2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը
Մայիսի 3-ին խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է իր՝ ԲՏԱ նախարար եղած ժամանակ 2021 թվականի փետրվարին Աբու֊ Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի նմուշների տեղ չհասնելու դեպքին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 21-25-ը Հայաստանը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել էր IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ միասնական տաղավարով, որտեղ 14 հայկական ընկերություններ ներկայացրել էր հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։
Սակայն ՀՀ-ի մասնակցությունը, մեղմ ասած, բավականին տխուր էր ստացվել, եթե չասենք՝ ամոթալի. ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ հայկական տաղավարում միայն բուկլետներ են եղել հիմնականում:
Ավելի ուշ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանել էր, թե հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, և, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվել է ծառայողական քննություն։
Պարզաբանման մեջ նշվել էր նաև՝ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որ սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:
168.am-ը հենց սկզբից գրել էր, որ ցուցանմուշները մնացել են Մոսկվայում: Ավելի ուշ մենք հայտնել էինք, որ Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները մաքսանենգ ապրանքի կարգավիճակում էին մնացել Մոսկվայում: Այսինքն, հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չի ունեցել:
3 տարի անց, երեկ ԱԺ-ում Հակոբ Արշակյանն իր կամ իրենց, մեղմ ասած, անփութությունը փորձել է արդարացնել և գցել Մոսկվայի «գրպանը» և տեղի ունեցածին քաղաքական աստառ տալ, և ոչ մի խոսք մաքսանենգ ապրանքի կարգավիճակի մասին:
«2021թ․ ընտրություններից առաջ Հայաստանը պետք է հանդես գար տաղավարով Աբու Դաբիի էքսպոյի ժամանակ: Մենք ամեն ինչ կազմակերպում ենք հավուր պատշաճի, և չափերով մեծ էքսպոնատները…, որովհետև փոքրերը գնացել են, էդպես չի, էլի, որ ասում եք՝ բուկլետներով են գնացել: Բուկլետներով չէինք գնացել, էքսպոնատներով էինք գնացել, և չափերով մեծերը, որոնք ինքնաթիռով տեղափոխման կարիք ունեին: Բայց ինչ է ստացվում՝ քանի որ էքսպոնատների չափերը մեծ էին և տրանզիտ ինքնաթիռ պետք է օգտագործվեր, ընտրվում է մի ճանապարհ, որտեղով մեծ ինքնաթիռ է գնում, և ընտրվում է Մոսկվայով թռնող ինքնաթիռը: Ինչ է պարզվում՝ տրանզիտ բեռը Մոսկվայում իջեցվում է: Հարց է առաջանում՝ ինչի՞ է իջեցվել, ասում են՝ «ինչ–որ փաստաթուղթ է պակաս»։ Այդ փաստաթուղթն ուղարկվում է, ուրիշ փաստաթուղթ էլ է ուղարկվում, ասում են՝ «անպայման կուղարկենք հաջորդ ինքնաթիռով», հետո՝ «հաջորդ ինքնաթիռով», հետո էքսպոյի ժամանակն է գալիս արդեն։ Հարց է առաջանում՝ ընտրություններից առաջ… էղածը մի բան չէր, մեջը, ի դեպ, զենք չի եղել՝ պայթող, ծակող-կտրող, էղել են էքսպոնատներ, բեսպիլոտնիկի մակետ՝ առանց իր ռազմական մասի, օպտիկական սարք և էդպես շարունակ»,- շարունակել է Արշակյանը:
Այսինքն, Արշակյանն ուզում է ասել՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Մոսկվան փորձել է «պատժե՞լ» ՔՊ-ին: Այս մասին Հակոբ Արշակյանը նո՞ր է իմացել, եթե դա, իհարկե, այդպես է, որովհետև, ինչպես նշեցինք, նրա իսկ հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն.
«Տեղյակ եք, որ նաև ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Ես ուզում եմ ասել՝ այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն, և ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն: Իհարկե, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»:
Իսկ ավելի ուշ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել էր IDEX 2021 միջազգային ցուցահանդեսի հետ կապված ծառայողական քննության արդյունքները:
«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:
Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»,- նշվում էր ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիմա ինչպե՞ս է Արշակյանն ակնարկում, որ Մոսկվայից դիտավորություն է եղել ընտրություններից առաջ, այդ դեպքում ինչո՞ւ են կարգապահական տույժի ենթարկել նախարարության աշխատակիցներին:
Ի դեպ, հետաքրքիր է՝ ըստ ԱԺ փոխնախագահի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությա՞ն, Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ անձամբ իր դեմ Մոսկվան նման «դիտավորության» առիթ ուներ:
Իսկ ռազմական նշանակության արտադրանքի այդ ցուցանմուշները միայն մոտ 2 տարի հետո Երևան հասան, ինչի մասին 168.am-ը գրել էր։
Ինչ վերաբերում է Արշակյանի՝ Մոսկվային բարկացնելուն, նշենք, որ 2021 թվականի մարտի 6-ին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ներկայացվում էր հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:
Նշվում էր, որ այն նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար, անցել է պետական փորձարկումներ, գտնվում է սերիական արտադրության փուլում։
168.am-ի հավաստի տեղեկություններով, ռուսական կողմի զայրույթի տեղիք էր տվել այն փաստը, որ տեղական պատճենահանվածն իրենց արտադրանքի նույն անունով էր ներկայացվել:
Այս մասին նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում անդրադարձ կա, որտեղ Հակոբ Արշակյանին և նրա ղեկավարած գերատեսչությանը հեգնում են, թե՝ «սովորել են գեղեցիկ պրեզենտացիաներ «նկարել»»:
Երկրորդ, ուշագրավ էր նաև այն, որ մարտի 6-ին տարածված այս տեսանյութին կից Հակոբ Արշակյանը հրավեր չէր արել մարտի 25-27-ը Երևանում հայտարարված Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսին, որն այդ ժամանակ դեռ հետաձգված չէր, մինչդեռ մարտի 3-ին, երբ ներկայացրել էր հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը, նման հրավեր կար՝ «ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՌԴ-ն հրաժարվել էր այս ցուցահանդեսին իր մասնակցությունից:
Ավելի ուշ «ArmHiTec-2021» ցուցահանդեսի կայքից տեղեկացել էինք, որ այն հետաձգվում է և անցկացվելու է 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման որոշում էր կայացրել՝ Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված:
Այս պատճառաբանությունը, իհարկե, զավեշտալի է վերևում նշված փաստերի առկայության դեպքում: Հարկ է նշել նաև, որ «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի անցկացման որոշումը կայացվել էր վարչապետի մակարդակով, ըստ այդմ՝ չեղարկման որոշումն էլ պիտի կայացվեր այս մակարդակով:
Այսինքն, ըստ էության, գործ ունենք լիազորությունների գերազանցման և իրավական կամայականության հետ, եթե չասենք՝ փնթիության:
Հավելենք, որ 2021 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: