«Խուրդված ապրանքը հետ չի ընդունվում» կամ՝ «սէվ քսանմէկ՛». Նոր երանգ մեր քաղաքում
Մի քանի ամիս է` քաղաքին ավելացել է մի նոր գույն` «Սէվ Քսանմէկ՛»-ը, սրա հետևորդներին էլ կոչում են բլեքերներ (blackers). նրանք տարբերվում են իրենց ոճով ու ճաշակով, նրանք երիտասարդներ են` թարմություն բերող «ջահելներ»։ Բլեքերները 4 ընկեր են, ովքեր որոշել են փոխել քաղաքի գույներն ու թելադրել նոր ոճ` փողոցային ու չկրկնվող։ Այդ 4 տղաները «Սէվ Քսանմէկի» (BLVCK XXI) հեղինակներն են, ընկերներն այսօր ներկայացնում են առաջին հայկական Streetwear Brand-ը։
Նրանք որոշել են ստեղծել մի ապրանքանիշ, որը կփոխի այսօրվա հայ երիտասարդին ու կթելադրի նոր ճաշակ` կստեղծի թարմ, փողոցային ու ճաշակով մշակույթ։ BLVCK XXI-ի հեղինակները վստահ են` իրենք դեռ շատ կարծրատիպեր են կոտրելու մեր քաղաքում։ Չորսից ամեն մեկն իր տեղն ու գործն ունի այս փոքրիկ բիզնեսում. Տիգրանը գաղափարի հեղինակն ու դիզայներն է, Հայկը` վաճառքի բաժնի տնօրենը, Հովհաննեսը` արտադրության բաժնի տնօրենը, իսկ Կարենը` նախագծի ֆոտո պատասխանատուն, վերջերս նաև 5-րդն է ավելացել` Հրաչը (Lon), նա նույնպես լուսանկարների հարցով է օգնում։ Այնուամենայնիվ, հիմնական «սև գործը» երեքինն է, լուսանկարիչները վերջում են օգնության հասնում։
Տղաներն իրենք իրենցով են այս ամենին հասել, հիմա էլ իրենք են իրենց գլխի տերը` ամեն ինչով իրենք են զբաղվում` պատվերն առաքողն էլ են իրենք, գովազդողն էլ, մոդելներն էլ, ու անգամ իրենց համար սուրճ պատրաստողն էլ։ Սա էլ հենց իրենց հաջողության գրավականներից մեկն են համարում`այսքան ժամանակ ավել գումար չի ծախսվել անգամ սիրունիկ մոդելների համար. տղաների մոտ շատ ուժեղ է գործում «խնամի-ծանոթ-բարեկամ` ԽԾԲ» տարբերակը, բոլորն իրենց օգնում ու համագործակցում են։
Սա հիմնականում Տիգրանի շնորհքն է. վերջինիս շրջապատը լավ մեծ է, երկրպագուներ էլ ունի. Տիգրանը ռեփեր է, շատերը լսած կլինեն նրա անունը` հայտնի M’ Tiko-ն է։ «Սև21-ցիները» սկզբից էլ գիտակցում էին, որ հենց M’ Tiko-ի ֆանատներն են լինելու առաջին գնորդներն ու իրենց արվեստը տարածողները։ Եթե ուրիշ մեկն այս գործով զբաղվեր, ըստ տղաների, հաստատ հաջողության չէր հասնի։ Տիգրանի շնորհիվ նաև շատ հայտնի դեմքեր են հագել իրենց արտադրանքն ու գովազդել. այստեղ էլ զուտ Տիգրանի ԽԾԲ-ն (խնամի-ծանոթ-բարեկամ կապերը) է գործում։
Բրենդի անվանումը նաև իր պատմությունն ունի. որոշ ժամանակ Տիգրանի գործերը լավ չէին ընթանում, ինչպես ինքն է ասում` «սևս էկել էր, կոպիտ ասած, փող չունեի»։ Իսկ ինչո՞ւ 21, որովհետև սև օրերը Տիգրանին այս տարի էին այցելել, հիմա նա 21 տարեկան է, ճիշտ է` մյուս տղաների տարիքի հետ չի համապատասխանում 21-ը, բայց դե չեն մոռանում` գաղափարը Տիգրանինն է եղել։ Պատմեցին նաև, թե ինչպես Տիգրանը մի պայծառ օր սրճարանում մանկության ընկերոջ` Հայկի հետ զրուցելիս կիսվեց իր նոր մտքերով, ու ընդամենը մի քանի օր հետո արդեն բլուզները պատրաստ էին։ «Բացի մեր չորսից, մնացած բոլորը զարմանում էին, թե մենք ո՞նց կարանք մայկա ծախենք, կամ հենց` «ALWAYS Grdon» անունով մայկա, բայց հիմա ասեմ, որ էդ էսօրվա դրությամբ` երկրորդ տեղն ա իրա վաճառքով, առաջինն էլ «DONALD DUCK FACE»-ն ա։ Մենք էլ չենք հասկանում` ո՞նց ենք սենց առաջ գնացել, չգիտենք` ո՞նց, բայց եղել ա»,- ասում է Հայկը։
Որպես բրենդի անվանում` տղաներն ընտրել են սևը, բայց այն ամենևին չի համապատասխանում իրենց գրասենյակի մթնոլորտի ու առհասարակ իրենց տրամադրության հետ։ Դեղին պատերի ներքո օրերը միշտ շատ ուրախ են անցնում, իսկ դուռը 5 րոպե անգամ հանգիստ չի մնում. գնացող-եկողներն այստեղ շատ-շատ են, «սև21-ցիներն» իրենք էլ չեն հասկանում այս սենյակի գաղտնիքը, բայց ընդունում են` դրական էներգիան իրենք են փոխանցում։ Օգնում է նաև երաժշտությունը` հիփ-հոփի ու ռեփի ձայները երբեք չեն դադարում այստեղ, չի դադարում նաև ծուխը, ու «հայկական-տղայական» միջավայրն արդեն պատրաստ է` սուրճ, ծխախոտ, ընկերներ, երաժշտություն ու պատերին փակցրած` աղջիկների լուսանկարներով պաստառներ…
Տղաներին իրենց գրասենյակում էի հանդիպել, անհնար է ժխտել` օրն այստեղ ձանձրալի չի անցնում, պատվերներն ու անդադար հեռախոսազանգերն անպակաս են իրենց առօրյայից։ Մինչ զրուցում էինք` դուռը մոտ 10 անգամ բացվեց, ու տղաների ուրախ հայացքներն իրար բախվեցին. րոպեներ անց պատվերներն ընդունված էին։ Իրենք էլ չեն հասկանում` հաջողությունն իրենց ինչպես է ժպտում։ Ի դեպ, հիմա «սև21-ցիները» չեն սահմանափակվում միայն իրենց «բլեքը» ներկայացնելով, նրանք արտադրում են նաև` «քո բլեքը», որտեղ դու ես ընտրում` ինչ գրառմամբ ու պատկերով հագուստ ես ուզում, սրա հետ մեկտեղ` այն քեզ է առաքվելու լրիվ ուրիշ փաթեթով` «Մենակ քոնն ա սենց» տարբերվող անունը կրող տոպրակով։
«Մենք սկզբից չէինք էլ պատկերացնում, որ կարանք սենց մի հատ թափ ստանանք, ու նույնիսկ օր ա եղել, որ ես ու Հովոն իրար հետ չենք ձգել։ Մեր առաջին սկզբունքներից մեկը` հենց պատվիրելու հաջորդ օրը հագուստը պատրաստ ունենալն ա, բայց պատկերացրեք` մենք սկզբից էդ թափը չունեինք։ Օր ա եղել, որ 10 պատվերից ավելի ենք ունեցել, ու մենք սկզբում չէինք պատկերացնում, որ սենց կլինի. մտածում էինք` օրը 1-2 հատ կլինի, ու վերջ»,- պատմում է Հայկը։
Գլուխ գովելու առիթները շատ են, ու նրանք էլ զրույցի ընթացքում պահն ամենևին բաց չէին թողնում` իրենք են առաջինը ստեղծել առցանց հագուստի խանութ, որտեղ վաճառում են փողոցային ու ազատ ոճի հագուստ` նոր ապրանքանիշով ու լրիվ նոր շնչով, հավատացնում են` չեն սահմանափակվելու այս ամենով` դեռ շատ անելիքներ ունեն։ Եթե տղաներին հանդիպած հաջողությունն իրենց չլքի, համոզված են` ամիսներ հետո փողերի մեջ լող են տալու։
«Սև21»-ցիների հարցում զարմանալու առիթներն իրոք շատ են` նրանք բոլորն էլ տարբեր մասնագիտություններ ունեն, տարբեր բուհերում են սովորում կամ արդեն ավարտել են, ու հիմա զբաղվում են մի գործով, որի մասին երբևէ գաղափար չեն ունեցել։ Այսօր արդեն հմուտ «վաճառողներ» են դարձել, հասկանում են կարից, կտորի որակից, դիզայնից ու գովազդից։ «Ես կյանքում դիզայնով չեմ զբաղվել, ես նկարել եմ էն, ինչ որ ես կուզենայի հագնել, առաջին դիզայնս հեռախոսովս եմ արել նույնիսկ, հետո գնացինք Dalma` մայկա ման գալու, ու տենց սկսվեց ամեն ինչը»,- պատմեց Տիգրանը։
Սկզբում այս ամենը հոբբի էր տղաների համար, բայց օր օրի այն վերածվեց հիմնական աշխատանքի` առավոտյան գնալ գործի, աշխատել մինչև երեկո ու կարևորը` հաճույք ստանալ արած գործից։ «Եթե մենք կարողանում ենք հայկական արտադրանքը ճիշտ մատուցել ու հագցնել հայկական, էդ մեզ իրոք դուր ա գալիս։ Կարճ ասած` մեր նպատակը` ստանալ Ամերիկա` հայկական ակցենտով` չենք հերքում, ու դրա համար էլ մեր կարգախոսը disiz evn-ն ա, ու սխալ գրած»,- ասում են տղաները։
Երբ տղաներին հարցրի` ինչո՞ւ է իրենց մոտ ամեն ինչ լատինատառ, պատասխանեցին, որ հայատառ նույնպես մի բլուզ էին պատրաստել, բայց դա ամենաքիչ վաճառվողը եղավ։ Հիմա նրանք անում են այն, ինչ վաճառվում է։ «Մեզ շատ են ասում, որ կիրթ, գրական գրենք բառերը, բայց էս փողոցային հագուստ ա, այսինքն` պիտի լինի մեր ժարգոնայինն ու խոսակցականը, մենք հագուստ չենք պատրաստում, որ մարդիկ հագնեն-գնան հարսանիք կամ ուրիշ առիթի, մենք պատրաստում ենք հագուստ, որ մարդ իրեն շատ հարմար զգա, էդ հագուստով դուրս գա փողոց` հավեսով իրա համար, ականջակալներով, փողոցում կայֆ քայլի։ Հա՛, մեր մոտ նույնիսկ զեղչ չի լինում, մենք դրան «խուրդա» ենք ասում, ու պլակատների վրա էլ գրած ա լինում` «խուրդա», ու ներքևում էլ` «Խուրդված ապրանքը հետ չի ընդունվում»,- ասում են Տիգրանն ու Հայկը։
Զրուցում էինք «Սևի 21 երանգներից» ու դեռ շարունակում յուրաքանչյուր 3 րոպեն զարմանալ. ուշադրություն` տղաներն իրականում այս ամենն իրենց սեռի ներկայացուցիչների համար էին նախատեսել, բայց արի ու տես` հիմա նրանց գնորդների 90%-ն աղջիկներ են, ավելին` «գլամուր» աղջիկներ։ Մինչև հիմա նրանց համար հանելուկ է մնացել, թե ինչպես կարող են «գլամուր» աղջիկները գնել հագուստ, որը նախատեսված է փողոցային ու ազատ ոճը նախընտրողների համար։ «Սկզբում մտածում էինք` տղաների համար անենք էս, ու դրա համար մաքսիմում ամեն ինչ արել ենք. օրինակ, ես նկարվել եմ տկլոր աղջկա հետ, որ մեր գնորդը լինի տղա, բայց գնորդն էղել ա աղջիկ, ո՞նց կարա տենց լինի»,- զարմանում է Տիգրանը։ Հայկն էլ Տիգրանի խոսքն է շարունակում. «Հիմա մեր նկարների մեջ էլ տենց աղջիկների նկարներն ավելի քիչ «լայքեր» են հավաքում մեր էջում, քան այն աղջկա, որ կանգնել ու ուղղակի, սովորական նկարվել ա։ Էն, որ ցանկություն առաջացնող նկարներն ավելի են վանում, քան սովորական նկարը, ու հիմա մենք արդեն հասկացել ենք` մեզ տենց կիսամերկ աղջիկների նկարներ էլ պետք չի»։
Տղաների մոտ այսօր ամեն ինչն է BLVCK XXI-ի շրջանակներում, տոպրակներից ու տարբեր աքսեսուարներից բացի, նույնիսկ իրենց բաժակներն են այս լոգոյով։ BLVCK XXI բաժակներից մեկը վերջում իմ ձեռքում էլ հայտնվեց, երբ զրույցից հետո տղաներն ինձ սուրճ առաջարկեցին խմել։ Դե, ես էլ մի քանի րոպեով ինձ բլեքեր զգացի։ Սուրճը սև էր, ձեռքիս բաժակը` նույնպես, պատերի բլուզներն ու պիտակները նույնպես սև էին, մի խոսքով` ամեն ինչ սև էր, բայց սա ամենևին նոր սև է, թարմ ու գունավոր սև. սա «Սէվ Քսանմէկ՛-ն» է։
Լուսանկարները՝ հեղինակի