Կոնստանտին Ռայկին. «Չեմ էլ ուզում պատմության մեջ մնալ, թքած ունեմ դրա վրա»
Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել ռուս հայտնի դերասան Կոնստանտին Ռայկինի խաղը: Վերջինս ժամանել է Հայաստան իր հայտնի «Своим голосом» ներկայացումը հայաստանյան հանդիսատեսին մատուցելու համար: Դերասանն այս մոնո-ներկայացումը համարում է իր կյանքի ներկայացումը և դրանով ներկայանում է աշխարհի հանդիսատեսին մոտ 40 տարի:
Դերասանը Հայաստան այցելելու առաջարկը ստացել է Ռուսաստանի մշակույթի նախարարությունից, ու չնայած շատ զբաղված օրակարգին՝ չի մերժել առաջարկը և այսօր Հայաստանում է. «Իմ գրաֆիկը նույնիսկ մեկ տարի առաջ է գրվում, անգամ ժամերն են գրված, ու գրեթե երբեք իմ ժամանակացույցը չի փոխվում, և, իրոք, ինձ համար դժվար էր այս անգամ կտրվել իմ գործերից, բայց ես դա արեցի, որովհետև ինձ համար սա կարևոր համարեցի: Մեծ ներկայացումով չէինք կարող հանդես գալ, դա շատ ծանր բան է, ու, ցավոք, չէինք կարող այդպես վերցնել ու գալ, դրա համար կա մի ներկայացում, որ շատ հեշտ է բեմադրված, և դա ես նույնիսկ իմ կյանքի ներկայացումն եմ համարում, քանի որ այն խաղում եմ երևի թե մի 40 տարի, իհարկե, այն փոփոխվում է. դե, ես նույնպես փոխվում եմ: Այդ ներկայացումով ես ամբողջ աշխարհն եմ շրջել, այն իմ կյանքի ներկայացումն է»:
Կոնստանտին Ռայկինն այժմ Ռուսաստանի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, արդեն 27 տարի ղեկավարում է թատրոնը, որտեղ նա և՛ խաղում է, և՛ ներկայացումներն է դնում: Նա նաև ղեկավարում է թատրոնին կից թատերական դպրոցը, որը հայտնի է հենց՝ որպես «Կոնստանտին Ռայկինի թատերական դպրոց»: Այժմ Կոնստանտին Ռայկինն իրեն համարում է և՛ դերասան, և՛ ռեժիսոր և՛ նաև ուսուցիչ, այս ամենի հետ միասին՝ իրեն շատ համեստ մարդ է համարում:
Պատմելով իր մասին՝ դերասանն ասաց նաև, որ ինքն այժմ կինոյում առահասարակ չի հայտնվում, կինոն շատ սիրում է, բայց թատրոնն իրեն ավելի շատ է ձգում: «Թատրոնն իմ սիրո տեղն է, թատրոնում խաղացել եմ և՛ Համլետ, և՛ Ռիչարդ Երրորդ… Ես ընտրել եմ թատրոնը, ու դա իմ սիրելի գործն է, ինձ կինոն հետաքրքիր չէ»,- ասում է ռուս դերասանը:
Հարցին՝ ժամանակի ընթացքում նրա աչքում հանդիսատեսը փոխվե՞լ է, Կոնստանտին Ռայկինը պատասխանեց. «Գիտեք՝ ինքս էլ եմ փոխվում, և բավականին դժվար է լինում ինձ համար նկատել ինչ-որ ավանդական փոփոխություններ, բայց թատրոնի հանդիսատեսի համար պետք է հաշվի առնենք մի փաստ, որ նրանք մեծամասնություն չեն կազմում, համաշխարհային տվյալներով՝ թատրոն հաճախում է երկրի բնակչության 10 %-ը, այն էլ՝ ամենալավ հաշվարկներով: Եվ չարժե հուսահատվել. պետք է հասկանալ, որ առհասարակ խելացի և սրամիտ մարդիկ ավելի քիչ են, քան հիմարներն ու անզգաները: Իսկ թատրոնի հանդիսատեսին ես շատ եմ սիրում, նրանք միշտ էլ կլինեն, նրանք մշակույթի հիմքն են կազմում»:
Խոսելով ֆիլմերի և թատրոնի առանձնահատկությունների մասին՝ Կոնստանտին Ռայկինը նշեց, որ, եթե կինոն նկարահանվում է և մնում է պատմության մեջ, ապա իր ներկայացումներից էլ մի քանիսը նկարահանվում են, բայց պատմության մեջ մնալն իրեն ամենևին էլ չի հուզում. «Չեմ էլ ուզում պատմության մեջ մնալ, թքած ունեմ դրա վրա. թատրոնը համարվում է ներկա ժամանակի բարձր արվեստ, և հանդիսատեսին հետաքրքիր է, թե դու ինչպես ես խաղում այսօր, նա թքած ունի, թե դու ինչպես ես խաղացել երեկ և վաղը պետք է խաղաս: Ոչ ոք այդքան հաջողություն չունի, ինչքան թատրոնի արտիստը, մեկ էլ մարզիկները, երբ, օրինակ, գոլ են խփում, ու վերջ, ոչ մեկին այդքան չեն պաշտում, ո՛չ գրողին, ո՛չ ռեժիսորին, ոչ ոք այդքան մեծ հաջողություն չունի, ինչքան այն արտիստը, որը հենց նոր հենց քո դիմաց խաղաց իր ներկայացումը: Եվ ոչ մեկին էլ այդքան հեշտ չեն մոռանում»:
Ռուս դերասանը լրագրողներին պատմեց նաև իր ուսանողների մասին ու նշեց, որ ինքը խիստ ուսուցիչ է նրանց համար. խիստ է, բայց նաև բարի, ավելի շուտ՝ բարի դիկտատոր: Նրա կարծիքով՝ առանց այն վախի, որ ներշնչում ես ուսանողիդ, արդյունքի չես հասնի, և, իհարկե, վախը չպետք է գերիշխի: Նա պատմեց նաև, որ իր դպրոց ընդունում է միայն այն դիմորդներին, որոնք իսկապես տաղանդավոր են, նշեց նաև, որ շատ տարբեր ազգության ուսանողներ ունի իր թատերական հաստատությունում, և նրանց մեջ նաև մի հայ ազգի ներկայացուցիչ էլ կար, բայց ինքը նրան դուրս հանեց՝ վատ վարքի պատճառով:
Լուսանկարը՝ հեղինակի