Վրաստանի համար աշխարհաքաղաքական դիմակայություն է սկսվում․ ի՞նչ կապ ունի Հայաստանը
Մինչ ՀՀ իշխանությունները, փորձելով որդեգրել զարգացման արևմտյան վեկտոր, գոհացնելով Արևմուտքին, աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակում գործում են արևմտյան տարբեր շահերի տրամաբանության շրջանակում, ՀՀ-ի հարևանությամբ՝ Վրաստանում, իշխանություններն իրենց վաղեմի, սերտ գործընկեր Միացյալ Նահանգների մոտ ինքնիշխանության հարց են բարձրացնում և ինքնուրույն որոշումներ կայացնում։
Տևական ժամանակ է, ինչ հարևան Վրաստանում քննարկվում է «օտարերկրյա գործակալի» աղմկահարույց օրենքը, որին դեմ են՝ ինչպես Վրաստանի արևմտյան գործընկերները, այնպես էլ՝ հասարակության մի զգալի հատվածը, որը համապատասխանաբար արևմտամետ է։
Սա դարձել է ներքին ցնցումների, բազմամարդ հանրահավաքների, արևմտյան զգուշացումների, Վրաստան-Արևմուտք հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ, որն ինքնին հարվածի տակ է դնում Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի հեռանկարը։
Օրերս Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարվել է այցելել ԱՄՆ, քանի որ նրա առջև պայման էր դրվել, որ այցը կկայանա միայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը կասեցնելու դեպքում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը խոսել էր, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվում են Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու ռազմավարական գործընկերության և ԱՄՆ աջակցության ցանկացած հարց։ Սակայն, ըստ մի շարք վերլուծաբանների, ակնհայտ էր, որ այս հրավերն ԱՄՆ-ը անում է հենց այս հարցն ուղիղ քննարկելու կամ ճնշում բանեցնելու նպատակով, որից, սակայն, վրացական կողմը հրաժարվեց։
Վրացական իրադարձությունները հատկապես հետաքրքիր են արևմտյան զարգացման ուղի որդեգրող Հայաստանի ու հայաստանյան հասարակության համար, որին արևմտյան արժեքները ներկայացվում են՝ ի հակակշիռ եվրասիական գոտում ընդունված կարգերի՝ որպես բացառիկ մի բան։ Այնինչ Վրաստանի օրինակով հստակ տեսանելի է, թե ինչ ճնշումներ են փորձում բանեցնել արևմտյան գործընկերները Վրաստանի նկատմամբ, ինչպես են փորձում ազդել ներքաղաքական զարգացումների վրա, ինչպես են սպառնում այն դեպքում, երբ նման օրենք գործում է բազմաթիվ երկրներում։
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական մեկնաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ չի բացառվում, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը Ռուսաստանի կողմից վրացական իշխանությունների վրա ճնշումների արդյունք է։
Ըստ նրա, շատ են վարկածները, թե ինչու այս օրենքը հարկավոր եղավ իշխանությանը։
«Դրանցից մեկն այն է, որ Ռուսաստանից են ստացվել ազդակներ, որ Վրաստանում ընդունվի ռուսական օրենքի նման օրենք, քանի որ իշխանական կուսակցությունը գտնվում է ՌԴ ազդեցության տիրույթում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ արվում է, որպեսզի խանգարեն ռուսական քարոզչության տարածմանը խոչընդոտող տեղական կազմակերպությունների աշխատանքին և ռուսական քարոզչությունն է՛լ ավելի ակտիվ տանեն։
Բացի այդ, խոսվում է նաև, որ սա արվում է աշնանը սպասվող ընտրություններին ընդառաջ, որպեսզի արևմտյան ուժերի դիրքերը թույլ լինեն, իսկ իշխանությունը կարողանա պահել իր իշխանությունը»,- ասաց քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին։
Վերլուծաբանի խոսքով, եթե Վրաստանի ներքին զարգացումներում կա ռուսական գործոնը, ինչն ամենայն հավանականությամբ հենց այդպես է, նպատակը Հարավային Կովկասում ամրացող Արևմուտքի ազդեցությանը խոչընդոտելն է։
Դրանով, ըստ վերլուծաբանի, վրացական զարգացումները կապ ունեն նաև Հայաստանի հետ, որը ևս արևմտյան ինտեգրացիայի ճանապարհն է որդեգրել։
«Խոչընդոտելով Վրաստանին, կստացվի, որ խոչընդոտում են նաև ՀՀ-ի ծրագրերին, քանի որ դրանով հարվածում են Արևմուտքի ներկայության ամրապնդման հեռանկարին Հարավային Կովկասում»,- ասաց վերլուծաբանը։
Ի տարբերություն վրացական փորձագիտական շրջանակների՝ ռուսական շրջանակները կարծում են, որ դրանում ՌԴ ազդեցությունը չկա, պարզապես վրաց իշխանությունները որդեգրել են ինքնիշխանացման ճանապարհ՝ հստակորեն դիմագրավելով արևմտյան ճնշումներին, որոնք Վրաստանի դեպքում սահմանափակ բնույթ են կրում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ արտաքին քաղաքական լուրջ խնդիրներ չկան։
Սակայն մի շարք ռուս վերլուծաբանների կարծիքով, աշնանն ընդառաջ՝ Վրաստանում չի բացառվում, որ փողոցային շարժումը նոր թափ հավաքի։
Խոսվում է նաև այն մասին, որ գուցե առաջին պլանում հայտնվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով համարում է, որ «Վրացական երազանք»-ի Բիձինա Իվանիշվիլին պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Եվրամիությանը։
Նրա խոսքով՝ «Վրաստանն այսօր կանգնած է էքզիստենցիալ ընտրության առաջ՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան, ուստի «հիմնական ճակատամարտն առջևում է»։
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առաջիկա ամիսները խոստանում են Վրաստանին թեժ ներքին զարգացումներ, որը չափազանց ուշագրավ ուսումնասիրության նյութ է նաև հայաստանյան արտաքին քաղաքական զարգացումների տեսանկյունից։