Բաժիններ՝

Համաներում կլինի՞

Մամուլում շարունակվում են տեղեկություններ տարածվել այն մասին, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաներում կհայտարարվի: Քննարկվում է, որ այս անգամ համաներումն ավելի ընդգրկուն կլինի, քան նախորդ տարիներիներին: Պաշտոնապես այս տեղեկությունները ո՛չ հերքում, ոչ էլ հաստատում են. ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հարցի պատասխանը՝ նախապատրաստվո՞ւմ է արդյոքն համաներում հայտարարելու մասին նախագիծ, նախարարության իրավասության շրջանակներում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ Ազգային ժողովը՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ: Իսկ ՀՀ նախագահի նստավայրից մեր հարցմանը չեն պատասխանել:

Երեկ մեզ հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Հայաստանի նման թերի դատական համակարգ ունեցող երկրներում համաներման ինստիտուտը երևի թե անհրաժեշտություն է դառնում:

«Քանի որ արդարադատության իրականացումն ինքնին կասկածելի է և շատ դեպքերում բացակայում է, պետությունն այս եղանակով բալանսավորում է արդարադատության պակասը: Այդ առումով, իհարկե, ողջունելի է՝ թեպետ ողջունելի պետք է լիներ արդար դատական համակարգի գոյությունը: Մյուս կողմից, իհարկե, ցանակացած համաներումից հետո խնդիրներ են առաջնում հանցագործության կտրուկ աճի հետ, որոնք լուծելու համար իրավապահ մարմիններից պահանջվում են լրացուցիչ և երկարատև ջանքեր:

Ընդհանուր առմամբ, իհարկե, համաներում հայտարարելուն ավելի շատ կողմ եմ, քան դեմ: Ինչ վերաբերում է այս անգամ սպասվելիք համաներմանը, ապա զուտ ասեկոսեներից կարող եմ ենթադրել, որ բավականին մեծ է լինելու և շատ մարդկանց վրա է տարածվելու: Այսպես ասեմ՝ կոնկրետ գործերով, երբ մեղադրյալի պաշտպան ես, բնականաբար, կողմ ես: Իսկ երբ տուժողի ներկայացուցիչ ես, բնականաբար, այնքան էլ կողմ չես»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որոշում ընդունելիս պետք է հաշվի առնել ընդհանուր կրիմինոգեն վիճակը, համաներման նախկին կիրառումները, դրանից հետո ստեղծված վիճակը: «Այսինքն՝ պետք է լինի հստակ, մշակված և ունենա հստակ թիրախներ: Եթե պետությունը որոշել է բոլորին բաց թողնել, ապա պետք է նաև հասկանա, թե ինչ է մեզ՝ խաղաղ բնակչությանը սպասվում դրանից հետո».- ասում է նա:

Կարդացեք նաև

Փաստաբանի խոսքով՝ 2013թ. ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը որոշակի թերություններ ուներ մասնավորապես՝ գույքային հարցերի դեպքում. «Եթե կար գույքային կամ գումարային վեճ, համաներումը չէր կիրառվում, և մեր իրավապահները, ովքեր կիրառում էին համաներումը, շատ անհասկանալի վիճակների առջև են կանգնել, քանի որ, կոպիտ ասած, անձը տուժողից կախյալ էր դառնում, և տուժողն անընդհատ կարող էր, օրինակ, ինչ-ոչ խելագար գումար պահանջել, որը դեպքի հետ կապ չուներ, և այդ պատճառով համաներում չկիրառվեր: Եթե համաներում է, ուրեմն՝ համաներում է, համաներման կիրառումը չի կարելի փաստացի թողնել մարդկանց ձեռքին: Այդ հարցում, օրինակ, հստակություն չկար: Ես շատ կցանկանայի, որ սպասվող համաներման մեջ այդ խնդիրը չլիներ, ունենար հստակ լուծում»:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում մեկուսարանները գերծանրաբեռնված են, ինչը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր դեպքերում անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանավորումը՝ չնայած այն պետք է լիներ բացառիկ խափանման միջոց, և համաներման արդյունքում հնարավոր է լինում լիցքաթափել մեկուսարանները.

«Ուստիև նկատի ունենալով նաև այդ հարցը, գտնում եմ, որ այս պահի դրությամբ համաներման կիրառումն անհրաժեշտություն է՝ չնայած ընդհանրապես գնում եմ, որ համաներման կիրառումը կարծես թե այսքան արագ-արագ չպիտի լիներ: Սակայն Հայաստանի նման երկրում, որտեղ դատարաններն արդարադատություն չեն իրակացնում և անձանց նկատմամբ կալանքը համատարած ընտրվում է որպես խափանման միջոց, դատական ակտերը անձանց նկատմամբ շատ երկար տարիներով ազատազրկում են նախատեսում, յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ համաներման կիրառումը գրեթե անհրաժեշտություն է դարձել»:

Մեր հարցին՝ արդյոք նախորդ տարիներին հայտարարված համաներումների տեքստերում նկատե՞լ է թերություններ, որոնք անհրաժեշտ է շտկել, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր տարվա համաներման ակտում մենք նկատում ենք պարտադիր հոդվածներ, որոնցով հստակ երևում է, որ կոնկրետ անձանց նկատմամբ համաներում չտարածելու համար հոդվածները հանվում են համաներման ցուցակներից կամ հակառակը. հոդվածներ, որոնք չպիտի լինեին համաներման ակտում, ներառվում են համաներման ակտում, որպեսզի կոնկրետ անձանց նկատմամբ կիրառելի լինեն: Համաներումն այպիսի ակտ է, որ հնարավոր չէ ասել, թե ինչու պետք է անպայման այս հոդվածի վրա տարածվի, այն հոդվածի վրա չտարածվի: Սակայն համաներման ակտը պետք է տրամաբանություն ունենա, թե հատկապես ինչու չի կիրառվում որոշակի հոդվածների նկատմամբ: Հուսանք՝ այս անգամվա համաներման ակտը այդպիսի հատուկ նորմեր չի պարունակի իր մեջ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս