Գազային եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բեռլինում. Եվրոպական հանձնաժողով
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և իր մասնակցությամբ եռակողմ հաջորդ հանդիպումն անցկացվելու է ապրիլի 14-ին, Բեռլինում: Դրա ժամանակ քննարկվելու են գազային վիճելի հարցեր:
Այս մասին Բրյուսելում այսօր հայտարարել Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Կաիսա Իտկոնենը. «Ես կարող եմ հաստատել, որ հանձնաժողովի, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է ապրիլի 14-ին, Բեռլինում»:
Իտկոնենը հիշեցրել է, որ բանակցությունների թեման լինելու են Ուկրաինայի գազապաստարանները գազով լցնելն ու Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելը:
Ապրիլի 1-ին «Ուկրաինայի Նավթոգազը» և ռուսական «Գազպրոմը» պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինան մատակարարվող ռուսական գազի համար վճարելու է 248 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել է, որ ներկա դրությամբ Ուկրաինայի համար եվրոպական գազի գինը կազմում է 1000 խորանարդ մետրի համար 270-280 դոլար: