Ե՛վ Իրանը, և՛ ՌԴ-ն պետք է նկատի ունենան, որ Հայաստանում իրենց շահերը պետք է միմյանց փոխլրացնող լինեն

Հարցազրույց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ

– Երեկ Իրանի և «Վեցնյակի» ութօրյա բանակցություններն ավարտվեցին դրական արդյունքներով. կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ասաց, որ բանակցությունների արդյունքում կարողացել են գտնել «լուծումներ»։ Սա իսկապես կարելի՞ է բեկումնային հաջողություն համարել` հաշվի առնելով այն, որ պայմանագրի վրա աշխատանքները բավականին ժամանակատար են լինելու, և դեռ շատ մանրամասներ պետք է հստակեցվեն։

– Սա իսկապես կարելի է գնահատել` որպես հաջողություն, որովհետև առանցքային խնդիրների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Ներկայումս չունենք համաձայնագրի վերջնական տեքստը, ավելին, տեքստի կազմման աշխատանքները մեկնարկելու հաջորդ շաբաթվանից։ Այս առումով գործընթացը դեռևս ավարտին չի հասել, գործընթացի միայն առաջին փուլն է հաղթահարվել։ Փաստացիորեն մինչև հունիսի վերջ ունենք դեռևս շարունակվելիք գործընթաց, պետք է աշխատանքներ ընթանան մանրամասների վրա, պետք է աշխատեն փորձագետներ, զանազան մասնագետներ, և մանրամասների մեջ է, որ թաքնված են հիմնական դժվարությունները։

Այս առումով դժվար է միանշանակորեն կանխատեսել, թե գործընթացն ինչպիսի ընթացք կստանա, նույնիսկ նախանշված ժամկետները միգուցե փոխվեն, հնարավոր է` պահպանվեն, հնարավոր է` փոփոխվեն, հաշվի առնելով բանակցային նախորդ փուլերի ժամկետների հաճախակի խախտումները։ Բայց այն, որ երկարատև բանակցային մարաթոնից հետո, ի վերջո, գոնե առանցքային խնդիրների շուրջ կայացավ համաձայնություն, միանշանակ կարելի է գնահատել` որպես հաջողություն։

Կարդացեք նաև

– Փաստորեն, եթե արդեն այս հաջողություններն ամրագրվեն պայմանագրում, վստահ կարելի է խոսել տարածաշրջանում և աշխարհում Իրանի դերակատարության կտրուկ փոփոխման մասին։ Դա ինչպե՞ս է անդրադառնալու տարածաշրջանի, մասնավորապես` հայ-իրանական հարաբերությունների վրա։ Կա տեսակետ, որ հայ-իրանական հարաբերությունները` թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, թե՛ առևտրային առումով ամբողջ ներուժով իրացված չեն պատժամիջոցների առկայության պատճառով։ Իրանի նոր դերը Հայաստանի և հայ-իրանական հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա։

– Իրանի դերակատարությունը նույնիսկ պատժամիջոցների պայմաններում տարածաշրջանում պարզապես հսկայական է, եթե մենք դիտարկենք ողջ տարածաշրջանը։ Ներկայումս Իրանն ունի ազդեցության տարբեր լծակներ` Լիբանանից սկսած, Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում, նույնիսկ Արաբական թերակղզու Հարավում, Եմենում այսօր մենք ականատեսն ենք իրանական զգալի ազդեցության, վճռորոշ ազդեցության առկայության։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների հնարավոր վերացման պարագայում Իրանի ստանձնելիք նոր դերակատարությանը, ապա դա միանշանակորեն բերելու է իրանական դերակատարության աճի, միանշանակ Իրանի տնտեսությունը սկսելու է բավական արագ զարգանալ, Իրանը լրջագույն դերակատարություն կարող է ստանձնել նավթային միջազգային շուկաներում, և այս առումով, եթե հաշվի առնելու լինենք քաղաքական բարձր հարաբերությունների մակարդակը Հայաստանի և Իրանի միջև, իսկ դրանք միանշանակորեն բարձր հարաբերություններ են, տնտեսական և առևտրային մասը չի համապատասխանում հարաբերությունների քաղաքական բաղադրիչի մակարդակին։

Իրանական կողմի լրացուցիչ տնտեսական զարգացումը միանշանակորեն կարող է նպաստել Հայաստանի հետ առկա խոշորածավալ ծրագրերի տեղից շարժվելուն։ Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ պատժամիջոցներից ազատ Իրանն ինչ-որ առումով երկրորդական նշանակություն հատկացնի իր հյուսիսային հարևանի հետ առկա ծրագրերին, այսինքն` առաջնայնություն տա այլ տնտեսական ծրագրերին, բայց այս առումով էլ Իրանի ունեցած շահերը Հարավային Կովկասում, ըստ ամենայնի, պետք է դրդեն նրան շարունակելու և զարգացնելու համագործակցությունը տարածաշրջանում իր միակ վստահելի գործընկերոջ հետ, որը ՀՀ-ն է։

Կարծում եմ, որ մի քանի սցենարներ են հնարավոր, լավատեսական սցենարի դեպքում այդ բոլոր ծրագրերը կիրականանան, իսկ հոռետեսականի դեպքում միգուցե դրանք ստանան երկրորդական նշանակություն։ Բայց վերջնականապես պնդել, թե ինչպիսի զարգացումներ կունենան այդ գործընթացները, բավական դժվար է։ Չնայած, կրկնում եմ, հաշվի առնելով Իրանի շահերը, ավելի հավանական է լավատեսական սցենարը։

– Շատ է խոսվում հայ-իրանական հարաբերություններում ռուսական սահմանափակող գործոնի մասին, քանի որ Իրանի հետ շատ ավելի խորը տնտեսական և առևտրային հարաբերությունները Հայաստանին թույլ կտան նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից։ Հաշվի առնելով այս հանգամանքը` հայ-իրանական հարաբերություններին ինչպիսի՞ ապագա է սպասվում, կհաջողվի՞ օգտվել հարաբերություններից ողջ ծավալով։

– Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն պետք է նկատի ունենան մի կարևոր հանգամանք, որ ՀՀ-ում պետք է լինի միմյանց փոխլրացման կիրարկում։ Այսինքն ` իրանական և ռուսական շահերը մեր տարածաշրջանում, ընդհանրապես և մասնավորապես` ՀՀ-ում, պետք է լինեն միմյանց փոխլրացնող, և դա լավագույն լուծումը կլինի։ Ինչ վերաբերում է ընդհանուր համայնապատկերին, ապա ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին լրացուցիչ հնարավորություններ է բացել Իրանի համար` դեպի Հյուսիս իր հայացքն ուղղելու, և, չեմ կարծում, որ իրանցիները, որոնք վարում են մշտապես խոհեմ քաղաքականություն, հավասարակշռելով տարբեր շահեր տարբեր ոլորտներում և, բնականաբար, առաջ տանելով սեփական շահը, ինչը բնական է, կտրուկ շրջադարձեր կկատարեն այս խնդրում, հատկապես, եթե հաշվի առնելու լինենք ՀՀ-ի դերակատարության աճը ԵՏՄ տարածքում։

– Այսինքն` հաշվի առնելով այդ հանգամանքը, ՌԴ-ն չի՞ խոչընդոտի հայ-իրանական հարաբերությունների իրացմանը ողջ ներուժով։

– Միանշանակորեն պնդել, թե ինչպես կզարգանան գործընթացները, բավական բարդ է։ Բայց ես կարծում եմ, որ օպտիմալ տարբերակն այն կլինի, որպեսզի երկու կողմերն աշխատեն միմյանց շահերի փոխլրացման ուղղությամբ։ Դա ձեռնտու կլինի թե ՌԴ-ին, թե Իրանին և թե, բնականաբար, մեզ։

– ՀՀ իշխանությունները, ըստ Ձեզ, կօգտվե՞ն առկա հնարավորություններից, չէ՞ որ նաև նրանց ճկունությունն է առանցքային։

– Մինչև հիմա առկա փորձը ցույց է տալիս, որ ՀՀ-ն նույնպես վարում է բավական հավասարակշիռ քաղաքականություն։ Հայաստանը, չնայած տարբեր կենտրոններից ստացվող ճնշումներին, Իրանի հետ հարաբերությունները պահպանել է ամենաբարդ ժամանակահատվածում, հարաբերությունները մշտապես եղել են բարիդրացիական, երբևիցե տուրք չի տվել հակաիրանական գործողություններին, երբևիցե հակաիրանական տարբեր ճամբարների չի մասնակցել, և, այս առումով, կարծում եմ, որ, ինչպես ընդունված է ասել, դժվար օրերի փորձն իրանցիներին պետք է հուշի, որ լավ օրերի ընթացքում ևս դաշնակիցներին, վստահելի գործընկերներին փոխելը ճիշտ չի լինի։ Կարծում եմ, որ իրանցիները չեն վարվի այդպես։

– Ներկայումս ավելի իրատեսական է քննարկել Հայաստանով դեպի Եվրոպա իրանական էներգակիրներ տարանցելու հնարավորությունները, հատկապես` եթե հաշվի առնենք, որ Իրանի նոր դերը ձեռնտու չէ Թուրքիային և Ադրբեջանին։ Ի՞նչ կարելի է սպասել այս ծրագրերի առնչությամբ։

– Քաղաքական նախադրյալներ դրա համար կան, բայց տնտեսական հատվածի խնդիրներին քաջատեղյակ չեմ։ Քաղաքական բարենպաստ ֆոն դրա համար կա։ Աշխատանքների իրականացումն այդ ուղղությամբ միգուցե բերի արդյունավետ լուծումների։ Իրանի դերակատարության բարձրացումն առաջին հերթին` ձեռնտու չէ մեր տարածաշրջանում մի քանի խաղացողների` Իսրայելի, Սաուդիան Արաբիային` իր արբանյակ երկրներով` Պարսից Ծոցի միապետություններով, ձեռնտու չէ նաև Թուրքիային։ Փաստորեն, հզոր Իրանը ջախջախում է այն առասպելը, թե Թուրքիան կարող է ունենալ լրջագույն, օրինակելի դերակատարություն Մերձավոր Արևելքի երկրների համար։ Այս առումով այս երկրներն ունեն զգալի անհանգստություններ։ Սակայն դրանք Հայաստանին չպետք է հուզեն։ Մենք ունենք հստակ ուղեգիծ, Իրանը` ևս։ Ուստի դժվար թե փոխվեն այդ ուղեգծերը, կամ շատ քիչ են փոփոխությունների նախադրյալները։

Տեսանյութեր

Լրահոս