«ՀՀ-ին խիստ անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքների համակարգը». Արթուր Մարտիրոսյան

Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ին Իրանի ու «Վեցնյակի» միջև շրջանակային համաձայնագրի կնքումը, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում` միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Այս հաշտեցումն ի՞նչ հնարավորություններ է բացում Հայաստանի համար:

– Ես զգուշավոր լավատեսությամբ եմ վերաբերվում Լոզանում ձեռք բերված համաձայնագրին` հիշելով այն մասին, որ սատանան միշտ դրանց իրականացման մեջ է: Տվյալ համաձայնագիրը կարելի է դիտարկել` որպես կարևորագույն, անգամ բեկումնային քայլ` Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների լավացման ուղղությամբ, ինչը հնարավոր դարձավ կողմերի քաղաքական կամքի և ազգային շահերի գիտակցման շնորհիվ: Սակայն այդ համաձայնագրերի և, ավելի լայն իմաստով, այդ հաշտեցման ուղղությունն ունի ավելի քան բավարար քանակով ընդդիմադիրներ, ինչպես` ԱՄՆ-ում, այնպես էլ` Իրանում, և այդ երկրներից դուրս:

Ավելին` ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ում` հաստատ, Իրանում` հավանաբար, կփոխվեն առաջնորդները, որոնք բանակցությունների սեղանի մոտ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ քաղաքական կամք են դրսևորել: Սպասվում է երկարատև և քրտնաջան աշխատանք վստահության վերականգնման համար, և այդ ճանապարհին կողմերին մերձավորարևելյան հակասությունների կծիկի զանազան ստորջրյա խութեր են սպասում: Ինչպես սիրում էր ասել իմ ուսուցիչը` պրոֆեսոր Ռոջեր Ֆիշերը, peace is not a piece of paper, այսինքն` խաղաղությունը կողմերի ստորագրությամբ թուղթ չէ, այլ տարբերությունների կառավարման իրական գործողություններ: Հայաստանը պետք է կենսականորեն հետաքրքրված լինի Արևմուտքի և Իրանի հաշտեցմամբ, քանի որ դա մեզ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել և ուժեղացնել տնտեսության և քաղաքականության ոլորտներում մեր այլընտրանքների բարելավմանն ուղղված գործողությունները:

Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բարենպաստ սցենարի դեպքում մեզ համար շատ բան կախված կլինի բիզնեսում և արտաքին քաղաքականությունում մեր կառավարիչների բանակցելու ունակություններից, որ չթողնեն արժեքը բանակցությունների սեղանին, առավելագույնս օգտագործեն բոլոր հնարավորությունները` Հայաստանի ու Արցախի ազգային շահի հնարավորինս լիարժեք բավարարման համար:

– Պարոն Մարտիրոսյան, Հայաստանում «Եվրոպական շաբաթին» հաջորդեց ռուսականը, «Եվրանեսթի» մասնակիցներից հետո Երևան եկան ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները: Այս այցելությունների միջև կապ տեսնո՞ւմ եք, ի՞նչ է սա նշանակում:

– Դրանց փոխկապակցվածության վարկածը ճշտելու համար պետք է ճշտել, թե այդ այցերը երբ են ծրագրվել: Հավանականությունը, որ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններն արձագանք են «Եվրանեսթին», կմեծանա, եթե դրանք իմպրովիզացիա են եղել Երևանում «Եվրանեսթի» նիստից հետո: Ամեն դեպքում, Հայաստանին խիստ անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքների համակարգը:

Մեզ վրա կմաքրեն իրենց ոտքերը, եթե մենք չունենանք այլընտրանքներ: Սա վերաբերում է բոլոր արտաքին խաղացողներին: Պերմյակովի գործը ցավոտ կետն է, հայկական հասարակության մերկացած նյարդը, այդ պատճառով ոչ ճիշտ քայլերը կարող են ունենալ անցանկալի հետևանքներ հայ-ռուսական հարաբերությունների համար: Անցնող շաբաթում ռուսական պատվիրակությունների այցելությունները, անկախ նրանից, թե դա արձագանք է հայ-եվրոպական հարաբերությունների ջերմացմա՞նը, թե՞ Պետդումայի ղեկավարության նախաձեռնությունն է, նշանակում են, որ ՌԴ-ն սկսել է հասկանալ իրադրության լրջությունը:

– ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Գյումրիում հայտարարեց, որ Պերմյակովի դատավարությունն ընթանալու է ռուսական ռազմաբազայում: Նշվեց, որ, եթե նույնիսկ դատավարությունն ընթանա փակ դռների հետևում, ապա վճիռը, ըստ Ռուսաստանի օրենսդրության, կկայացվի բաց ընթացակարգով: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

– Այս հարցին հարկավոր է մոտենալ մեր ազգային հետաքրքրությունների տեսանկյունից: Ի՞նչ ենք ուզում մենք, և ինչո՞ւ է դա կարևոր մեզ համար: Եթե կարճ` մեզ անհրաժեշտ է արդարություն և անվտանգություն, այսինքն` այնպիսի որոշում, որը թույլ կտա կանխել կրկնությունները, իսկ մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:

Որքան էլ տարօրինակ է, հիմնականում այդպիսին են նաև ռուսական հետաքրքրությունները: Սակայն ռուսական կողմը նաև վարկանիշի, գերտերության շահ ունի, և եթե նրանք այդ շահն ավելի վեր դասեն արդարությունից ու անվտանգությունից, ապա չնախատեսված հետևանքները կարող են բացասական և անցանկալի լինել: Կկարողանա՞ն արդյոք հայ բանակցողները համոզել ռուսական կողմին: Ես չեմ համարձակվում կանխագուշակել, բայց հուսով եմ, որ կկարողանան: Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջը քմահաճույք չէ: Այդ պահանջի ետևում հստակ երևում են արդարության և կրկնությունների բացառման (անվտանգության) շահերը:

Այդ պահանջի ու անվստահության ետևում այն կասկածն է, որ ռուսական կողմը մեղավորին ըստ արժանվույն կպատժի: Դրա համար մեղավորին հայկական դատական իշխանությունների իրավասությանը հանձնելը թույլ կտա և՛ լավացնել վստահությունը, և՛ թուլացնել լարվածությունը Գյումրիում: Եվ դա նույնպես պետք է լինի Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում:

– 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հեռացվել է ռազմակայանի հրամանատարի պաշտոնից: Սա ինչ-որ բան կփոխի՞ Գյումրիում, հայտնի է, որ նախկինում էլ գյումրեցիները հաճախակի դժգոհել են ռուս զինվորների պահվածքից:

– Ռազմաբազայի հրամանատարի հեռացումը պաշտոնից իրականում այնքան էլ լավ ազդանշան չէ: Ռուսական մշակույթում մեղավորի որոշումն ու պատիժը հաճախ դիտարկվում է` որպես խնդրի լուծում: Որքան էլ տարօրինակ է, առավել հաճախ մեղավորի արագ հայտնաբերումը խոչընդոտում է հետագայում համակարգային խնդիրների սահմանմանը: Մեզ պետք է հետաքրքրի ոչ այնքան` այն, թե որքան և ում պատժեցին, այլ` ինչ խնդիրներ են բացահայտվել, և ինչ է արվում դրանց լուծման ու հաղթահարման համար:

Գնդապետի պաշտոնաթողությունը կամ տեղափոխումը Սախալին բոլորովին չի նշանակում, որ պարզվել են կազմակերպչական մշակույթի բացթողումները, բարոյահոգեբանական միջավայրի խնդիրները և ռազմակայանում կարգապահության վիճակը: Իսկ մեր հետաքրքրությունը հենց այն է, որ խնդիրները համակարգային լուծվեն: Հասկանալի է, որ լիարժեք թափանցիկություն այդ հարցում չի լինի, քանի որ ռուսական կողմի համար դա հարված կլինի իրենց վարկին: Սակայն հարցերի ճիշտ դրվածքի և հստակ միջոցների ձեռնարկման դեպքում հայկական հանրությանը հնարավոր կլինի վստահեցնել, որ խնդիրները լուծվում են համակարգային կերպով:

Տեսանյութեր

Լրահոս