«Փաստարկը, որով քննադատվում է ԿԲ-ն, զավեշտալի է, որովհետև ԿԲ-ն քննադատվում է նրա համար, ինչ ինքը կատարել է «ԿԲ-ի մասին» օրենքով»
«Կենտրոնական բանկի մասով շատ քննադատելու բան կա, սակայն այն դիրքորոշումը, որ պետք է, այսպես ասած, միանգամից գլխատել ԿԲ-ին՝ նախագահին, նրա տեղակալներին ու խորհրդի անդամներին, հակասում է ոչ միայն օրենսդրությանը, այլ նաև հակասում է այն հիմնարար հաջողություններին, որ ՀՀ-ն ձեռք է բերել: ԿԲ-ն ՀՀ-ում առաջին կայացած ինստիտուտն էր, և դրանով կայունացավ մեր տնտեսությունը, հիմքը դրվեց տնտեսության, և չի կարելի ԿԲ-ի անկախության դեմ այդպես հանդես գալ: Պետք է ԿԲ-ի անկախությունն ավելի շուտ հակակշռել մասնագիտական պրոֆեսիոնալ դիտարկումներով և քննադատությամբ և դրանով հասնել նրան, որ ԿԲ-ն ավելի արդյունավետ աշխատի, ոչ թե պարզապես քաղաքական նման հայտարարություն անել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ արձագանքելով ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի տեսակետին, որ ԿԲ-ն իր պարտավորությունները չի կատարում, դրամը ռուբլու նկատմամբ արժևորել է 37.5%-ով, ինչի արդյունքում՝ արտահանողը հայտնվել է վատ վիճակում, և պետք է ԿԲ նախագահին հանել՝ խորհրդի հետ միասին, ու նոր մարդկանց բերել:
Ըստ Ա.Խուրշուդյանի՝ խախտված է մի քանի սկզբունք. նախ՝ ԿԲ-ի կառավարման սկզբունքը, որտեղ կա տարաժամկետության սկզբունք. «Խորհրդի անդամները չպետք է միանգամից փոխվեն: Դա հատուկ է արված, որպեսզի ԿԲ-ի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանվի, այն լինի, այսպես ասած, շարունակական կառույց, այլ ոչ թե ամեն մի փոփոխությունից հետո կտրուկ անձնական վերաբերմունքը փոխվի: Եվ չի կարելի միանգամից բոլորին փոխել, եթե ինչ-որ բանից քաղաքական գործիչը դժգոհ է: Երկրորդը՝ այն փաստարկը, որով քննադատվում է ԿԲ-ն, զավեշտալի է, որովհետև ԿԲ-ն քննադատվում է նրա համար, ինչ ինքը կատարել է «ԿԲ-ի մասին» օրենքով:
Այսինքն՝ իր առաքելությունն անելու համար: Եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ սխալ է գների կայունությունը պահպանելը՝ զոհելով տնտեսությունը, և այդտեղ ես նույնիսկ կպաշտպանեմ պարոն Բագրատյանի տեսակետը, բայց դա անելու համար պետք է օրենքը փոխել: Այսինքն՝ ոչ թե մարմիններին, որովհետև իրենք կատարել են իրենց պարտականությունները: Զավեշտ է օրենսդիրի կողմից քննադատել՝ օրենքը կատարելու համար: Չի կարելի: Կարելի է քննադատել արդյունավետությունը՝ ինչպես է այդ օրենքը կատարվել: Այսինքն՝ ԿԲ-ն կարո՞ղ էր գները կայուն պահելով՝ այդքան չճնշեր տնտեսությանը, այլ կերպ վարվեր: Շատ տեղ կա խոսելու, բայց ոչ այդպես կտրուկ, թե պետք է գները բաց թողնվեն, որ տնտեսությունը շնչի, ու քանի որ դա չեք արել, եկեք բոլորիդ գործից հանենք: Դա վտանգավոր է նրանով, որ միանգամից կխաթարվի մի ամբողջ գործող ինստիտուտ: Իսկ ես գիտեմ՝ ովքեր են ԿԲ-ում աշխատում, ինչ՝ ինչ, բայց պրոֆեսիոնալիզմի առումով շատ դժվար է ասել, որ այնտեղ չկա պրոֆեսիոնալիզմ: Այլ հարց է, որ այնտեղ այլ գաղափարախոսությամբ մասնագիտական ուղղությամբ են աշխատում, և պետք է դա հակակշռվի մեկ այլ գաղափարախոսությամբ: Դրա արդյունքում պետք է ծնվի ճիշտ դրամավարկային քաղաքականությունը, ոչ թե ցանկացած դուր չեկած պահի փորձենք ԿԲ-ին գլխատել»:
Ա.Խուրշուդյանը նշեց, որ ԿԲ-ի ղեկավարության փոփոխության վերաբերյալ դրույթն օրենսդրությամբ ստեղծված է հենց նրա համար, որ ԿԲ-ն պաշտպանվի քաղաքական նկրտումներից, իհարկե, հիմնականում նկատի է առնվում կառավարությանն ու իշխող կուսակցությանը, թեպետ այս դեպքում բողոքն ավելի շատ գալիս է ընդդիմադիր դաշտից: Ըստ նրա՝ եթե ԿԲ-ին մեղադրանք լինի ընդդիմադիր դաշտից, ոչ թե իշխանական կողմից, կարելի է ենթադրել մի բան, որ ԿԲ-ն ոչ թե իր գործառույթն է անում, այլ ծառայում է կառավարությանը, ինչը տվյալ դեպքում այդպես չէ. «Որակյալ մասնագիտական հիմնավորված քննադատությունը թող լինի, և այն չպետք է ավարտվի վերադաս մարմնի, ԿԲ խորհրդի հրաժարականի պահանջով, այլ քաղաքականության փոփոխությամբ: Դա շատ փոքր, բայց էական հիմքն է ՀՀ տնտեսական կայունության, և պարզապես այդ հիմքը խարխլել չի կարելի»:
Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ԿԲ-ն խախտե՞լ է իր գործառույթը՝ դրամի լողացող փոխարժեքի հարցում, Ա.Խուրշուդյանը պատասխանեց, որ օրենսդրությամբ սահմանված է, որ դրամի փոխարժեքը պետք է լողացող լինի, նույնիսկ դրա վերաբերյալ ԱՄՀ-ի 2-րդ հոդվածին է ՀՀ-ն անդամակցում, բայց, ցավոք, արդեն մի քանի դեպք արձանագրվել է, որ ԿԲ-ն փորձել է պահել, ֆիքսել դրամի փոխարժեքը, և այս մասով այն իր գործառույթներին հավատարիմ չի մնում. «ԿԲ-ն արդարանում է, որ ճգնաժամի ժամանակ է արել այդ գործառույթը և դրանով ավելի շատ փրկել է իրավիճակը, և քննադատելի է ոչ թե այդ ժամանակ ֆիքսածը, այլ, որ մինչ այդ հնարավոր էր կանխել: Օրինակ՝ այսօր էլ ԿԲ-ն չափից ավելի է արժևորել դրամը և, եթե շարունակի պահել, մի օր ստիպված նորից խախտելու է լողացող փոխարժեքի սկզբունքը: ԿԲ-ն միայն դրամավարկային ցուցանիշներով առաջնորդվելով՝ սկսում է վնասել մի ցուցանիշ, և դա հետագայում որոշ ժամանակ անց խփում է հենց ԿԲ նպատակակետին: Այսինքն՝ կա կոնֆլիկտ՝ թվում է, թե լողացող է, բայց իրականում լողացողի վրա իր ինտերվենցիաներով ազդում է ԿԲ-ն»: