
«Այ բալա, շուտով՝ 80». Լևոն Մալխասյանի հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Գյումրիում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի (Մալխաս) «Այ բալա, շուտով՝ 80» համերգը՝ «Մալխաս ջազ» բենդի և համերգի հատուկ հյուր՝ Գյումրու համայնքապետարանի «Անի» փողային նվագախմբի մասնակցությամբ։
Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան առթիվ կազմակերպված համերգին ջազի երկրպագուները վայելեցին սիրված և նոր ջազային կատարումներ:
«Լևոն Մալխասյանը և՛ որպես երաժիշտ, և՛ որպես Ջազի Հայկական Ասոցիացիայի պատվավոր նախագահ մշտապես եղել է «Մանուկյան պրոդաքշն»-ի կողքին և նաև նրա շնորհիվ է, որ սիրվել ու գնահատվել է ոչ միայն «Ջազը եւ Գյումրին» նախագիծը, այլ նաև բոլորիդ սիրված «Հայաթ Ջազ»-ը»,- ողջունելով ջազի սիրահարներին՝ նշեց Գյումրու Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ ուրախությամբ հավելելով, որ հայտնի ջազմենի հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարվում է Գյումրիում՝ այս համերգով։
Սիրված ջազմենը ոչ միայն մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացան, այլ նաև Գյումրիում ջազային ավանդույթները շարունակելու ու Գյումրիում երաժշտասերներին ջազային հրաշալի համերգներ նվիրելու գործում. նա մշտապես եղել է Գյումրիում անցկացվող «Ջազը եւ Գյումրին» և «Հայաթ Ջազ»-ի կողքին։
Երեկոյի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի կողմից, Գյումրում ջազային երաժշտության տարածման գործում ներդրած ավանդի, տարիների արդյունավետ փոխգործակցության ու Գյումրիի մշակութային կյանքի ակտիվությանը նպաստելու համար «Մալխաս ջազ» բենդը պարգևատրվեց պատվոգրով:
Արմենուհի Մխոյան