Թագավորական ընդունելություն. արևմտյան ԶԼՄ-ների արձագանքը Քիմ Քարդաշյանի երևանյան այցին
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի երևանյան այցը լայնորեն լուսաբանվել է արևմտյան անվանի ԶԼՄ-ների կողմից: The International Business Times-ը գրում է, որ Քիմը Հայաստան է մեկնել իր ամուսնու` Քանյե Վեսթի ու կրտսեր դստեր` Նորթի հետ:
Ընդգծվում է, որ եռյակի այդ ճամփորդությունը տևել է բավական երկար` գրեթե 15 ժամ, և կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Հաղորդվում է նաև, որ սա Քիմ Քարդաշյանի առաջին այցն է Հայաստան:
The Guardian-ը նույնպես գրել է, որ Քիմ Քարդաշյանը մեկնել է Երևան` հարգանքի տուրք մատուցելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Թերթը նշում է, որ այցի ընթացքում պլանավորված չեն պաշտոնական հանդիպումներ ու մամուլի ասուլիսներ:
Թերթի տեղեկություններով` Քիմ Քարդաշյանն ամուսնու և դստեր, ինչպես նաև իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
The Daily Mail պարբերականը գրել է, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանում արժանացել է թագավորական ընդունելության: Քիմի գալստյան հետ կապված` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են տարազով աղջիկներ, որոնք աղուհացով են դիմավորել սև ակնոցով Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքի անդամներին:
Քարդաշյանի երևանյան այցին անդրադարձել են նաև The New York Times-ը, New York Daily News-ը, Centre Daily Times-ը, The Telegraph-ը, USA TODAY-ը, il Giornale-ը և այլք: