Մենք պետք է ստեղծենք արտահանման մի հարթակ, որ այստեղից արտահանեն. Սամսոն Ավետյան
Հայաստանում Հարվարդի համալսարանի շրջանավարտների ակումբի անդամ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է տնտեսական խնդիրներին և վերջին շրջանի տնտեսական զարգացումներին:
– Պաշտոնական վիճակագրությունն արտահանման և ներմուծման էական նվազում են արձանագրել, այնուամենայնիվ, խնդիրները կարգավորելու ուղղությամբ տեսանելի քայլեր կարծես թե չեն ձեռնարկվում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– Սա միայն Հայաստանի հետ կապված խնդիր չէ. միջազգային տնտեսության վիճակն առանձնապես առողջ չէ, որն ազդում է նաև մեր երկրի վրա: Հայաստանի արտահանման հիմնական մասը կազմում են մետաղները, որոնց գներն ամիսներ շարունակ մոտ 50 տոկոսով ընկել են: Ներկրման վրա էլ ազդում է սպառողական շուկան. այն թուլացել է, տրանսֆերտների ծավալները կրճատվել են, արտարժույթի քանակն էլ քչացել է: Ահա ներկրման վրա ազդող հիմնական գործոնները:
Երկարաժամկետ ռազմավարություն պետք է մշակվեր, որպեսզի խթանվեր արտահանումը, անկախացումից հետո այդ ուղղությամբ չեն մտածել, կամ, եթե մտածել են՝ լուրջ քայլեր չեն ձեռնարկել: Եթե կարողանանք արտահանման համար պայմաններ ապահովել, մեր գործարարները ներկրումից կանցնեն դեպի արտահանման, դրսի գործարարների համար մեր շուկան գրավիչ և հետաքրքիր կլինի, որպեսզի գան, ներդրումներ անեն և այստեղից արտահանեն: Մեր շուկան փոքր է և շատերին պետք չէ։ Մենք պետք է ստեղծենք արտահանման մի հարթակ, որ այստեղից արտահանումներ իրականացվեն:
– Եթե տարեսկզբից դիտարկենք իրավիճակը, Նովրուզը, հետո ապրիլի 24-ի սպասվող այցերը Հայաստան մի թեթև շունչ են տալիս տնտեսությանը՝ զբոսաշրջիկների ներհոսքի առումով։ Սակայն, ընդհանուր առմամբ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ հետագայում նույնպես տուրիստական հոսքեր ապահովելու համար: Միգուցե մշակութային միջոցառումներ կամ ՏՏ ոլորտի հետ կապված նախագծե՞ր։
– Հիմա զբոսաշրջիկների քանակը կավելանա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Նախկինում էլ ռոք և այլ համերգներ էին կազմակերպվում, և Իրանից տուրիստներ գալիս էին. նման միջոցառումները պետք է շատ կազմակերպվեն: Բայց դրանք ակցիայի նման բան են, երկարաժամկետ ռազմավարություն պետք է մշակվի, որ երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ երկիր դառնա: Սպասարկման որակը պետք է լավը լինի, ենթակառուցվածքները զարգացած լինեն, գներն էլ առանձնապես բարձր չլինեն:
Մշակույթը շատ գրավիչ է, իսկ ՏՏ ոլորտը՝ չգիտեմ՝ ինչպե՞ս կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Չինաստանի ուղղությամբ, չգիտեմ՝ ինչքան PR և մարքետինգ է արվում. Չինաստանը կարևոր զբոսաշրջային շուկան է, նրանք ավելի են շրջում, սպառման կարողություններ ունեն։ Չգիտեմ՝ այս ուղղությամբ ինչքան են աշխատում մեր պատկան մարմինները, սակայն, քանի որ ես անձամբ չեմ տեսնում չինացիների Երևանում, նշանակում է՝ այստեղ անելիքներ ունենք:
– Անդրադառնալով բանկային համակարգին՝ մի շարք տնտեսագետների կարծիքով, Կենտրոնական բանկը պետք է վերաֆինանսավորման տոսկոսադրույքը նվազեցնի՝ տնտեսական ակտիվությունը խթանելու համար։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։
– Կարծում եմ՝ ճիշտ կլինի նվազեցնելը։ Բարձրացրել են, որ դրամի գինը չընկնի, սակայն երկարաժամկետ դրամն այսպես պահելը ճիշտ չի լինի, այսպես մեր տնտեսությանն ենք խփում: Ինչքանով իջեցնենք տոկոսադրույքը, տնտեսական առումով այնքանով կխթանվեն ներդրումները, արժույթի գինն ընկնելով՝ արտահանումը կխթանվի:
– Պետական մակարդակում դեռ լիահույս են, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դեռ կտա սպասված արդյունքները։ Արդեն մի քանի ամիս է անցել, տեսնո՞ւմ եք արդյոք նախադրյալներ այս ուղղությամբ հաջող գործունեություն ծավալելու համար, ո˚ր ուղղություններով կարելի է այս շուկայի հետ աշխատել:
– Մաքսային տոկոսադրույքների իջեցումը 3-5 տոկոսով, երբ մեր արժույթն արժևորվել է ռուբլու համեմատ 20-30 տոկոսով… եթե արտահանողներին հարցնենք, այն առանձնապես ոչինչ չի փոխում: ԵՏՄ-ի հետ կապված՝ ասեմ, որ մենք՝ որպես փոքր զարգացող երկիր, շատ տեղ ունենք դասեր քաղելու զարգացած և մրցունակ երկրներից: Ցավոք սրտի, ԵՏՄ-ում մրցունակ տնտեսական ոլորտների քանակը շատ քիչ է: Բացի դրանից, այս տարածաշրջանը նախկինում էլ բաց էր, 2-3 տոկոսը կամ 5 տոկոսը երկարաժամկետ այդքան էլ կարևոր չէ մեր տնտեսության համար:
– Քննարկվում են նաև Իրանի հետ համագործակցության հեռանկարները։ Կարծիքներ կան, որ եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվեն, Հայաստանը կարող է այս երկրի հետ տնտեսական համագործակցություն ծավալել, մասնավորապես, տրանզիտային երկիր դառնալ դեպի ԵՏՄ Իրանի արտահանման համար: Տեսնո՞ւմ եք նման հեռանկար:
– Իրանի շուկան փակ շուկա է, այդքան էլ հեշտ չէ համագործակցության համար: Այս պահին դժվար է ասել՝ որոնք կլինեն օգուտները։ Պետք է հասկանալ՝ ԵՏՄ շուկան ինչքանո՞վ է դրական ու երկարաժամկետ, թե ԵՏՄ-ն՝ որպես առևտրային տարածաշրջան, ինչ պոտենցիալ ունի Իրանի համար, և ինչպես Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային երկիր: Պետք է նշել, որ ոչ մի երկիր տրանզիտային լինելով՝ չի հարստացել ու իր հասարակության համար եկամուտներ չի բերել, մենք պետք է մեր երկրի մասին մտածենք:
Պետք է նայել՝ որ ոլորտներն են մեր մոտ մրցունակ՝ տուրիզմ, ՏՏ ոլորտ… արդյունաբերություն չունենք, գյուղատնտեսությունը մրցունակ լինել Իրանի հանդեպ չի կարող: Եթե տուրիզմն է մրցունակ, սանկցիաներից հետո այն ավելի կզարգանա, մեր ՏՏ ոլորտն աշխատում է ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների համար, ոլորտը զարգանում է, իրենք աշխատում են բաց և առանց ռեգուլյացիաների շուկաներում։ Այս առումով դժվար է ասել՝ ինչքանով Իրանի շուկան իրենց համար գրավիչ կարող է լինել: