Կարմիր գծերը հատված են, և եկեղեցին իր խոսքն ասել է համազգային շահին հակասող վտանգների մասին․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից և հատկապես 2021-ին իշխանության հրաժարականի մասին Մայր Աթոռի հայտնի հայտարարությունից հետո զանգերն արդեն ղողանջել են։ Այսօր մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պահն օրհասական է, և կան կարմիր գծեր, որոնք, դժբախտաբար, կա՛մ արդեն հատվել են, կա՛մ հատվելու վրա են։ Զանգերը վաղուց հնչում են՝ 2021-ից այս կողմ, պարզապես պետք է լսել այդ զանգերը։ Թե դրանից ավելի ինչ ակնկալիք կարող են ունենալ մարդիկ, կարելի է ենթադրել, բայց եկեղեցին իր խոսքն ասել է և պարբերաբար հնչեցնում է վտանգները, համազգային շահին հակասող արատավոր երևույթները, հիշեցնում է այդ մասին։ Թե դրանից ավելի ինչ պետք է ակնկալել եկեղեցուց՝ դժվար է պատկերացնել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
«Վերջին շրջանում պարբերաբար դաշտ է նետվում այն խոսույթը, որ եկեղեցին պետության բացակայության ժամանակ ստանձնել է պետության գործառույթ, դրա համար եկեղեցու և եկեղեցականների շրջանում որոշ բարդույթներ են ստեղծվել, իրենք պետություն չեն սիրում և միշտ ուզում են պետության փոխարեն լինել։ Ե՛վ պետության, և՛ նրա բացակայության օրերին եկեղեցին առաջնորդվել է բացառապես համազգային շահով։ Եվ այստեղ անհասկանալի է՝ ի՞նչն ենք մենք նժարի վրա դնում։ Եկեղեցին պետության բացակայության ժամանակ դերակատարում է ստանձնել, քանի որ ստիպված է եղել ստանձնելու»,- ասաց հոգևորականը:
«Նույնիսկ պետության առկայության դեպքում, օրինակ՝ 10-րդ դարավերջին և 11-րդ դարասկզբին՝ Բագրատունիների օրոք, երբ բավական զարգացած և հզոր պետություն ունեինք, եկեղեցին նույնպես ունեցել է գործառույթներ, որոնք ուղղված են եղել բացառապես համազգային շահը պաշտպանելուն։ Չմոռանանք, որ այս դարաշրջանում հենց եկեղեցին է տարբեր թագավորությունների միջև մասնատված Հայաստանը շատ հաճախ բերել միասնության, այսինքն՝ իշխաններին, ավատատերերին, թագավորներին բերել մեկ սեղանի շուրջ և բացատրել, թե որն է համազգային շահը։ Հետևաբար՝ այս առումով սա կեղծ օրակարգ է։ Ներազգային կյանքից ներս՝ եկեղեցին պետության թե՛ առկայության, և թե՛ բացակայության պայմաններում ունի մեկ հիմնական և բացառիկ օրակարգ՝ ազգային, համազգային շահը։ Դրանից բացի՝ եկեղեցին երբեք չի կարող ներկայացնել ինչ-որ նկրտումներ՝ իշխանափոխություն անելու, իշխանություն վերցնելու, քաղաքական հեղափոխություն անելու։ Դա եկեղեցու գործառույթը չէ»,- նշեց Հայր Սուրբը:
Մայր Աթոռի միաբանի պնդմամբ՝ բացի համազգային շահով առաջնորդվելու արձանագրումը կատարելուց՝ մնացած բոլոր մեկնաբանությունները և հնչեցված կեղծ օրակարգերը բացառապես մանիպուլյատիվ բնույթ ունեն. «Ի՞նչ է հասկանում եկեղեցին՝ համազգային շահ ասելով։ Դա առաջին հերթին հայկական քրիստոնեական ինքնությունն է։ Դա դարերով փորձված և իր օգտավետությունն ապացուցած երևույթ է։ Եվ երբ մարդիկ կամենում են դրանից փախնել՝ ինչ-ինչ օրակարգեր և խոսույթներ արտանետելով միջավայր, դա պարզապես առաջացնում է և՛ եկեղեցու, և՛ հավատացյալ հոտի քննադատությունը։ Ի վերջո, եկեղեցին հո միայն սև վեղարներով մարդի՞կ չեն։ Եկեղեցին ժողովուրդն է, եկեղեցի՝ նշանակում է ժողովարան, ժողովրդի միասնություն։ Հետևաբար՝ այս քննադատությունները պետք է ըստ արժանվույն ընդունվեն, ոչ թե դրանց հիման վրա կառուցվեն տարատեսակ մանիպուլյատիվ մեկնաբանություններ, թե իբր եկեղեցին հեղափոխական շապիկ է հագել կամ իշխանափոխություն է անում»:
«Եթե պետք է, այո՛, եկեղեցին շատ հաճախ կարող է կտրուկ լինել իր քննադատություններում։ Իսկ եթե եկեղեցին նկատում է, որ չկան հատված կարմիր գծեր, և առանց որևէ հանրայնացման՝ հնարավոր է իրավիճակը շտկել, նաև այդ քայլին է դիմում։ Եթե տեսնում է, որ պետք է դիրքորոշումը հանրայնացել, ու շատ հաճախ՝ նաև կտրուկ, դիմում է այդ քայլին։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, քաղաքական խոսույթով չի առաջնորդվում, այլ բացառապես համազգային շահի օրակարգով, և սա պետք է մեկընդմիշտ հիշել»,- ամփոփեց Հոգեշնորհ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում