ՌԴ ԱԳՆ-ը հերքել է Եմենի շիա ապստամբներին ինքնաթիռներով զենք մատակարարելու մասին տեղեկատվությունը
Lenta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Եմենի արտգործնախարարի խնդրանքին` մեկնաբանելու համար այն տեղեկատվությունը, ըստ որի` ռուսական ինքնաթիռները, որոնք Եմենից տարհանել են Ռուսաստանի քաղաքացիներին, իբրև թե, զենք են մատակարարել Եմենի շիա ապստամբներին և այդ երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցներին:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նման ենթադրությունները որակել է որպես անհեթեթ, անպատասխանատու և սադրիչ. «Կարծես թե, Եմենի արտգործնախարարին, ով, որքանով որ մենք հասկանում ենք, ներկայումս գտնվում է արտասահմանում, կարելի է խորհուրդ տալ չզբաղվել վտանգավոր երևակայությամբ և փոխարենը մտահոգվել Եմենի քաղաքացիական բնակչության տառապանքների մասին, որի շրջանում զոհերի թիվն արդեն իսկ հաշվվում է հարյուրներով:
Ռուսաստանը բարդ պայմաններում զբաղված է Եմենից իր և այլ երկրների, այդ թվում նաև հակահուսիտական դաշինքի մեջ մտնող երկրների քաղաքացիների տարհանմամբ: Ընդ որում` մենք չենք բացառում, որ շատերը միջամտում են Եմենի ներքին ճգնաժամին»: