
Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը որակել է «անընդունելի»

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ուլան Բատորում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարար Լունդեգ Փուրեվսուրենի հետ, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:
Չավուշօղլուն անդրադարձել է Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարությանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունը «անընդունելի է և խեղաթյուրում» է պատմությունը.
«Հռոմի պապի այդ հայտարարությունները հեռու են պատմական ճշմարտությունից ու օրենքից: Դրանք անընդունելի են: Կրոնական գործիչները չպետք է հանդես գան այդօրինակ անհիմն հայտարարություններով, որոնք բորբոքում են ատելություն ու թշնամություն:
Հռոմի պապի արած հայտարարությունը չունի իրավական ուժ: Նախևառաջ թե՛ Հռոմի պապի, թե՛ հայ ներկայացուցիչների արած հայտարարություններն անհամատեղելի են պատմական ու իրավական իրողությունների հետ»:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Հռոմի պապը 2014 թվականի նոյեմբերի 28-30-ին այցելել է Թուրքիա և հայտարարել, որ Թուրքիայում նրա արած հայտարարությունները տարբերվում են նրա երեկվա հայտարարությունից: