Բաժիններ՝

«Օվկիանոսի հետքերով»

Արձակագիր Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952-ին, Երևանում: Սովորել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Իր օրոք հրատարակված միակ գիրքը` «Անծանոթ ինքնակենսագրությունը», լույս է տեսել 1980 թվականին: 70-ականների վերջերին Ֆիլյանը ճամփորդել է Ֆրանսիայում, Եգիպտոսում, Հորդանանում և վերջապես հաստատվել Հնդկաստանի Գոա նահանգում, որտեղ ուսումնասիրել և դասավանդել է յոգա, երաժշտություն, կարատե, և նույն նահանգում էլ 1983-ին սպանվել է: Հայ արձակի ամենատարբերվող ու յուրօրինակ գրողներից մեկը ոչ իր օրոք, ոչ էլ դրանից հետո մեծ ճանաչման չի արժանացել: Ռուբեն Ֆիլյանի մինչ օրս հայտնի վերջին ստեղծագործությունը «Քո երկրի դեսպանը» վեպն է, որը 1992-ին հրատարակվել է հետմահու, հոր` Պարգև Ֆիլյանի հովանավորությամբ:

ԽՍՀՄ «լճացման» տարիներին նա վերցրեց ճամպրուկը, թռչեց ժամանակի ու տարածության միջով ու հայտնվեց երկաթե վարագույրի հակառակ կողմում: Հնդկաստանի Գոա նահանգում ինքնաբացահայտվելով՝ նա օվկիանոսից այլևս երբեք չվերադարձավ, իսկ իրեն գտնելու միայն մի ճանապարհ թողեց` գրականությունը:
Տարիներ անց Ռուբեն Ֆիլյանին փնտրում ու գտնում է հայ ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը:

Ինչպե՞ս ու որտե՞ղ բացահայտեցիր Ռուբենին. քե՞զ գտար Ռուբենի մեջ, թե՞ Ռուբենին` քո:

Գրողներին ընթերցանությունն է բացահայտում: Հայ արձակի պատմությունն իր բոլոր դրսևորումներով չի կարող ինձ համար հետաքրքրական չլինել: Հենց ուսումնասիրությունների ճանապարհն էլ ինձ բացահայտեց Ռուբեն Ֆիլյանի արվեստը: Սկզբում Վարդան Ֆերեշեթյանից լսեցի նրա անունը, հետո գրադարանում գտա «Քո երկրի դեսպանը» և կարդացի, որ հետո շատ անգամներ վերընթերցեցի:
Ես միշտ էլ որպես ընթերցող՝ վերապրում եմ ինքս ինձ այն բոլոր գրողների գրքերում, ովքեր մեծ հետաքրքրություն են առաջացնում: Շատ չեն արևելահայ արձակի նմուշներ, որոնցով երկար ժամանակ տարված լինեմ:

11158099_10204433526942444_248839297_n«Քո երկրի դեսպանը» գիրքն իմ գրադարակում բացառիկների շարքում է՝ մյուս բոլոր սիրելի գրքերի կողքին: Ինքներդ կարող եք փորձել, ասենք, ընթերցել «Հեքիաթ փուչ ընկույզների մասին» պատմվածքը և մտաբերել՝ նմանօրինակ մտածողությամբ ու երևակայությամբ ի՞նչ գործի եք հանդիպել մեր արձակում:

Կարդացեք նաև

Ֆիլյանական ոճի այլությունը, բազմաձայնությունը, կլիշեի դեմ դուրս գալու ըմբոստությունը, դիտակետի շրջումը, թեմաների ընտրությունը, արձակի ձևավորված ավանդույթներին չենթարկվելու մղումը, նոր ճանապարհների որոնումը… այս ամենից հետո դժվար է ու անթույլատրելի գրքի ու հեղինակի մասին երկար չմտածելը:

Ռուբենի գրքից մի օրինակ գտա Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, հետո ուզում էի գնել գիրքը, հին գրավաճառների մոտ անվերջ հարցուփորձ էի անում, և մի օր նրանցից մեկը ճանաչեց Ռուբենին. ասաց «Հա, ոնց որ գիտեմ, որ փոքր-փոքր պատմություններ էր գրո՞ւմ», և պահեստից գտավ-բերեց «Քո երկրի դեսպանը»:

Ի՞նչ կա «Հեքիաթ փուչ ընկույզների մասին» պատմվածքի ու ընդհանրապես փուչ ընկույզների մեջ:

Կա բացակայությունը ու դրա հանդեպ անսահման հավատը. բացակայությունից սկիզբ առնող աշխարհը:

32 տարի է, ինչ Ֆիլյանը ֆիզիկապես երկրի վրա չէ, իսկ մտածե՞լ ես, թե որտե՞ղ է, ինչպե՞ս է վերադառնում երկիր, կամ գուցե երբեք էլ չի եղել, կամ ճիշտ հակառակը` երբեք չի գնացել:

– Որտեղի և ինչպեսի մասին Ռուբեն Ֆիլյանից լավ ոչ ոք ասել չի կարող, ահա.
«Ներքին ձայնի ժպիտն եմ, գիտակցության ու ենթագիտակցության բոլոր շերտերի ժպիտը, սիրո ժպիտը, մահվանն էլ, կասկածի ժպիտը, շնչելու ժպիտը և ոչ միայն ժպիտը` արտահայտությունը, տեսքը, գույնը, զգացողությունների ամփոփված վիճակը, կապը, արմատը, թիկունքը, լրտեսը, հմայքը, պարծանքը, շփոթությունը, սիրուհին, կորուստը, գանձը, ներկայացուցիչը, դեսպանը, հայելին, ստվերը, կուռքը, ժպիտը, վիճակը, ծիծաղը, տարիքը, հենց ինքը և էլի ժպիտը: Ու ես անմահ եմ, որովհետև ինչքան էլ պինդ մեխեն մեր կափարիչը, միևնույն է, ես օդում կարծրացած, նորից չեզոք ջրերի ալիքի վրա կնիրհեմ» («Անծանոթ ինքնակենսագրություն»):
(9

Ընթերցողուսումնասիրող անցումն ինչպե՞ս տեղի ունեցավ:

– Գրականությունը պայմանավորված է հեղինակի կյանքով և գործունեությամբ: Եթե գործերն ուժեղ ներազդեցություն են ունենում, փորձում ես հասկանալ, պատկերահանել միջավայրը, աշխարհը, ժամանակը, հոսանքները, որոնք ստեղծել են գրողին: Եվ այս ամենի ուսումնասիրությունը ևս գրականություն է, ֆիլյանական ընթերցանության շարունակությունը՝ Բիթիասից՝ Խորհրդային Հայաստան, Երևանից՝ Փարիզ, ապա՝ Եգիպտոս, Հորդանան, վերջում Հնդկաստան՝ Գոա, որտեղ մոլորակի տարբեր ծայրերից հավաքվել էին կորուսյալ դրախտի որոնողները, ազատությամբ և լույսով լցված երիտասարդությունը:

Ռուբեն Ֆիլյանը՝ որպես գրող, ով ոչ իր ապրած ժամանակաշրջանում է հայտնի ու հանրային եղել, ոչ էլ հիմա, կարիք ունի՞ ուսումնասիրման, բացահայտման և հանրայնացման:

– Հանրայնացնել այն, ինչ փնտրել ես, գտել, բացահայտել՝ իմաստ չունի, եթե հաջողվի՝ կուզեի գրել Ռուբենի գրականության ու նրա անցած ուղու մասին: Երևի նա երջանիկ կլիներ, որ փոքր, բայց լավ միջավայրում է ընթերցվում ու քննարկվում իր գիրքը, որովհետև մեծ հաշվով՝ Ռուբենին՝ որպես հեղինակ, ընթերցողական լայն լսարանները չեն էլ հետաքրքրել, դրա մասին ակնհայտորեն խոսում են իր պատմվածքներն ու վեպը: 70-ականներին Խորհրդային Հայաստանում ստեղծվող գրականության, մասնավորապես՝ արձակի մտածողությունն ու երևակայությունը լրիվ ուրիշ տեղերում էր, իսկ Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը, որն այդպես էլ չտպագրվեց, բացարձակ ուրիշ բաղադրություն ունի: Իսկ ինչպես գիտենք՝ այդ ուրիշությունը ամբողջատիրության գլխավոր վախերից էր: Խորհրդային շրջանում բազմաքանակ գրողներ հայտնի ու հանրային են եղել, դա նրանց գրականության համար որպես փրկօղակ չի ծառայել: Յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է ուսումնասիրել և բացահայտել այն գրողին, որի գործերն իր համար մեծ հետաքրքրություն են առաջացնում, և խոսել դրա մասին: Ինչո՞ւ խոսել, որովհետև գրականության մասին խոսելն ընթերցանության շարունակություն է, կամ դրա ձևերից մեկը:

Գիրքը վերահրատարակելով՝ միայն գրականությունը փոխանցելու մի՞տք ունես, թե՞ այլ խորհուրդ էլ կա: Ե՞րբ ու ի՞նչ փոփոխություններով պատրաստ կլինի վերահրատարակված տարբերակը:

– Որ ընթերցողը ճանաչի արևելահայ արձակի ամենաինքնատիպ աշխարհայացք ունեցող գրողներից մեկին ու վայելք ապրի նրա գրականությունից, որն իր մեջ կրում է և հայ, և եվրոպական, և արևելյան մտքի հարուստ շերտեր: Հնարավոր է՝ աշնանը վերահրատարակվի «Քո երկրի դեսպանը» վեպը, այնուհետև կարճ արձակը՝ առանձին գրքով: Վեպի երկրորդ հրատարակության մեջ կներառվեն նաև որոշ հատվածներ, որոնք դուրս են մնացել առաջին հրատարակության ժամանակ:

Ո՞ր երկրի, ու՞մ և կամ ինչի՞ դեսպանն էր Ռուբեն Ֆիլյանը:

-Ռուբեն Ֆիլյանն իր հայրենիքի և ընդհանրապես աշխարհի ազատության դեսպաններից էր, որի մասին վկայում է թե՛ իր հրաշալի գիրքը, և թե՛ իր լուսավոր կյանքը:

Մարիամ Եղիազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս