բեմ է բարձրանում դիրիժորը, և, բնականաբար, դահլիճին կանգնում մեջքով, ոչ ոք չի տեսնում նրա հայացքը, ժեստերը, սակայն ողջ համերգի ընթացքում հանդիսատեսը կանգնած է դիրիժորի թիկունքին՝ բառիս ամենալայն իմաստով, և նրանք՝ դիրիժոր և հանդիսատես, զգում են իրար՝ ինչպես մեկ ամբողջություն: Ակամայից հիշում ես Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որտեղ ասվում է. «Այն, ինչ կարևոր է, չես տեսնում աչքերով, զգում ես սրտով»: Համերգն ավելին էր, քան ուղղակի էմոցիայի տեղատարափ: Մենք սովոր ենք, որ դասական համերգի ժամանակ հանդիսատեսը «տիեզերական» լրջությամբ վայելում է համերգը, երբեմն՝ արթուն, երբեմն՝ ոչ այնքան… Իսկ երեկ… Երեկ տոն էր: Էկրանին՝ Չ. Չապլինի ֆիլմը, բեմում՝ նվագախումբն ու դիրիժորը, իսկ դահլիճում՝ հանդիսատես, ով պարբերաբար պոռթկում էր ծիծաղից՝ բոլոր ժամանակների կատակերգուին՝ Չապլինին նայելով:
Լրատվամիջոցները, անշուշտ, ուզում էին զրուցել մաեստրոյի հետ, ով, սակայն, հրաժարվում էր առանձին հարցազրույցներից, ասուլիսներից… Պատճառներից մեկն այն էր, որ Վ. Սպիվակովը փոքր-ինչ վատառողջ էր: Եվ Երևան գալուց օրեր առաջ նա երկար բուժվել է… Մենք զրուցեցինք ՀՀ նախագահի խորհրդարան Արմեն Սմբատյանի հետ այդ և այլ հարցերի շուրջ:
– Պարոն Սմբատյան, ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ՝ հանդիսատեսի արձագանքը համերգի վերաբերյալ:
– Հանդիսատեսի վերաբերմունքն ու մոտեցումն ակնհայտ է: Սպիվակովն այն հազվագյուտ երաժիշտներից է, ով իր ամբողջ կյանքում մնաց երաժիշտ: Նա չդարձավ բիզնեսմեն, ինչպես շատ-շատերը: Անուններ չտանք, ավելի լավ է: Նա ողջ կյանքում մնաց հավատարիմ երաժշտությանը և հավատարիմ իր ընկերներին և այն ժողովրդին, որին շատ սիրում է: Նա իսկապես սիրում է հայ մշակույթը, հայ մարդուն: Նա ասել է, որ ինչ ուզում է լինի իր կյանքում՝ անպայման պետք է գա Հայաստան: Աշխարհի բոլոր բեմերում նրան ընդունում են գրկաբաց, սակայն Հայաստանում ստացած ջերմությունն ուրիշ է:
– Հետաքրքիր ժամ է ընտրված համերգների համար՝ 19:15:
– Դա ընտրել է Երիտասարդական նվագախմբի դիրիժորը՝ Սերգեյ Սմբատյանը: 19:15 ժամը դա 1915 թիվն է խորհրդանշում: Բոլոր համերգները, որոնք տեղի են ունենում, հենց այդ ժամին են նշանակված:
– Ինչո՞ւ այս անգամ Սպիվակովը չցանկացավ հարցազրույցներ կամ ասուլիսներ անցկացնել լրատվամիջոցների հետ:
– Անկեղծ ասեմ. Սպիվակովը դեռ 10 օր առաջ պառկած էր՝ թոքերի բորբոքումով: Օրական 15 հաբ էր խմում: Հիվանդությունով եկել է Երևան: Հազիվ պահում է էներգիան, որ կարողանա բեմ դուրս գալ: Դա է միայն, ուրիշ պատճառ չկա:
– Իսկ հիմա իրեն լա՞վ է զգում:
– Հիմա նորմալ է, բայց կրկին դեղերով: Թույլ է, շատ թույլ է: Երեկոյան նստում ենք, որ ընթրենք, մի քիչ նստում է, հետո գնում է պառկում, որ հանգստանա, որպեսզի կրկին բեմ բարձրանա: Գիտեք՝ բեմ բարձրանալը միայն այդ տոնը չէ: Դա մեծ պատասխանատվություն է, էներգիա է և շատ մեծ ու ծանր աշխատանք:
– Իսկ կարողացե՞լ է որևէ տեղ այցելել այս մի քանի օրվա ընթացքում:
– Այս անգամ՝ ոչ: Միայն հյուրանոց-բեմ՝ բեմից՝ հյուրանոց: Իսկ վաղն առավոտյան արդեն մեկնում են: