
Իսրայելը կարող է զենքի մատակարարումներ սկսել Ուկրաինային. NRG

NRG-ի փոխանցմամբ՝ Իսրայելը կարող է զենքի մատակարարումներ սկսել Ուկրաինային՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու վրա դրված արգելքի վերացմանը:
Այս մասին հայտնել է Իսրայելի ռազմական շրջանակներում նրա աղբյուրը: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ պետական մակարդակով դեռ որևէ որոշում չի կայացվել ուկրաինական բանակին սպառազինություն մատակարարելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 13-ին վերացրել է Իրանին C-300 ԶՀՀ-ներ մատակարարելու վրա դրված արգելքը: Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ: