Հռոմի պապի հայտարարությունը նշանակություն չունի մեզ համար. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վերստին անդրադարձել է Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարությանը

Չավուշօղլուն Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում այցելել է իշխող կուսակցության գրասենյակ և հայտարարել, որ Հռոմի պապի հայտարարությունը «նշանակություն չունի» իրենց համար: Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի ներսում որ արտերկրում Թուրքիայի դեմ կամպանիաներ են ծավալել և անհրաժեշտ է հակազդել դրանց.

«Ցավերի հարցում չպետք է կիրառել խտրականություն: Չնայած նրան, որ Բոսնիայի դեպքերի վերաբերյալ կա դատարանի որոշում՝ Հռոմի պապը դրանք չի անվանում ցեղասպանություն: Ինչո՞ւ: Որովհետև այդ դեպքում խոսքը մուսուլմանների մասին է: Միևնույն ժամանակ Հռոմի պապը ցեղասպանություն է անվանում 1915 թվականի դեպքերը, որոնց վերաբերյալ չկա դատարանի որևէ որոշում, ՄԱԿ-ի որոշում:

1915 թվականի դեպքերի հետ կապված՝ եկեք ստեղծենք հանձնաժողով, բացենք արխիվները, թող գան գիտնականները, այդ թվում նաև երրորդ երկրից: Եթե Վատիկանում էլ կա նմանատիպ գիտնական, ապա թող նա էլ ուղարկի: Մենք ի սկզբանե ասել ենք, որ կընդունենք նրանց ստացած եզրակացությունը:

Հռոմի պապն այդ հայտարարությունն արել է՝ ամբողջովին գտնվելով կրոնական ազգայնամոլության, լոբբինգի ու քարոզչության ազդեցության տակ: Այդպիսի հայտարարությունը նշանակություն չունի մեզ համար»:

Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Չավուշօղլուն, գտնվելով Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում, հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը «անհիմն և անընդունելի» է:

Տեսանյութեր

Լրահոս