«Երեխային պետք չէ 10 րոպե բացատրել՝ ինչպես են սպանել երեխաներին կամ ծերերին». մասնագետները՝ Ցեղասպանության և անմոռուկների մասին

Դպրոցներում անմոռուկների թեմայով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, անմոռուկների չարաշահում նկատվեց, որը բնութագրվեց՝ որպես դպրոցի տնօրենների ճաշակի խնդիր: Թեպետ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է տնօրենների վրա, այնուամենայնիվ, շատ դեպքերում դասղեկներն են կազմակերպում դասարանի ձևավորումը:

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ վերահսկողություն իրականացնելն այստեղ սխալ է, քանի որ, եթե դպրոցի տնօրենին և ուսուցչին վստահվել է կրթությունը, պետք է թողնել, որ նրանք իրենց զգացմունքների արտահայտման ձևերը գտնեն. «Կա ծնողական համայնք, այլ մարդիկ, թող իրենք գնան ասեն՝ հավանե՞լ են միջոցառումները, թե՞ ոչ, ոչ միայն պետք չէ վերահսկել, այլ նաև չի կարելի»:

Անմոռուկի խորհրդանիշն այսօր ընդունվել է, ըստ մեր զրուցակցի, այս պարագայում ճաշակին ընկեր չկա, այդ երեխաներն իրենց ուսուցիչների հետ ամբողջ դպրոցը զարդարում են անմոռուկներով և իրենց պահանջատիրությունն են արտահայտում. «Իսկ ո˚վ է ասել, որ պետք է մի հա՞տ անմոռուկ լիներ, թե՞ 15 հատ, թողեք բազմազան ներկայացնեն, օրինակ՝ 145 դպրոցի միջանցքում ծաղկամաններից բարձրացող անմոռուկներն ինձ շատ դուր եկան, պետք չէր, որ մարդիկ միջամտեն»:

Նա նշեց, որ շատ կցանկանար, որ Երևանը ողողված լիներ անմոռուկներով, գոնե մի հատ վահանակ լիներ քաղաքում, որի վրա լիներ անմոռուկի խորհրդանշանը՝ «Հիշում և պահանջում եմ» գրությամբ: Խորհրդանշանը, ըստ Ա. Բախշյանի, ամեն պահի պետք է այդ օրվա խորհուրդը հիշեցնի, որպեսզի մեր մեջ զորանա, մեծանա և դառնա հավատք և, ի վերջո, մտնի գլխի մեջ, բռունցքի մեջ:

Կարդացեք նաև

Հոգեբան Լիաննա Թորոսյանը, ով հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ է աշխատում, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 13-14 տարեկան երեխաները խոցելի են ցանկացած տեղեկատվության հանդեպ, նրանք հաճախ ճիշտ չեն հասկանում իրենց մատուցված նյութը:

«Դպրոցներում առավել ևս երեխաները կարող են իրենց հարցադրումներում կաշկանդվել: Անմոռուկի և Հայոց ցեղասպանության հետ կապված նույն իրավիճակն է, ամբողջ տարի երեխաներին ոչինչ չեն ասում՝ մեր պատմության այդ էջի հետ կապված, և միայն ապրիլին սկսում են եղերական շեշտադրումներով միջոցառումներ կազմակերպել: Անձամբ դրանցից մեկին ներկա եմ եղել և տեսել՝ ինչպես են երեխաները ներշնչված լացում, վերջում մոտեցել եմ գրականության ուսուցչին և բացատրել, որ դա սխալ մոտեցում է»,- հայտնեց հոգեբանը:

Լ.Թորոսյանի խոսքով, երեխաների հետ այս դասը պետք է անցկացնեն հոգեբաններ կամ այլ մասնագետներ, ներկայացնեն պատմությունը և շեշտադրումը դնեն հետևանքների և պահանջատիրության վրա. «Երեխային պետք չէ 10 րոպե բացատրել՝ ինչպես են սպանել երեխաներին կամ ծերերին, նա այդ մասին ավելի հասուն տարիքում այլ աղբյուրներից տեղեկատվություն կստանա, նրան պետք է բացատրել իրողությունը, թե ինչպես է այսօր մեր պետությունն այս հարցը բարձրացնում, և ինչ պարտավորություն ունի ամեն հայ այս հարցում: Սա այն առավելագույն տեղեկատվությունն է, որ պետք է տրամադրվի մինչև 13 տարեկան ցանկացած երեխայի»:

Նրա խոսքով, հասուն դասարաններում, ավագ դպրոցում կարելի է այս թեմայով ֆիլմեր նայել, քննարկումներ անցկացնել, այցելել Ցեղասպանության թանգարան, որովհետև 15 տարեկանից արդեն այլ կերպ է տեղեկատվությունն ընկալվում:

«Անմոռուկների հետ կապված չեմ կարող ոչինչ ասել, երեխաները դա հաճույքով պատրաստում են, կարծում եմ՝ սահմանափակում պետք չէ դնել, պարզապես ուսուցիչները, սրան զուգահեռ, պետք է բացատրեն խորհրդանշանի իմաստը և ասեն՝ որ դեպքերում է սխալ այն չարաշահելը: Թեման շատ նուրբ է, այնպես որ, կարծում եմ, երեխան Հայոց ցեղասպանության մասին լսելիս՝ պետք է ոչ թե ընկճվի, վախենա, սարսռա, այլ հասկանա, որ այն մեր պատմության մի մասն է, որը մեզ այսօր ստիպում է դատապարտել, պահանջել և հիշել»,- հավելեց նա:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Տեսանյութեր

Լրահոս