Բաժիններ՝

Նյարդահոգեբանը՝ երեխաների վաղ զարգացման վնասների մասին

Ա.Վ. Սեմյոնովիչը նյարդահոգեբան է, հոգեբանական գիտությունների թեկնածու, 200-ից ավելի գրքերի հեղինակ, մոսկովյան համալսարանի պրոֆեսոր ( МГППУ): Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Սեմյոնովիչի հետ, որում նա խոսում է երեխաների վազ զարգացման վտանգների մասին:

Ինչպե՞ս եք Դուք նյարդահոգեբանի տեսանկյունից նայում երեխաների վաղ զարգացման հանգամանքին, երբ նրանք 2.5-3 տարեկանից սկսում են սովորել գրել, կարդալ, հաշվել:

– Խիստ բացասական վերաբերմունք ունեմ այդ երևույթի վերաբերյալ:

Որպես անալոգ՝ բերեմ հետևյալ օրինակը. լա՞վ է, երբ մարդիկ սեռական կյանքով սկսեն ապրել, ասենք, 10 տարեկանից: Չէ՞ որ պարզ է, որ ո՛չ ֆիզիոլոգիապես, ո՛չ հոգեբանորեն երեխան այդ բարբարոսությանը պատրաստ չէ, և դա, բացի հոգեկան խեղումից՝ ոչնչի չի հանգեցնի: Եվ սա միանշանակորեն բոլորի համար պարզ է և ապացուցման կարիք չունի:

Կարդացեք նաև

Կան ուղեղի զարգացման նյարդաֆիզիոլոգիական օրենքներ: Նրա էներգետիկ պոտենցիալը ժամանակի յուրաքանչյուր ակնթարթի համար սահմանափակված է: Այդ պատճառով էլ, եթե մենք այդ էներգիան հոգեբանական ինչ-որ ֆունկցիայի համար վատնում ենք ոչ իր ժամանակին, ապա դեֆիցիտ է առաջանում այնտեղ, ուր այդ էներգիան պետք է ուղղորդվեր: Քանի որ արտաքին միջավայրը պահանջում է որոշակի խնդրի լուծում, ուղեղն անպայման այն պետք է կատարի, բայց հոգեկան այլ կառույցների հաշվին:

2-3 տարեկանը երեխայի էմոցիոնալ զարգացման բուռն շրջանն է: Եվ եթե դուք սկսում եք նրան այդ տարիքում սովորեցնել գրել, կարդալ, հաշվել, ծանրաբեռնել նրա ճանաչողական պրոցեսները, ապա դուք դրա համար անհրաժեշտ էներգիան խլում եք մասնավորապես երեխայի էմոցիաներից:

Այդ պարագայում երեխայի էմոցիոնալ պրոցեսները կդանդաղեն, և դրա փոխարեն՝ կարող են գլուխ բարձրացնել երեխաների սոմատիկ (մարմնական) զարգացման որոշ ծրագրեր: Շատ հավանական է որոշ դիսֆունկցիաների ի հայտ գալը:

Էներգիան այդպես վատնելու հետևանքները կարող են նկատելի լինել ոչ միանգամից, ու երբ, ասենք, 7 տարեկանում երեխայի մոտ հանկարծ սկսվում են վախեր, էմոցիոնալ պոռթկումներ, երեխան դառնում է կա՛մ հիպերակտիվ, կա՛մ ագրեսիվ, ծնողները զարմանում են:

Իսկ այնուամենայնիվ, երեխային կարելի՞ է նախապատրաստել դպրոց հաճախելուն: Եթե այո, ապա ե՞րբ կարելի է դա սկսել:

– Այստեղ հարցը հետևյալն է. ի՞նչ է նշանակում՝ երեխային նախապատրաստել դպրոց հաճախելուն: Եթե դա տարրական օրվա ռեժիմին նախապատրաստելն է, ապա դա, անշուշտ, կարելի է սկսել 2-3 տարեկանից: Երեխան կարող է իմանալ, որ իր նախաճաշն ու ճաշը որոշակի ժամեր ունեն, բակում ֆուտբոլ խաղալիս պետք է հագնել սպորտային հագուստ, իսկ ա՛յ, թատրոն հաճախելիս՝ այլ հագուստ:

Սակայն, եթե դպրոցին նախապատրաստել ասելով՝ հասկանում ենք երեխային գրել, կարդալ, հաշվել և նման հմտություններ սովորեցնելը, ապա դա պետք է անել ավելի ուշ՝ սկսած 5 տարեկանից:

Չգիտես՝ ինչո՞ւ, բոլորին թվում է, թե երեխայի ճանաչողական պրոցեսները սկսվում են այն ժամանակից, երբ նա սկսում է գրել սովորել: Սակայն երեխայի ճանաչողությունը կարող է սկսվել, ասենք, բնության մեջ իրեն հետաքրքրող երևույթների պատասխանները ստանալուց:

Սա միակ օրինակը չէ։ Երեխաների ճանաչողական մակարդակի բարձրացմանը կարող են նպաստել ամենատարրական հարցուպատասխաններ, սկսած կենցաղային թեմաներից՝ մինչև տատիկի պատմած հեքիաթների հերոսների ճակատագրերը։ Այնինչ մեր պրակտիկայում հակառակն է կատարվում. ծնողները երեխաներին բազմաթիվ իրենց տարիքին անհամապատասխան «իմաստուն» բաներ են սովորեցնում՝ անհաղորդ թողնելով կենցաղային տարրական գրագիտությանը։ Կրկին գործում է այն օրենքը, որ յուրաքանչյուր զարգացում տեսողական-կերպարայինից անցում է կատարում դեպի վերացական-տրամաբանական մակարդակը։ Եվ եթե մենք 3 տարեկանում երեխային սովորեցնում ենք տառեր և թվեր գրել, ապա մենք շրջում ենք այդ օրենքը։ Իսկ հոգեբանության և զարգացման օրենքները պետք է նույնքան անշեղորեն կատարվեն, նրանք նույնքան ունիվերսալ են, որքան Նյուտոնի օրենքները։ Եվ այդ օրենքները խախտելը հղի է վտանգներով։

Ես չեմ խոսում այն երեխաների մասին, ովքեր ինքնուրույնաբար, առանց ստիպելու ու կողմնակի միջամտության` սովորում են կարդալ։ Սակայն դա անել հետևողականորեն՝ հետևելով կոնկրետ ունիվերսալ ծրագրերի, կարծում եմ, կոռեկտ չէ։

Հիմա արվեստի ուղղվածությամբ շատ խմբակներ կան, ուր իրենց երեխաներին նախընտրում են ուղարկել շատ ծնողներ։ Ի՞նչ կարծիք ունեք այդ խմբակների մասին։

– Ես դեմ չեմ։ Շատ լավ է, եթե ծնողները, ասենք, 3 տարեկանից երեխաներին տանեն թատերական խմբակ կամ կավագործության, հելունագործության, կամ նմանատիպ այլ զբաղմունքներ մտածեն իրենց երեխաների համար։ Բայց թող հանգիստ թողնեն այդ տառերն ու թվերը։ Ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու երեխան պետք է կոնկրետ ժամանակի համար զարգացնի կարդալու որոշակի արագություն։ Դա, ի՞նչ է, խոսում է նրա ինտելեկտի մասին։ Նաև գիտելիքներ չի ավելացնում։ Ո՞ւմ է ուրեմն պետք այդ անիմաստ լարվածությունը։

Գոյություն ունեն անհատական հոգեբանաֆիզիոլոգիական առանձնահատկություններ։ Եվ պետք չէ այդ մասին մոռանալ ու բոլոր երեխաներից պահանջել ցուցաբերել նույն հմտությունները։

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները, հոգեբանները, ուսուցիչները՝ պարզելու համար երեխայի՝ դպրոցում սովորելու պատրաստ լինելու մակարդակը։ Երեխային դպրոց ուղարկել պետք է 6, թե՞, այնուամենայնիվ, 7 տարեկանից։

– Ես կուղարկեի 7 տարեկանից, քանի որ բնությունն այդպես է պահանջում։ Հենց 7 տարեկանից են ձևավորվում լավ սովորելու համար երեխային անհրաժեշտ կամայական ուշադրությունն ու մյուս ուղեղային մեխանիզմները։ Այլ կերպ ասած՝ 7 տարեկանից է երեխան ի վիճակի դասի նստել 45 րոպե։

Ինձ համար՝ որպես էվոլյուցիայի օրենքներին գիտակի, ակնհայտ է, որ տարիքին անհամապատասխան զարգացումը նույնքան վտանգավոր է, որքան տարիքից հետ մնալը։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Բնությունը նոր բան դեռ չի հորինել։

Ի՞նչ նախանշաններից պետք է զգուշանան ծնողները երեխային դպրոց տալուց առաջ։

– Ես կցանկանայի, որ ծնողները գլուխները չթաքցնեին ավազի մեջ և երբեմն իրենց երեխային նայեին օտարի աչքով, կողքից։ Եվ երբ ծնողը ենթադրի, որ իր երեխան ամենահանճարեղը չէ, նա կարող է տեսնել բաներ, որ ուրիշ երեխայի դեպքում նկատելիս՝ գուցե բացականչեր. «Աստված իմ, ի՜նչ սարսափելի է»։

Ես ծնողներին չեմ վախեցնում։ Ընդհակառակը, ես ուզում եմ, որ նրանք նորմալ, հասուն, իրենց երեխային հետևող ծնողներ լինեն, ամեն ինչի վրա աչք չփակեն ու չբողոքեն, թե բոլորը վատն են, այդ թվում՝ ուսուցիչները։ Ես կոչ եմ անում սթափ լինել, և երբ երեխան մեկուսանում է շրջապատից կամ ագրեսիվ է, հասկանալ, թե ինչու է այդպես, ու փորձել հարցին լուծում տալ։

Ծնողները տարբեր աշխարհընկալումներ են ունենում, և, երբ նրանք, կասկածներ ունենալով՝ դիմում են իմ օգնությանը, ես նրանց հարցնում եմ. «Դուք ուզում եք, որ ձեր երեխան առո՞ղջ լինի թե՞ էքստեռն եղանակով ավարտի դպրոցը»։

Խելացի ծնողները հասկանում են, որ պետք չէ երեխային տարիքի հետ անհամատեղելի ծանրաբեռնվածություն տալ։

Եվ ևս մեկ անգամ հորդորում եմ։ Պետք չէ երեխային մանկությունից ասել, որ նա հանճարեղագույն երեխա է, միայն թե՝ շատ ծույլ։

Թողեք՝ երեխան զարգանա համաչափորեն։

Թարգմանությունը Գոհար Սավզյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս