«Մեզ հեշտ կյանք չի սպասվում». Հրանտ Բագրատյան

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ

– Պարոն Բագրատյան, Հայաստանի տնտեսության վիճակն այսօր ինչպե՞ս եք գնահատում, ճգնաժամ կա՞, թե՞ դեռ ոչ:

– Տնտեսությունն այսօր առնվազն գտնվում է լճացման փուլում: Իմ խորին համոզմամբ` չնայած ձեռնարկված միջոցներին կամ բացախոսությանը, ի վերջո, կառավարությունը փորձում է բոլորին ներգրավել բանավեճի մեջ, մինչև իշխանությունների` առաջինից վերջին մարդը չհասկանան, որ մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, ոչինչ չի ստացվի:

– Այդ արմատական փոփոխություններին գնալու պատրաստակամություն տեսնո՞ւմ եք, կառավարությունը կգնա՞ նման քայլի:

– Գիտեք, օրինակ, մի քայլ, այնուամենայնիվ, արվեց` շրջանառության հարկը, չնայած դրան զուգահեռ` արվեցին 2-3 քայլեր, որոնք ճիշտ հակառակ ուղղությամբ էին: Մենք նախորդ օրն այցելեցինք խոշոր շուկաներից մեկը, որտեղ շատ փոքր ու միջին ձեռնարկատերեր կան, և բոլորը, իհարկե, շնորհակալ էին: Հիմա, եթե այդ նույն շրջանառության հարկը չշարունակեն, չտարածեն խոշորի վրա, ապա առաջին քայլը կիսատ կմնա օդում, մի կես տարի հետո կվերացնեն: Կամ` իմ կարծիքով` մեր Կենտրոնական բանկն ամբողջովին պետք է փոխվի: Կամ` ամբողջ հարկային քաղաքականության կուլտուրան պետք է փոխվի, որի երկու ամենակարևոր քայլերն են` հսկիչ գներ չպետք է լինեն, և սահմանին ԱԱՀ-ն չպետք է գանձվի, ինչպես որ խոսք էր տվել կառավարությունն անցած տարվա ապրիլին: Ընդ որում, դանակն այսօր ոսկորին է հասել: Կամ` մենաշնորհներին պետք է վերջ տրվի:

Մենք պետք է հաստատ իմանանք, որ ոչ մի տեղ մենաշնորհ չկա: Սրանք կարևոր, էական հարցեր են: Մենք ի՞նչ ենք արել. մենք այդ էական հարցերից լուծել ենք շրջանառության հարկը փոքր բիզնեսի համար, որով, այո՛, արդեն մի երկու ամիս է, աշխատում են` փոքր բիզնեսին փրկեն: Բայց դա ի՞նչ է` չարվածի համեմատ, տասնապատիկ փոքր է չարվածից: Ուրախ եմ, որ կառավարությունը, այնուամենայնիվ, բաց է: Չգիտեմ` կհաջողե՞ն, թե՞ ոչ: Աշխատում են ավելի բարդ պայմաններում, քան նախորդ կառավարությունը (ԵՏՄ, տնտեսական սանկցիաներ և այլն), և ուրեմն տասնապատիկ ավելի հնարամիտ պիտի լինեն նախորդից:

– Այսինքն, ըստ էության, չի՞ փոխվել իշխանության գլոբալ քաղաքականությունը:

– Տնտեսական քաղաքականությունը, մեծ մասամբ, ո՛չ, դեռևս չի փոխվել: ԿԲ-ն շարունակում է այն, ինչ անում էր 4-5 տարի առաջ, ու երկիրը տանում է կործանման, կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ չի հաղթում, ավելի շուտ` վախը, կոնսերվատիզմն է հաղթում: Բայց քայլ առ քայլ, այլ տարբերակ չկա, բոլորը գալիս են այն եզրակացության, որ արմատական փոփոխություններ են պետք: Այդ արմատական փոփոխությունները պետք էին դեռ 2007-ին. վերականգնողական աճի հնարավորությունները սահմանափակվել էին, և տնտեսական աճ գեներացնելու համար նոր քաղաքականություն էր պետք: Դեռևս 2007-2008-ին ամեն ինչ պետք էր փոխել:

Դա համընկավ ներկայիս նախագահի պաշտոնավարման հետ, և նրան ոչ ոք չհուշեց, որ տնտեսական քաղաքականության մեթոդները պետք է փոխվեն: Տիգրան Սարգսյանի կառավարությունն էլ ավելի խորացրեց 2000-ականների որդեգրած տնտեսական քաղաքականությունը` շարժվելով ճիշտ հակառակ ուղղությամբ: Այսօր վիճակն այնպիսին է, որ պարտք վերցնեն` կերկարացնեն, չեն վերցնի` չեն երկարացնի երկրի այս տնտեսական քաղաքականության կյանքը: Կարծում եմ, որ հնարավորություն կա վերանայելու, և կառավարության կողմից նման հարցերը բարձրացնելը գոնե մի փոքր հույս է ներշնչում, որ բացի դրա մասին խոսելուց` նաև կփոխեն:

– Պաշտոնական վիճակագրությունը թվերը հրապարակել էր, բայց Էկոնոմիկայի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ դրանք ճշգրտման կարիք ունեն, ամբողջական չեն: Ինչպե՞ս եք գնահատում սա, այսինքն` վիճակագիրներն է՞լ են մոլորվել ու խճճվել իրենց իսկ թվերում:

– Նախ` ամենայն լրջությամբ ուզում եմ կառավարությանը խորհուրդ տալ, և պետք է անձնավորեմ` Ստեփան Մնացականյանին աշխատանքից հանեք, տվեք ավելի մեծ պաշտոն, բայց հանեք աշխատանքից: Խնդիրն այն է, որ ազգային հաշիվների համակարգն ունի անհատականություն, այսինքն` միշտ, ինչպես էլ հաշվեն, 1-3% շեղում տալիս է: Ու երբ տնտեսական աճի տեմպերն իջնում են 5%-ից ներքև (3-5% սխալն ազգային հաշիվների համար նորմալ շեղում է), ապա անկում ունենալու պարագայում միշտ էլ կարող եք ասել, որ աճ ունեք, քանզի դա թույլատրված շեղումների սահմաններում է: ԱՎԾ պետին թեկուզ վարչապետ կամ փոխվարչապետ նստեցրեք, եթե չեք կարողանում ազատվել իրենից, որովհետև անպայման գոնե 5-10 տարին մեկ նա պետք է փոխվի, ու նոր մոտեցում լինի:

Երկրորդը` ես խորհուրդ կտայի կառավարությանը` զգուշանալ, երբ վիճակագրությունն ասում է, որ աճ կա, և դա ծառայությունների ու գյուղատնտեսության ոլորտում է: Այդ ոլորտների աճը միշտ վտանգավոր է, կարող է և՛ շատ, և՛ քիչ լինել: Այնտեղ տոտալ վիճակագրություն չենք կարող ունենալ, բայց այն, ինչ այնտեղ փոխարինել է տոտալ վիճակագրությանը, հուսալի չէ:

– Պարոն Բագրատյան, շատերը կանխատեսում են, որ մինչև ապրիլի 24-ը, Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներով պայմանավորված, համեմատաբար հանդարտություն կպահպանվի, բայց հետո պայթյուն կլինի` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Համամի՞տ եք, թե՞ ոչ, ի՞նչ եք սպասում Դուք:

– Դա խնդրի մակերեսային կողմն է: Մենք ունենք հսկայական անդունդ վճարման հաշվեկշռում: Դրամը, փոխանակ արժեզրկվի, օրերս նույնիսկ արժևորվում է: Ինչո՞ւ: Որովհետև իրանցիները եկել են: Լավ, բայց նման դեպքում ԿԲ-ն պետք է դոլար գնի ու մի 50 մլն-ով պահուստներն ավելացնի: Այսօր արդեն պահուստները 1 մլրդ 200 մլն են: Ասում եք` կանխատեսում են, որ ապրիլի 24-ից հետո կպայթի: Ոչ, վաղը կարող է Չինաստանը 1 մլրդ տա, դա էլ կնստենք-կուտենք: Կամ կարող է ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլրդ տա, կամ ՌԴ-ն: Այսինքն` ես այդ մարդը չեմ, որ ասեմ` ապրիլի 24-ից հետո կպայթի:

Եթե չի պայթում, կայուն է մնում, պարտքի հաշվին, մեր երկրի վարկունակությունն է իջնում։ Այնպես որ, դեռևս շանս կա պայթյունը «փոխարինել» ճահճով («Մուդիսը» մի անգամ իջեցրեց վարկանիշը)։ Ավելի սարսափելին ուրիշ բան է. երկիրը չի աշխատում: Իսկ ավելի լավ չէ՞ պայթի, բայց սկսենք աշխատել։ Երկու դեպքում էլ` կամ կպայթի, կամ չի պայթի, բայց պարտք կվերցնենք, երկիրը գահավիժում է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` մենք այսօր ունենք 44% աղքատություն, 21-22% գործազրկություն:

– ՀՀ տնտեսությունում արժույթի ու արտահանման խնդիրները, ըստ իշխանական ներկայացուցիչների, կապված չեն ԵՏՄ-ի հետ, այլ կապված են ընդհանուր զարգացումների հետ, ու եթե ԵՏՄ չմտնեինք, ընտրեինք ԵՄ ինտեգրումը, միևնույն է, այս խնդիրները կառաջանային:

– Ոչ, խնդիրը կլիներ, բայց շատ ավելի թեթև կլիներ: Ինչո՞ւ: Որովհետև գնացինք ԵՏՄ, և դրամը ռուբլու նկատմամբ 37.5% արժևորվեց: Ո՞վ է նման բան անում: Ոչ մի խելացի մարդ, նույնիսկ հանրապետականների մեջ, որ հասկանում են, գերադասում են լռել ՀՀ Կենտրոնական բանկի մասով: Այնտեղ հավաքվել են 7 հոգի, որոնք չեն հասկանում այդ գործից: Եթե մենք մտել ենք ԵՏՄ, որ շուկաները նվաճենք, դրամն ինչո՞ւ եք 37.5% արժևորում: Ռուսաստանը, ԵՏՄ-ն կամ ԵՄ-ն այստեղ ի՞նչ կապ ունեն:

– Այսինքն` մեր ներքի՞ն խնդիրն է:

– Ներքին չէ, կոնկրետ Կենտրոնական բանկում նստած՝ պետությանը վնաս տվող մարդկանց խնդիրն է: Չեն հասկանում` ինչ են անում: Ինչի՞ մասին ենք խոսում:

– Գործնականում` արտահանողներն այժմ չեն կարողանում արտահանել:

– Մենք մտել ենք ԵՏՄ, որ գնանք-արտահանենք: Մեր ԿԲ-ն արժևորել է դրամը ռուբլու նկատմամբ 37.5%: Արդյունքում` արտահանողը հայտնվել է վատ վիճակում:

– Ի՞նչ անել:

– ԿԲ նախագահին պետք է հանել` իր ամբողջ խորհրդով, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն: Դրա համար պետք է արժեզրկել դրամը` ռուբլու, առավել ևս` դոլարի նկատմամբ: Պլանավորած արժեզրկել, և սա բազմիցս ասվել է, անկախ գնաճային հետևանքներից, որպեսզի տնտեսությունը շնչի:

– Որոշ հաշվարկներով` դոլարի իրական փոխարժեքը պետք է լիներ 800 դրամ: Եթե փոխարժեքն ազատ թողնեն, կառավարությունը կկարողանա` ինդեքսավորել ու թոշակառուներին և մյուս սոցիալապես անապահով խմբերին փոխհատուցել սպասվող գնաճը:

– Նախ` 800 դրամ ասողներին ես խորհուրդ կտայի` Աստծուց ավելի խելոք չլինել: Ինչքան կլինի` կտեսնենք: Իմ կարծիքով` հենց ԿԲ-ն պետք է, դոլարն անընդհատ գնելով` նախաձեռնի դրամի սահուն արժեզրկում: Ճանապարհին կզգացվի, թե որտեղ է պետք կանգ առնել: Եթե դա չանեն, նորից կպայթի: Բայց դա պետք է անել ոչ թե մի օրում, այլ կես տարվանից 1 տարվա ընթացքում: Դոլարի դիմաց դրամի պահուստավորման նորման 20-ից պետք է իջեցնել 12՝ ընդամենը 5-6 ամսում: Դրամը կսկսի արժեզրկվել: Ավելին` արժեզրկման փուլում նույնիսկ երբեմն ԿԲ-ն պետք է ստերիլիզացնի, դրսից եկած ռուբլով կամ դոլարով տրանսֆերտները պետք է գնի: Իմ խորին համոզմամբ` ԿԲ-ն պահուստների մեջ պետք է անպայման արծարծի ռուբլին, եթե մտել ենք ԵՏՄ: Ստացվում է հետաքրքիր բան. ես ԵՏՄ-ին անդամակցելուն կողմ չեմ քվեարկել, բայց այս մարդիկ, որ մտել են ԵՏՄ, հակառակ քայլերն են անում: Ու ստացվում է, որ ես եմ ասում` ինչո՞ւ չեք պահում ձեզ այնպես, ոնց պետք է պահել ԵՏՄ-ում:

Տեղի կունենա՞ գնաճ: Պարտադիր չէ, որ գնաճը լինի այնքան, ինչքան դրամն արժեզրկվի, եթե միաժամանակ ՀՀ նախագահը հայտարարի, որ շուկաներն ազատ են: Իսկ սա պետք է լինի ազգային ակցիա` ինչպես գնացինք հռչակագիրը կարդացինք: Ես խորհուրդ կտայի, որ նախագահը տնտեսական էլիտային հավաքի ու հայտարարի, որ շուկան ազատ է:

– Մոտ մի տարի առաջ վարչապետը հավաքեց այդ էլիտային:

– Ոչ, նախագահը պետք է հավաքի ու հայտարարի: Դրանից հետո գործողություն պետք է հետևի, ու ցանկացած մարդ պետք է բերի, օրինակ, բանան: Մրցակցությունը կբերի նրան, որ գնաճը կկազմի դրամի արժեզրկման 1/3-ը, ոչ ավելի: Բայց գնաճի հետևանքով բյուջեում կունենանք լրացուցիչ եկամուտներ, որոնք պետք է ուղղել ամենաաղքատ խավերին օգնելու համար: Մեր բյուջեի դեֆիցիտը ցածր է` 1.8%, մենք նման հնարավորություն ունենք: Աղետ չի լինի: Քանի որ դեֆիցիտը ցածր է, եթե դրամն արժեզրկվի, օրինակ, 40%, ապա գնաճը կլինի 10-15%-ի սահմաններում: Օրինակ` դրամը դեկտեմբերին արժեզրկվել էր 16%, գնաճը 4-5% էր:

– Պարոն Բագրատյան, Դուք կանխատեսում էիք, որ շուտով ԵՏՄ-ում միասնական արժույթի կանցնեն, և ահա վերջերս ՌԴ նախագահը կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել այդ ուղղությամբ: Ի՞նչ սպասենք առաջիկայում, ու դա ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա:

– ՌԴ-ում կան մի 3-4 տնտեսագետներ և, ի տարբերություն մյուս երկրների ղեկավարների, ինչքան էլ մեզ դուր գա կամ չգա, Պուտինը բնավորություն ունի հրավիրել տնտեսագետների ու խորհրդակցել: Մեզ մոտ չկա նման բան: Եվ եթե համեմատենք Պուտինին այսօր ու 15 տարի առաջ, նրա տնտեսագիտական ելույթները մի կարգով բարձր են: Նա այսօր առնվազն մակրոտնտեսագիտության թեկնածուից ավելի բարձր մակարդակի ձևակերպումներ է տալիս իր խոսքին: Անշուշտ, այս ամենով հանդերձ, Պուտինը տնտեսագետ չէ: Եվ գլոբալ առումով` իր տարած տնտեսական քաղաքականությունը, վստահ չեմ, որ պտղաբեր կլինի:

Դուք ճիշտ եք, ես ասում էի, որ կանցնենք միասնական արժույթի: Բայց ինչքան ես եմ հասկանում, դա 3 տարուց շուտ չի պատահի, որովհետև առնվազն 3 տարի է պետք, քանի որ մինչև միասնական արժույթին անցնելը պետք է համահարթեցնել ու միասնականացնել հարկային դաշտերը: Առանց դրա` միասնական արժույթին անցնելը պարզապես սխալ է: 3 տարի հետո կանցնեն: Կհրավիրե՞ն ՀՀ-ին, թե՞ ոչ, չգիտեմ: Մեզ հեշտ կյանք չի սպասվում: Դա մի նոր հարված կլինի ՀՀ տնտեսությանը: Ես հասկանում եմ, որ հիմա ԿԲ-ում բոլորն ուրախանում են, ասում են` վերջապես ռուբլի կլինի, ու մենք դրամի փոխարժեքը պահելու պարտականությունից կազատվենք, բայց ես ուզում եմ զգուշացնել ՀՀ նախագահին ու կառավարությանը` չի կարող լինել մեկ արժույթ, որը շահավետ լինի էներգակիրներ արտահանող և ներմուծող երկրներին միաժամանակ: ՀՀ տնտեսությունը կհայտնվի անհուսալի վիճակում, և Հայաստանը կդառնա ԵՏՄ-ի Հունաստանը:

Տեսանյութեր

Լրահոս