Գարիբաշվիլին վիրավորվել է Մարգվելաշվիլու խոսքերից
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին չարդարացված է համարել կառավարության հասցեին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հնչեցրած քննադատությունը՝ ընդգծելով, որ պետության ղեկավարը երբևէ չի նախաձեռնել իրենց հետ համագործակցություն:
Ավելի վաղ Մարգվելաշվիլին տարեկան հաշվետվությամբ ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանում, որին սակայն ներկա չի գտնվել կառավարության որևէ անդամ, այդ թվում նաև Գարիբաշվիլին, ով հայտարարել էր, որ կնախընտրի նախագահի ելույթը դիտել տանը հեռուստացույցով: Դրա հետ կապված՝ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ դրանից տուժել է ոչ թե նախագահական ինստիտուտը, այլ՝ պետությունը:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ իր համար վիրավորական է, որ նախագահն անարդար քննադատության է ենթարկել կառավարության անդամներին. «Դա շատ ցավալի է ինձ համար: Երկրի բնակչությունը գործող իշխանություններին ընտրել է ոչ նրա համար, որ լսի նախագահի կողմից կառավարության հասցեին քննադատություն կամ իր կողմից նախագահին տրված պատասխաններ:
Ես կարծում եմ, որ դա ամոթալի է: Մենք չունենք դրա ժամանակն ու չենք կարող մեզ թույլ տալ նման բան: Մենք չպետք է մեզ իրավունք վերապահենք այդպիսի հարցերի վրա ժամանակ ծախսելու համար, որոնք առաջնահերթ չեն մեր երկրի բնակչության համար»: