Պետք է խմբվել եկեղեցու շուրջ, պայքարի ընթացքում առաջ կգա աշխարհիկ առաջնորդը՝ հակառակ դեպքում 21-րդ դարով փակվելու է հայ ժողովրդի պատմության վերջին էջը. Սերժ Սրապիոնյան

Տավուշում բնակիչները շարունակում են բողոքել իշխանությունների սկսած մի  գործընթացի դեմ, որն իշխանությունները համարում են սահմանազատում, իսկ բնակիչները՝ հայկական տարածքների հանձնում թշնամուն։ Տավուշի սահմանամերձ գյուղերի  բնակիչները պահանջում են իշխանություններից դադարեցնել հանձնվողական քաղաքականությունը և չխաթարել իրենց անվտանգությունը։ Մինչդեռ ապրիլի 29-ին Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին արդեն տեղադրվել է 35 սյուն։

168.am հետ զրույցում ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաների առնչությամբ ասաց՝ եթե Տավուշում սկսված գործընթացին չմիանան հասարակության լայն խավերը և պայքարի դուրս չգան՝ ապա բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին։

«Բազմիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ քաղաքական ուժերը, անկախ նրանից, սխալներ թույլ տվե՞լ են, թե՞ ոչ, այս իշխանությանը, խունտային հաջողվեց նրանց պարզապես վարկաբեկել, խաղալով միջին և միջինից ցածր խավի սոցիալական շահերի վրա։ Այդ քաղաքական ուժերն այսօր, ցավոք, չեն կարողանում առաջ բերել այն ընդհանրական մտայնությունը, որ այս երկիրն օրհասի մեջ է, և հաշված ժամանակի մեջ ոչ միայն Հայաստանը, այլև հայ ժողովուրդը գոյություն չի ունենա։ Միակ ինստիտուցիոնալ կառույցը, որն իր ամբողջ պատմության ընթացքում հաջողել է հայ ժողովրդին պահել հայ, հայկականությունը սերմանել նրա մեջ՝ Հայ Առաքելական եկեղեցին է»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։

Ըստ գրականագետի, որքան էլ փորձեն վարկաբեկել եկեղեցուն, չեն կարողանալու, քանի որ Առաքելական եկեղեցին պատմության առաջ վաղուց իր քննությունն անցել է։ Ավելին՝ այսօր, Հայաստանի համար օրհասական պահին բեռը կրկին մնացել է եկեղեցու ուսերին։

Կարդացեք նաև

«Իշխանությունը շատ լավ հասկանում է Առաքելական եկեղեցու անխոցելիությունը, և յուրաքանչյուր հայ մարդու մեջ, այս կամ այն չափով նստած է եկեղեցին՝ իբրև կառույց, որը նրա փրկության խարիսխն է։ Առանց վախենալու կարող եմ ասել, որ եկեղեցին իբրև պետականության խորհրդանիշ՝ նստած է հայ մարդու մտայնության մեջ։ Թերևս, սա էր պատճառը, որ Տավուշում խմբվեցին Բագրատ սրբազանի շուրջ, ինչն էլ կատաղեցնում է իշխանություններին, որոնք իրենց ծնունդից սկսած մինչև այսօր՝ հանցագործներ են։ Իշխանությունում հայտնվածները բարոյական բոլոր նորմերից, մարդկային բոլոր ըմբռնումներից դուրս՝ անհասկանալի էակներ են»,- շեշտեց Սերժ Սրապիոնյանը։

Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ իշխանությունն այսօր լավ է հասկանում, որ իրենց անասնական ու ոչ հայամետ քայլերի միակ արգելքն Առաքելական եկեղեցին է, դրա համար էլ առաջին հերթին՝ թիրախավորել են հենց եկեղեցուն ու նրա սպասավորներին։ Այսպես է եղել նաև նրանց իշխանության գալու առաջին օրվանից, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ իշխանության չէին եկել։ Եվ Սերժ Սրապիոնյանը հիշեցրեց 2018 թվականը, երբ ներկայիս իշխանությունները լոզունգ էին դարձրել «Նոր Հայաստան» նոր հայրապետը» այսինքն՝ թիրախը նորից եկեղեցին ու վեհափառն էին։

«Եթե նորից զանազան մութ ուժեր փորձեն եկեղեցուն վերագրել իշխանազավթում, քաղաքականության խնդիրներին խառնվելու անհեթեթ մտքեր, և եթե ժողովուրդն այս անգամ էլ սխալվեց ու գնաց նման մութ ուժերի հետևից, հաշվեք, որ 21-րդ դարով փակվելու է հայ ժողովրդի պատմության վերջին էջը։

Կարծում եմ՝ այսօր մեր փրկության միակ խարիսխը եկեղեցուն ապավինելն է, չեմ ասում՝ եկեղեցուն դարձնել զորահրամանատարների կորպուս ու ասել՝ մեզ առաջնորդիր։ Պետք է խմբվել եկեղեցու շուրջ և այդ ընթացքում աշխարհիկ որոշակի ուժ, առաջնորդ կամ առաջնորդների խումբ կծնվի այդ շարժումից, վստահ եմ։ Այսօր սահմանները կորչում ու վերականգնվում են, ժողովրդի դեմքը կորչում է ու չի վերականգնվում, եթե այդ առաջնորդներն առաջ գան և առաջնորդեն շարժումը, վտարեն այս խունտային, որն ավելի վտանգավոր է քան արտաքին թշնամին, հաշվեք, որ հայ ժողովուրդն իր քննությունը պատմության ողջ ընթացքում հանձնել է։ Եթե այդպես չեղավ, ապա պատկերը շատ մռայլ է լինելու, այսօր մեր լինել ու չլինելու հարցն է, սա պետք է հասցնել յուրաքանչյուրին։ Այս իշխանություններից զատ, մեր երկրորդ թշնամին ապատիկ վիճակն է, անտարբերությունը, եթե այդպես շարունակվի՝ թուրքը հասնելու է Սյունիք, մինչև Երևան»,- եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս